Գլխավոր Լրահոս

«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+ տոկոս ձայն»․ Փաշինյան

«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+ տոկոս ձայն»․ Փաշինյան

«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+, 70+ ձայներ»,- այս մասին իր սոցիալական էջերում հրապարակած տեսանյութում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին։

Վարչապետի խոսքով՝ թեև իշխող ուժի բարձր արդյունքներն առաջին հայացքից հաճելի են թվում, դրանք նաև մտահոգություններ են առաջացնում քաղաքական մրցակցության և ընդդիմության վիճակի վերաբերյալ։

«Որովհետև ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսներն իրենք որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բայց դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները համարում է իշխող ուժի «ջախջախիչ հաղթանակ», միաժամանակ պնդելով, որ դրանք ցույց են տալիս իր բնորոշմամբ «լրտեսական ընդդիմության» թուլացումը։

Նա ընդդիմադիր որոշ ուժերի մեղադրել է դրսից կառավարվելու և Հայաստանի շահերին հակառակ գործելու մեջ՝ դրանք անվանելով «լրտեսական ուժեր»։ Սակայն, ըստ Փաշինյանի, Հայաստանը միաժամանակ ունի իրական, պետականակենտրոն ընդդիմության անհրաժեշտություն։

«Մի կողմից մենք պետք է իսկապես արմատախիլ անենք Հայաստանից լրտեսական ընդդիմությունը, ով կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոստացել էի և դա իմ հանձնառությունն էր, որ ռոբասերժակալուգակտրիճական ուժերը, կամ մի բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ գառագլուխ կուսակցությունը, պետք է ոչնչացվի և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել»,– հայտարարել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը չպետք է մասնակցի նոր ընդդիմության ստեղծմանը, քանի որ այդ դեպքում կվերականգնվի նախկինում գոյություն ունեցած, իր բնորոշմամբ, «հաճախորդ» և «կառավարելի» ընդդիմության պրակտիկան։

«Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն»,- ասել է նա։

Վարչապետի համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ ակտիվանան իշխանությունից անկախ, պետականակենտրոն քաղաքական ուժերը։ Նա հայտարարել է, որ կառավարությունը չի աջակցի նրանց ձևավորմանը, բայց նաև չի խոչընդոտի նրանց գործունեությանը։

Փաշինյանը առանձնացրել է երեք խնդիր, որոնք, իր գնահատմամբ, առաջացել են ՏԻՄ ընտրություններից հետո։

Առաջինը՝ ինչպես անել, որ ընտրությունների բարձր տոկոսային արդյունքները «ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն»։ Երկրորդը՝ ինչպես ապահովել արդյունավետ հանրային վերահսկողություն այն համայնքներում, որտեղ ընտրություններից հետո ուժեղ ընդդիմություն չի ձևավորվել։ Երրորդը՝ ինչպես նպաստել անկախ, պետականակենտրոն ընդդիմության ձևավորմանը։

Վարչապետը հույս է հայտնել, որ այն համայնքներում, որտեղ ուժեղ ընդդիմություն չկա, իշխանության նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու հանրային խմբերը։

Միաժամանակ նա հայտնել է, որ իր քաղաքական թիմին հանձնարարել է արձագանքել բոլոր ահազանգերին։ Ըստ Փաշինյանի՝ եթե իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչած մեղադրանքները կեղծ են, նրանք պետք է դիմեն դատարան՝ ներկայացնելով նաև խոշոր դրամական պահանջներ։ Իսկ եթե մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, դրանց պետք է հետևեն քաղաքական հետևություններ։

Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ են հանրային քննարկումներ՝ պարզելու, թե ինչպես զարգացնել քաղաքական համակարգն այնպես, որ Հայաստանում ձևավորվի իրական ընդդիմություն, որը կկարողանա կառուցողական վերահսկողություն իրականացնել իշխանության նկատմամբ։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, որոնցից 19-ում՝ համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։

Նախնական արդյունքներով՝ իշխող ՔՊ-ն հաղթել է 16 համայնքում, ևս երկուսում՝ «Համերաշխություն» դաշինքը։ Ստեփանավանում առավելագույն ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը։

Հինգ համայնքում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, ՔՊ-ն ընտրություններին մասնակցել է առանց մրցակից քաղաքական ուժերի։

Ընտրություններին նախորդել են նաև ընդդիմադիր թեկնածուների և աջակիցների ձերբակալություններ։ Մասնավորապես, Ստեփանավանում ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթով ձերբակալվել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա հետագայում կալանավորվել է։ Կուսակցությունը իրավապահների գործողությունները որակել է քաղաքական հետապնդում։ Մեղադրյալների մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում