Գլխավոր Լրահոս

Դատախազությունը ներկայացրել է «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով վերջին մեկ տարվա գործողությունները

Դատախազությունը ներկայացրել է «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով վերջին մեկ տարվա գործողությունները

1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 27-րդ տարելիցի կապակցությամբ Գլխավոր դատախազությունը ներկայացրել է գործով վերսկսված նախաքննության շրջանակում վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունները։ Դրանց ընթացքում առգրավվել և ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր, կատարվել են հարցաքննություններ, իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ 2025-ի հոկտեմբերի 27-ից մինչև 2026-ի հոկտեմբերի 27-ը կատարվել են շուրջ մեկ տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ, ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ, զննվել են փաստաթղթեր։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով օպերատիվ մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու երեք հանձնարարություն։

Բացի այդ, հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Դատախազության փոխանցմամբ՝ իրականացվում են նաև գաղտնի քննչական գործողություններ։

Հսկող դատախազը նախորդ ժամանակահատվածում ընդունել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների։ Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով։

Դատախազությունը չի մանրամասնել, թե ինչ փաստաթղթեր են առգրավվել և ինչ արդյունքներ են տվել կատարված գործողությունները։

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժել էր Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Սպանվել էին ութ պետական գործիչներ՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Եվս ութ մարդ վիրավորվել էր։

2003-ի դեկտեմբերի 2-ին դատարանը Նաիրի Հունանյանին և զինված խմբի ևս հինգ անդամների դատապարտել էր ցմահ ազատազրկման, խմբի մեկ այլ անդամի՝ 14 տարվա ազատազրկման։

Հիմնական քրեական գործից 2004-ի հուլիսի 11-ին անջատվել էր առանձին վարույթ, որը նույն թվականի նոյեմբերի 11-ին կարճվել էր։ Այն վերաբերում էր հանցագործությանը հնարավոր այլ անձանց մասնակցության, ինչպես նաև այլ հանգամանքների պարզմանը։

2019-ի դեկտեմբերի 27-ին այդ վարույթը վերսկսվել էր՝ ահաբեկչության զոհ, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի բողոքի հիման վրա։ Նրանք պահանջել էին վերացնել 2004-ին վարույթը կարճելու որոշումը։

Դատախազության՝ 2024-ին հրապարակած տվյալներով՝ 2019-2024-ին վերսկսված վարույթի շրջանակում հարցաքննվել էին 24 վկա և չորս դատապարտյալ, կատարվել էր մեկ առերեսում, ուսումնասիրվել էին փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ։

Գլխավոր դատախազության հոկտեմբերի 27-ի հաղորդագրության համաձայն՝ նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում