Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումները առևտրային «բարիեր» ճանաչելու համար։ Երևանը համաձայն չէ ռուսական կողմի դիրքորոշմանը և հարցը դիտարկում է որպես տնտեսական վեճ։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք կարծում ենք, որ սա մաքուր տնտեսական վեճ է երկու երկրների միջև։ Մենք այդպես ենք մեզ դիրքավորել, և մենք համաձայն չենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների կարծիքի հետ, այդ պատճառով դիմել ենք կոլեգիա, որպեսզի դա ճանաչվի բարիեր»,- ասել է Պապոյանը։
Նախարարը որպես օրինակ նշել է հայկական դեղձի նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումները՝ կասկածի տակ դնելով դրանց հիմնավորվածությունը։ Նրա խոսքով՝ սահմանափակումը սահմանվել է մայիսին, մինչդեռ դեղձի հասունացման շրջանն ավելի ուշ է։
«Այն սահմանափակումները, որոնք դրված են, ենթադրենք, հայկական դեղձի նկատմամբ, մենք համարում ենք, որ դա սխալ է, որովհետև, օրինակ, նույն դեղձի նկատմամբ սահմանափակումը դրվել է մայիս ամսին, երբ դեղձը հասնում է, օրինակ, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին»,- ասել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ հայկական կողմն այս հանգամանքը ներառել է նաև սահմանափակումները վիճարկելու իր հիմնավորումներում։ Նախարարը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող էր ռուսական կողմը նախապես արձանագրել խնդիր կորիզավոր պտուղների, այդ թվում՝ դեղձի նկատմամբ։
Նա նշել է, որ նման տնտեսական վեճեր հնարավոր են նաև տնտեսական միությունների ներսում, քանի որ անդամ պետությունները ձգտում են առավելագույնս պաշտպանել իրենց տնտեսական շահերն ու շուկաները։
«Մենք սա համարում ենք տնտեսական վեճ և համարում ենք, որ այսպիսի վեճ կարող է ցանկացած տնտեսական միության մեջ, ցանկացած երկու երկրի մեջ լինել, որովհետև երկրները միշտ էլ փորձում են իրենց շահերն առավելագույն պաշտպանել կամ իրենց շուկաները նույնիսկ տնտեսական միությունների մեջ պաշտպանել»,- հայտարարել է Պապոյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանը որոշել է խնդիրը լուծել ԵԱՏՄ իրավական ընթացակարգերով։ Հայկական կողմը տարբեր սահմանափակումների առնչությամբ դիմումներ է ներկայացրել հունիսին, հուլիսին և օգոստոսին։ Ըստ նրա՝ որպես կանոն, սահմանափակումների կիրառմանը Հայաստանը փորձել է արձագանքել մեկ ամսվա ընթացքում։
Պապոյանը պարզաբանել է, որ ԵԱՏՄ-ում սահմանափակումները «բարիեր» ճանաչելու գործընթացը բարդ է՝ որոշումների ընդունման ընթացակարգերի պատճառով։
«Իհարկե, ԵԱՏՄ ընթացակարգերը շատ բարդ են բարիեր ճանաչելու առումով, որովհետև, ըստ էության, երկիրը ինքը պիտի նաև կողմ քվեարկի իր որոշմանը, բայց մենք փաստացի գնում ենք այս ճանապարհով»,- ասել է նախարարը։
Նրա ներկայացմամբ՝ հարցերից մեկի քննարկման ընթացքում քվեարկությունը եղել է ութ կողմ և երկու դեմ։ Չորս երկրների ներկայացուցիչները կողմ են արտահայտվել, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչները՝ դեմ։
Պապոյանը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ունի երկու ներկայացուցիչ։ Նրա խոսքով՝ տվյալ հարցը տեղափոխվում է քննարկման ավելի բարձր մակարդակ, որտեղ նույնպես առկա է որոշումն արգելափակելու հնարավորություն։
Նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ ապրանքատեսակի սահմանափակմանն է վերաբերել այդ քվեարկությունը։
Պապոյանի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ ընթացակարգով սահմանափակումը «բարիեր» ճանաչելու դեպքում այն կիրառած պետությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել խոչընդոտը վերացնելու համար։
Նախարարը հայտնել է նաև, որ նոյեմբերի 3-ին նախատեսված է հերթական նիստը։ Նրա խոսքով՝ այդ քննարկման արդյունքներով պարզ կլինի՝ գործընթացում հնարավոր կլինի՞ շոշափելի արդյունք արձանագրել։
Ռուսաստանը մայիսից սահմանափակում է հայկական մի շարք ապրանքների ներմուծումը
Հիշեցնենք՝ 2026 թվականի մայիսից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառել Հայաստանից գյուղատնտեսական և այլ ապրանքների մատակարարումների նկատմամբ։
Մայիսի 28-ին Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտարարել էր, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։
Ռուսական կողմը որոշումը հիմնավորել էր բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական արտադրողների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Հունիսին սահմանափակումներն ընդլայնվել էին։ Մասնավորապես, հունիսի 3-ից ժամանակավորապես արգելվել էր Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև դրանց տարանցումը ԵԱՏՄ անդամ այլ երկրներ։
Հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից բուսական ծագման ապրանքների ավելի լայն շրջանակի նկատմամբ։ Առանձին որոշումներով սահմանափակվել էին նաև հայկական ձկնամթերքի մատակարարումները։
Ռուսական գերատեսչությունը սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական պահանջների խախտումներով։ Հայկական կողմն այդ սահմանափակումներից մի քանիսը վիճարկում է ԵԱՏՄ շրջանակում։
Հայաստանն ավելի վաղ բողոք էր ներկայացրել ԵԱՏՄ-ին
Սեպտեմբերի 8-ին էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը հայտնել էր, որ Հայաստանը բողոք է ներկայացրել ԵԱՏՄ շրջանակում առաջացած առևտրային խոչընդոտների առնչությամբ։
Նա նշել էր, որ հայկական կողմը փորձում է օգտագործել միության իրավական մեխանիզմները՝ սահմանափակումները վերացնելու նպատակով։
Հոկտեմբերի 2-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել էր ԵԱՏՄ-ում հայկական ապրանքների արտահանման և տարանցման խոչընդոտներին՝ հայտարարելով, որ դրանց վերացման ուղղությամբ էական առաջընթաց չի արձանագրվել։












