Գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության հիմնադիր ու ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության մեղադրանքով։ Ղազարյանը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով շորթման մեջ։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը չի մանրամասնել, թե ինչ գործողությունների համար են մեղադրվում գործարարները, ում է ենթադրաբար պատճառվել գույքային վնաս կամ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ենթադրյալ շորթումը։ Հայտնի չէ նաև՝ ինչ առնչություն ունեն Նալբանդյանն ու Ղազարյանը քննվող ենթադրյալ հանցագործությունների հետ, և արդյոք նրանց նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել։
Նալբանդյանի և Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է այն պայմաններում, երբ երկու գործարարների գործունեությունը նախկինում ևս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Փաշինյանի հայտարարությունները Նալբանդյանի մասին
Սեպտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Նարեկ Նալբանդյանի՝ իր ընտանիքի հետ ենթադրյալ կապերի մասին հրապարակումներին, հայտարարել էր, որ չունի նախընտրելի գործարար կամ «սրտի օլիգարխ»։
«Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»,- ասել էր վարչապետը։
Փաշինյանը նաև հայտնել էր, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է համապատասխան վարույթներ նախաձեռնել։ Նա զգուշացրել էր, որ եթե հիմնավորվի, թե Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ կապ ունի վարչապետի ընտանիքի հետ, ապա գործարարը «կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»։
Նալբանդյանը նույն օրը հերքել էր վարչապետի ընտանիքի հետ կապերի մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունի ո՛չ գործող, ո՛չ նախկին իշխանությունների, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։
Նալբանդյանին առնչվող քրեական վարույթի մասին հայտնի էր դարձել նաև ավելի վաղ։ Ապրիլի 29-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ գործարարին առնչվող քրեական վարույթ է քննվում փողերի լվացման հատկանիշներով։ Նա, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք Նալբանդյանն այդ վարույթով ունի մեղադրյալի կարգավիճակ։
Սեպտեմբերին դատախազությունը հաստատել էր նաև Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթի առկայությունը՝ չհրապարակելով քննության մանրամասները։
«Հրազդան ցեմենտի» ձեռքբերման շուրջ խնդիրները
Նալբանդյանի անունը վերջին ամիսներին քննարկումների կենտրոնում էր նաև «Հրազդան ցեմենտ» գործարանի ձեռքբերման կապակցությամբ։
Սեպտեմբերի սկզբին Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը աճուրդով ձեռք էր բերել տարիներ շարունակ չգործող գործարանի գույքային համալիրը։ Գործարքին հաջորդել էին արտադրության վերականգնման և նոր ներդրումների մասին հայտարարությունները։
Սակայն հետագայում տեղեկություններ էին տարածվել գործարքի ֆինանսավորման հետ կապված խնդիրների մասին։ Հոկտեմբերի կեսերին Հանրային ռադիոն հաղորդում էր, որ գործարանի վերագործարկման հեռանկարը մնում է անորոշ, ինչպես և շուրջ 450 աշխատակիցների՝ աշխատանքի վերադառնալու հարցը։
Հոկտեմբերի 15-ին Փաշինյանը հերքել էր, թե կառավարությունը միջամտում է Նալբանդյանի՝ բանկային ֆինանսավորում ստանալու հարցին։ Վարչապետը պնդել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ բանկի չի հանձնարարել կոնկրետ գործարարի վարկ տրամադրել կամ մերժել վարկավորման հայտը։
Սեպտեմբերին Փաշինյանը հերքել էր նաև Նալբանդյանի կողմից «Արարատցեմենտ» գործարանը ձեռք բերելու մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ այն շարունակում է մնալ Հայաստանի կառավարման ներքո։ «Արարատցեմենտը» և «Հրազդան ցեմենտը» տարբեր ձեռնարկություններ են։
Առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որ Նալբանդյանի նկատմամբ այժմ հարուցված քրեական հետապնդումը կապված է ցեմենտի գործարանի գործարքի, «88» սուպերմարկետների ցանցի կամ վարչապետի նախկին հայտարարությունների հետ։
«Սպայկայի» շուրջ նախկին քրեական գործերը
Դավիթ Ղազարյանը 2001-ին հիմնադրել է «Սպայկա» ընկերությունը, որը սկզբում զբաղվել է միջազգային բեռնափոխադրումներով, այնուհետև ընդլայնել գործունեությունը՝ դառնալով Հայաստանի գյուղմթերքի խոշոր արտահանողներից մեկը։
Ընկերությունն ունի բեռնափոխադրման և սառնարանային պահպանման ենթակառուցվածքներ, զբաղվում է մրգի ու բանջարեղենի արտահանմամբ, ջերմոցային տնտեսությամբ, սննդամթերքի արտադրությամբ և վերամշակմամբ։ Նրա արտահանման հիմնական ուղղություններից է Ռուսաստանը։ «Սպայկան» գործունեություն է ծավալում նաև եվրոպական և այլ շուկաներում։
Ղազարյանը նախկինում ևս անցել է քրեական գործերով։ 2019-ի ապրիլին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսատուրքեր չվճարելու համար։ Պետական եկամուտների կոմիտեի վարկածով՝ ընկերության կողմից 2014-2015-ին իրականացված ներմուծումների ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվել էին կեղծ փաստաթղթեր, ինչի հետևանքով պետբյուջե չէր վճարվել շուրջ 7 մլրդ դրամ։
Ղազարյանը չէր ընդունել մեղադրանքը՝ իրավապահների գործողությունները գնահատելով որպես անհիմն հետապնդում։ 2019-ի ապրիլի 8-ին նա կալանավորվել էր։ Դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ընկերության պանրի և կաթնամթերքի գործարանի բացման արարողությանը։
2024-ի նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պետությանը պատճառված վնասի հատուցման հիմքով։ Դատախազության տեղեկացմամբ՝ ընկերությանը վերաբերող քրեական վարույթը շարունակվել էր քննվել։
Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է քննվում նաև Ռուսաստանում։ 2026-ի սեպտեմբերին Մոսկվայի Օստանկինոյի դատարանում սկսվել էր «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործի դատաքննությունը։
Ռուսաստանի իրավապահները նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերով արտասահմանյան հաշիվներին գումարներ փոխանցելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։ Ռուսական «Կոմերսանտի» տեղեկություններով՝ գործը վերաբերում է նաև մրգի և բանջարեղենի մատակարարման պայմանագրերի միջոցով Ռուսաստանից շուրջ 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու ենթադրյալ սխեմային։ Դատավարությունն ընթանում է հեռակա կարգով։
«Բոնուս» սուպերմարկետների շուրջ վեճը
Նալբանդյանի և Ղազարյանի անունները միասին հիշատակվել էին նաև «Բոնուս» սուպերմարկետների ցանցի շուրջ ծագած վեճի առնչությամբ։
Օգոստոսի 5-ին մահացել էր ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Մուրադյանի ազգականը՝ ցանցի համահիմնադիր Արշավիր Հարությունյանը, հետագայում հրապարակայնորեն պնդել էր, որ բիզնեսի շուրջ ճնշումներ են գործադրվել՝ այդ համատեքստում հիշատակելով Նալբանդյանին և Ղազարյանին։ Նալբանդյանը հերքել էր իր հասցեին հնչած պնդումները։
Նալբանդյանի և Ղազարյանի մեղավորությունը կարող է հաստատվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով։











