Հայկ Ղազարյան
2020-ի հոկտեմբերի 7-ի ձախողված բանակային հակահարվածի («Լելե Թեփեի օպերացիա») քրեական գործով հոկտեմբերի 20-ի դատական նիստին Երևան քաղաքի քրեական դատարանում հարցաքննվեց Ստեփանակերտի «Ցոր» զորամասի տանկային գումարտակի մեխանիկ-վարորդ, պատերազմի մեկնարկի պահին ութ ամսվա ծառայող Հակոբ Սարոյանը։
Դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ ընթացող գործով մեղադրյալի աթոռին են «Ցոր» զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը, տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը և մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու մեջ։
«Էս մարդը վկա չէ». պաշտպանական կողմի սուր առարկությունը
Հարցաքննության ընթացքում վեճ ծավալվեց մեղադրող դատախազ Գևորգ Ավետիսյանի հարցադրումների շուրջ, երբ վերջինս փորձում էր շարքային մեխանիկ-վարորդից պարզել տակտիկական հերթականության, մարտակարգի և տեղանքում կողմնորոշման մանրամասները։

Գեղամ Աբրահամյանի փաստաբան Մհեր Հակոբյանը սուր հակադարձմամբ ընդգծեց, որ ութ ամսվա ծառայող զինվորին նման հարցեր տալն անհիմն է, քանի որ քննվող մեղադրանքը վերաբերում է հրամանատարական օղակի որոշումներին։
«Ինչո՞ւ եք այս մարդուն կանչել: Դուք այս գործով վկա չեք։ Դուք դրա մասին տեղեկություն ունե՞ք. չէ։ Այս մարդը վկա չէ, այս մարդուն ասել են՝ տանկ քշիր, քշել է»,- հայտարարեց փաստաբանը։
Մհեր Հակոբյանը մանրամասնեց, որ Գառնիկ Մնացականյանի առաջադրված մեղադրանքները վերաբերում է տանկի կողաշրջվելուց հետո մարտական առաջադրանքը չշարունակելուն և կառավարմանը, մինչդեռ շարքային զինվորը կատարել է միայն իրեն տրված նեղ հրամանը և չի տիրապետում հրամանատարական որոշումներին։

Տանկում հրամանատարի փոփոխությունը. ուղեկցող սպան` Ֆիզուլիի զորամասից
«Ցորի» տանկի մեխանիկ-վարորդ Աշոտ Սարոյանը հայտնեց, որ «9-րդ կիլոմետր» տեղանքում իրենց տանկի հաստիքային հրամանատար Մովսես Դավթյանը տեղափոխվել է այլ զրահատեխնիկա, իսկ իրենց տանկ է նստել Ֆիզուլիի զորամասից ժամանած ուղեկցող սպան (ըստ քրեական գործի նյութերի՝ Ավանյանը)։
«Դե ինքը նստավ, ես իր ձայնից ջոկեցի, որ ձայնը ուրիշ, այստեղից եմ իմացել, որ մարդ է փոխվել»,- ասաց Աշոտ ՍարոյանըԱյս հանգամանքին դատարանում արձագանքեց տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը՝ նշելով, որ ինքն էլ տեղյակ չի եղել իր ենթակայության տակվ գտնվող տանկի հրամանատարի փոփոխության մասին, ինչից հետո դահլիճից հայտարարությամբ հանդես եկավ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը։ Վերջինս պնդեց, որ «Ցոր» զորամասի ուղեկցող Մանուկ Մելքոնյանը, որը Ֆիզուլիի տանկային գումարտակից էր, «9-րդ կիլոմետրում» հրաժարվել է առաջ շարժվելուց և ինքնագլուխ, առանց վերադասին տեղյակ պահելու, տանկի մեջ է տեղավորել այլ զորամասի սպայի, ինչից հետո կեղծ տեղեկություններ է փոխանցել բանակի հրամանատարությանը։
«Զորամասի ուղեկցորդ Մանուկ Մելքոնյանը «9-րդ կիլոմետրում» հրաժարվել է տանկ նստելուց․ նա քննչականում էլ է դա ասում, ձայնագրությունը կա։ Առանց զորամասի կամ գումարտակի հրամանատարներին տեղյակ պահելու՝ ինքնագլուխ որոշում է կայացրել, իր զորամասից այլ դասակի հրամանատարի է նստեցրել տանկը, իսկ ինքը մնացել է «9-րդ կիլոմետրում» ու բանակի հրամանատարությանը սուտ ինֆորմացիա տվել»,- հայտարարեց մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը։
Լելե Թեփեն տեսե՞լ եք
Դատախազը հարց ուղղեց վկային՝ «Լելե Թեփեն տեսե՞լ եք»։
Վկային ուղղված այս հարցին «Ցորի» հրամանատար Արթուր Օհանյանը առարկեց և ընդգծեց, որ անձնակազմը երբեք չէր եղել այդ տարածքում։
«Մարդ, որ տեղանքում երբեք չի եղել, չի կարող կողմնորոշվել տեղանքի առարկաներով: Չէ որ ձեզ տանենք Փարիզի ինչ-որ մի արվարձան, ասենք՝ էսինչ տեղը ցույց տուր, իմանալո՞ւ եք»,- դատախազին դիմեց Արթուր Օհանյանը։
Օհանյանը նաև պարզաբանեց, որ «Ցոր» զորամասը պատասխանատու էր Մարտունու 3-րդ և Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանների համար, սակայն իրենց հապճեպ տեղափոխել էին լրիվ անծանոթ տեղանք։
Երթի հրամանը, տեխնիկայի խափանումներն ու տանկերի քանակը
Վկա Հակոբ Սարոյանը պատմեց, որ 2020-ի հոկտեմբերի 6-ի երեկոյան իրենց նստեցման շրջանում (Աղդամ) ստացել են առաջադրանք՝ առաջ շարժվել դեպի Լելե Թեփե. «Պիտի հասնեինք Լելե-Թեփե, այն գրավեինք»։
Նրա խոսքով՝ երթի ընթացքում տանկերը պարբերաբար խափանվել են։ Չնայած խափանումներին՝ իրենք այն քչերից են, որ «9-րդ կիլոմետր» հավաքակետից առաջացել են ևս 5-6 կիլոմետր։
Վկան հիշեց, որ Հադրութի լցակայանում տեսել է 7-8 տանկ, այդ թվում՝ Արամայիս Գրիգորյանի «876» տանկը։ Երբ դատախազը մատնանշեց, որ քրեական գործով «9-րդ կիլոմետր»-ում եղել է ընդամենը 3 տանկ, վկան պարզաբանեց, որ ինքը տանկի ներսում մեխանիկ-վարորդ է եղել և չէր կարող տեսնել, թե քանի տանկ է եկել հետևից։
Վկա Սարոյանը պատմեց, որ տեսել է առաջին վաշտի հրամանատար Արամայիս Գրիգորյանի տանկի խոցվելը, իսկ իրենց տանկի վերջնական խափանումից հետո երեկոյան ոտքով հետ է գնացել դեպի հետևակի մարտական մեքենաները (ՀՄՄ)։
Կանոնադրական պահանջներն ու տեխնիկայի շահագործումը
Արթուր Օհանյանը դատարանում ներկայացրեց զրահատեխնիկայի շահագործման կանոնադրական պահանջները՝ շեշտելով, որ երկարատև երթի ժամանակ տանկերը 3-4 ժամը մեկ պետք է կանգնեն, որպեսզի շարժիչի յուղն ու ջուրը հովանան։

«Եթե ավելի շատ ժամանակ ունենայինք, ավելի շատ տեխնիկա կհասներ»,- ընդգծեց նա։
Տարբեր վկայություններով հոկտեմբերի 7-ի օպերացիային պետք է մասնակցեր 20 տանկ, Իվանյանի տանկային բրիգադի հետ միասին ընդհանուր առմամբ՝ 35 տանկ:
Տե՛ս՝ Անորակ յուղը, որը փչացրել էր տեխնիկան. Լելե Թեփեի գործով նիստից
«Հետք»-ին տված հարցազրույցում տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը պարզաբանել է, որ «Ցոր» զորամասից իրենց հոկտեմբերի 7-ի օպերացիային պետք է մասնակցեր 20 տանկ, Իվանյանի տանկային բրիգադի հետ միասին ընդհանուր՝ 35 տանկ: Մնացականյանի խոսքով՝ Տող գյուղի լցակայանում խառնաշփոթի, խանգարող տեխնիկաների և ժամանակի սղության պատճառով ինքը հասցրել է լիցքավորել ու իր հետ առաջ տանել ընդամենը 9 տանկ:
Իսկ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը խոսքով՝ իր գումարտակից օպերացիային պետք է մասնակցեր 22 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա), սակայն երթի ընթացքում ծագած տեխնիկական խափանումների պատճառով ճանապարհին էր մնացել 5-ը։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։












