Գլխավոր Լրահոս

ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա երեք ամսում փորձել լուծումներ գտնել երկաթուղու հարցով․ Միրզոյան

ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա երեք ամսում փորձել լուծումներ գտնել երկաթուղու հարցով․ Միրզոյան

Ռուսաստանի հետ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածություն կա երեք ամսվա ընթացքում փորձել լուծումներ գտնել Հայաստանի երկաթուղային համակարգի հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու մասին» նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ արդեն հանդիպում և քննարկումներ են անցկացվել։

Նախարարը, անդրադառնալով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտությանը, նշել է, որ դրանց ներկայիս վիճակը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և միջազգային բեռնափոխադրումների գործընթացում Հայաստանի մասնակցության համար։

«Ես ևս կարծում եմ, որ մեր երկաթուղիները մոդեռնիզացման կարիք ունեն առնվազն»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ խոշոր շուկաների միջև բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարողները հաշվի են առնում յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն և կիլոմետրը, ինչը կարող է ազդել տրանսպորտային երթուղիների ընտրության վրա։

Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի որակյալ երկաթուղային սպասարկման իրավունք ունեն։

Անդրադառնալով «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նախարարը շեշտել է, որ քննարկվող երկաթուղային կապերը պետք է դիտարկել նաև փոխադարձության և Հայաստանի ներպետական հաղորդակցության ապահովման տեսանկյունից։

Նրա ներկայացմամբ՝ եթե արևելքից արևմուտք երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանից Հայաստանի տարածքով հասնի Նախիջևան, ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է դիտարկել նաև այդ երկաթուղու՝ Նախիջևանից Հայաստան վերադառնալու հնարավորությունը։

«Այս մյուս կողմում՝ Արևմուտքում, գործընկերներ կան, որոնք ուզում են այդ շարժն իրականացնել, բայց հաշվի են առնում, որ իրենք էլ ունեն քաղաքական սահմանափակումներ, կա պատժամիջոցային քաղաքականություն և այլն։ Նրանք նաև հաշվի են առնում, որ երկաթուղու մնացած հատվածի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը»,- ասել է նախարարը։

Նախարարը կարևորել է այդ հարցերի լուծումը՝ նշելով, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալու միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների առանցքային հանգույցներից մեկը։

Ինչ է հայտնի հայ-ռուսական աշխատանքային խմբի մասին

Հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակության հետ։

Կառավարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել էին Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետությունն ու առկա խնդիրները։

Հոկտեմբերի 15-ին աշխատանքային խումբ է ստեղծվել՝ խնդիրները քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու համար։

Հոկտեմբերի 15-ին Փաշինյանը հայտարարել էր, որ աշխատանքային խումբը պետք է նաև պատասխանի՝ արդյոք ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ ներդրումներ իրականացնել Հայաստանի երկաթուղային համակարգում։

Վարչապետը նշել էր, որ կառավարության նպատակը Ռուսաստանից կոնցեսիոն կառավարումն անպայմանորեն հետ վերցնելը չէ, այլ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման և մրցունակության ապահովման հարցը լուծելը։

***

2025-ի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ռուսական կողմին՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման ընկած երկաթուղային հատվածների հնարավորինս շուտափույթ վերականգնման խնդրանքով։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ վերականգնման հետ կապված դժվարությունների դեպքում Հայաստանը պատրաստ է ռուսական կոնցեսիայից հետ վերցնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթգծի հատվածները։

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին։

Նա նշել էր, որ համապատասխան որոշումները Ռուսաստանի նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին, և այժմ մոսկովյան կողմը սպասում է հայկական կողմի արձագանքին՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը։

2026-ի հուլիսին վարչապետը չէր բացառել նաև միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել ըստ նպատակահարմարության։

Անդրադառնալով այդ հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է լիարժեքորեն կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալելու իրականացված ներդրումների վերադարձ։ Ըստ Բելոզյորովի՝ 2008-ից 2025-ին ընկերության միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից կատարված ներդրումները կազմել են շուրջ 396 մլն դոլար, որոնցից շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում