Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը չի կարողանա առանց Հայաստանի համաձայնության վաճառել TRIPP-ի իր բաժնեմասերը․ Միրզոյան

ԱՄՆ-ը չի կարողանա առանց Հայաստանի համաձայնության վաճառել TRIPP-ի իր բաժնեմասերը․ Միրզոյան

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման ընկերությունում ամերիկյան կողմը չի կարողանա առանց Հայաստանի համաձայնության վաճառել, նվիրել կամ այլ կերպ փոխանցել իր բաժնեմասերը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

«Այնպիսի իրավիճակ չի կարող լինել, որ Միացյալ Նահանգները՝ ի դեմս TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ-ի, որոշի իր ունեցած 74 տոկոս բաժնեմասից, ասենք, 1 տոկոսը նվիրել որևէ անհատի կամ որևէ երկրի առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության»,- հայտարարել է Միրզոյանը։

Ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը նախատեսված է ամերիկյան կողմի, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանի համար։

Նախարարի ներկայացմամբ՝ Հայաստանի համաձայնությունը պարտադիր է լինելու ընկերության նկատմամբ վերահսկողության փոփոխության, բաժնեմասերի վաճառքի, փոխանցման կամ նվիրատվության, որոշակի խոշոր ֆինանսական և պայմանագրային գործարքների կնքման, կոնցեսիոն պայմանների հաստատման, ինչպես նաև դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպությունների ստեղծման հարցերում։

Փոխադարձ համաձայնություն պահանջող հարցերի շրջանակում են լինելու նաև ազգային անվտանգությանն առնչվող և քաղաքական նշանակության այլ որոշումներ։

Միրզոյանն ընդգծել է, որ նշված հարցերի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը պարտադիր է լինելու՝ անկախ ընկերությունում հայկական կողմի բաժնեմասերի չափից։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված են որոշումների ընդունման հատուկ մեխանիզմներ՝ փոխադարձ համաձայնություն պահանջող հարցերի համար։ Դրանց մանրամասները պետք է ամրագրվեն ընկերության կանոնադրությամբ և բաժնետիրական համաձայնագրով։

Միրզոյանը նաև հայտնել է, որ ամերիկյան կողմը ներկայացնող «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ն այլ բաժնետեր չի ունենալու։

Ըստ շրջանակային համաձայնագրի՝ այն նախատեսվում է հիմնադրել ԱՄՆ Դելավեր նահանգում՝ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն։ Հենց այդ ամերիկյան ընկերությունը Հայաստանի հետ պետք է հիմնադրի TRIPP զարգացման համատեղ ընկերությունը։

Առանձին ենթակառուցվածքների համար կստեղծվեն առանձին ընկերություններ

Միրզոյանը ներկայացրել է նաև TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքների կառավարման մեխանիզմը։

Նրա խոսքով՝ զարգացման ընկերությունը կարող է կառուցել և կառավարել տարբեր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղիներ, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդման ցանցեր, նավթամուղներ և գազամուղներ։

Նախատեսվում է, որ ենթակառուցվածքային յուրաքանչյուր առանձին նախագծի իրականացման համար կստեղծվի դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպություն։

Հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի համաձայն՝ այդ կազմակերպությունների մակարդակում ևս որոշակի կարևոր հարցեր ենթակա են լինելու կողմերի փոխադարձ համաձայնությանը։ Համապատասխան մեխանիզմների մանրամասները կսահմանվեն զարգացման ընկերության կանոնադրությամբ և բաժնետիրական համաձայնագրով։

Հողամասերի հետ կապված ֆինանսական ծախսերը կրելու է Հայաստանը

Նախարարն անդրադարձել է նաև նախագծի իրականացման համար անհրաժեշտ հողատարածքներին։

Նրա խոսքով՝ Հայաստանը, իր օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ապահովի նախագծի իրականացման համար նախատեսված հողամասերի համապատասխան սեփականության կարգավիճակը և դրանց ազատ լինելը ծանրաբեռնվածություններից ու երրորդ անձանց իրավունքներից։

Այդ գործընթացների հետ կապված ֆինանսական ծախսերը նույնպես կրելու է Հայաստանը։

Որպես օրինակ՝ Միրզոյանը նշել է, որ եթե նախագծի համար ընտրված տարածքում մասնավոր սեփականության հողամաս լինի, Հայաստանը կարող է այն գնել սեփականատիրոջից, ապա հողօգտագործման իրավունքը տրամադրել TRIPP զարգացման ընկերությանը։

Այս պարտավորությունները նախատեսված են նաև հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի 6-րդ հոդվածով։ Դրա համաձայն՝ Հայաստանը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որպեսզի նախագծի իրականացման տարածքների երկայնքով գտնվող հողերը լինեն կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականությունը և զերծ լինեն ծանրաբեռնվածություններից կամ երրորդ անձանց իրավունքներից։

Նույն հոդվածով սահմանվում է, որ զարգացման ընկերության հիմնադրումից և նախագծի իրականացման յուրաքանչյուր գոտու որոշումից հետո Հայաստանը ընկերությանը կտրամադրի հողօգտագործման բացառիկ և կառուցապատման իրավունքներ՝ նախնական 49 տարի ժամկետով։

Փաստաթղթով նախատեսված է նաև այդ իրավունքները հատուկ նշանակության կազմակերպություններին փոխանցելու հնարավորություն։

TRIPP-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն ընթանում է

Անդրադառնալով նախագծի գործնական իրականացմանը՝ Միրզոյանը հայտնել է, որ արդեն տևական ժամանակ ընթանում է դրա տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրությունը։

Նախարարի խոսքով՝ հայկական կողմը դիտարկում է որոշ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը նույնիսկ մինչև զարգացման ընկերության հիմնադրումն ու կանոնադրության հաստատումը՝ նախագծի գործարկումն արագացնելու նպատակով։

Նման աշխատանքներից մեկը կարող է լինել նախագծի իրականացման համար նախատեսված տարածքների մաքրումը կամ նախապատրաստումը։

«Հիմա որևէ գործողություն այդտեղ կանենք, հետո դա կլինի մեր ներդրումը և որպես ներդրում կփոխանցվի արդեն TRIPP զարգացման ընկերությանը»,- ասել է Միրզոյանը։

Նրա ներկայացմամբ՝ տրամաբանությունն այն է, որ հայկական կողմի նախապես իրականացրած աշխատանքները հետագայում հաշվարկվեն որպես Հայաստանի ներդրում զարգացման ընկերությունում։

TRIPP նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային և այլ հաղորդակցությունների զարգացում՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի ապահովման նպատակով։

Նախագծի վերաբերյալ սկզբունքները ամրագրվել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։

2026-ի հունվարի 13-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն հրապարակել են նախագծի իրականացման շրջանակը սահմանող փաստաթուղթը։

Մայիսի 26-ին Երևանում նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Այն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել է հունիսի 1-ին Վաշինգտոնում, իսկ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հունիսի 4-ին Երևանում։

Համաձայնագիրը նախատեսում է, որ նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ հնարավոր կլինի հողօգտագործման և կառուցապատման իրավունքները երկարաձգել ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը զարգացման ընկերությունում պետք է ավելանա մինչև 49 տոկոս՝ առանց այդ ավելացման դիմաց լրացուցիչ հատուցման։

Հուլիսի 16-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագրի վավերացման նախագծին։ Սեպտեմբերի 16-ին հրապարակվել էր Սահմանադրական դատարանի որոշումը, որով փաստաթղթում ամրագրված պարտավորությունները ճանաչվել էին ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։

Հոկտեմբերի 21-ին համաձայնագրի վավերացման նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քննարկմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում