ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն առաջարկում է TRIPP նախագծի իրականացումը կապել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Նրա գնահատմամբ՝ հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ Նախիջևանի հետ հաղորդակցությունը, սակայն շարունակել ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Հայաստանից նոր զիջումներ պահանջելով։
Այս մասին Կարապետյանը հայտարարել է հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում՝ TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ընթացքում։
Կարապետյանը հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստանը» նախագծի վերաբերյալ ի սկզբանե հայտարարել է՝ TRIPP-ը ճանապարհ է, ոչ թե միջանցք, և Հայաստանի տարածքով միջանցք չի կարող լինել։ Նրա խոսքով՝ խմբակցությունը դրական է գնահատել նաև ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ դրանում տեսնելով երկարաժամկետ խաղաղության հաստատմանը նպաստելու հնարավորություն։
Սակայն ընդդիմադիր գործիչն այժմ մտահոգություն ունի TRIPP-ի գործարկման և խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդականության վերաբերյալ։
Կարապետյանը հիշեցրել է, որ նույն օրը, պատասխանելով իր հարցին, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է՝ TRIPP-ը կարող է գործարկվել մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, համաձայնվել ենք TRIPP ճանապարհին նրա համար, որպեսզի հետո ստանանք խաղաղություն»,- հայտարարել է Կարապետյանը՝ ներկայացնելով բանակցությունների տրամաբանության իր մեկնաբանությունը։
Նրա գնահատմամբ՝ նախագծին համաձայնելու հիմնական ակնկալիքներից մեկը խաղաղության պայմանագրի ստորագրումն էր, մինչդեռ այժմ Ադրբեջանը կարող է ստանալ Նախիջևանի հետ նախատեսված ճանապարհը՝ առանց պայմանագիրը ստորագրելու։
Կարապետյանը մտավախություն է հայտնել, որ TRIPP-ի գործարկումից հետո Բաքուն կշարունակի նոր նախապայմաններ առաջադրել Հայաստանին՝ ձգձգելով խաղաղության գործընթացը։ Նա մասնավորապես հիշատակել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, որը համարում է դժվար իրագործելի։
«Բայց եթե մենք շուտ ենք վավերացնում և նա ստանում է թրիփը, հետո գալիս է ժամանակ և նա ինչ-ինչ պատերով դնում է անիրագործելի պայմաններ, ինչպես սահմանադրական փոփոխությունը, ես տեսնում եմ, որ անիրատեսական պայման է դրել, որ խանգարի պրոցեսին ու ավելացնելու է պայմանները: Այդ պարագայում մեր երկիրը «քցվելու է», կներեք արտահայտությանս համար, որովհետև ճանապարհը էլի Ադրբեջանը ստանալու է, բայց մեր ապաշրջ շրջափակման փայաբաժինը, այսպես ասած, մենք չենք ստանալու»,- ասել է Կարապետյանը:
Կարապետյանն առաջարկել է երկու գործընթացները փոխկապակցել։
«Մեր նպատակը ի՞նչն է։ Այս երկուսը միացնել, ասել՝ TRIPP-ին համաձայն ենք լինում այն ժամանակ, երբ դուք գալիս եք խաղաղության պայմանագրի ստորագրման փուլ»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ նման պայմանավորվածության դեպքում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը սկզբունքային քննադատություն չի ունենա նախագծի վերաբերյալ՝ բացառությամբ հնարավոր տեխնիկական հարցերի։
Կարապետյանը զգուշացրել է, որ հակառակ դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է ձգձգվել հինգ կամ տասը տարով։
«Ո՞րն է իր մոտիվացիան Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, եթե ինքը արդեն իր ճանապարհը դեպի Նախիջևան ստանում է»,- հարց է բարձրացրել նա։
«Մենք զիջումներով մոտիվացնում ենք չկնքել խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է Կարապետյանը՝ պնդելով, որ Հայաստանի շարունակական զիջումները կարող են Ադրբեջանին դրդել նոր պահանջներ ներկայացնելու։
Հոկտեմբերի 27-ին Կարապետյանի հարցին պատասխանելով՝ Արարատ Միրզոյանը հաստատել է, որ TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը նախաստորագրել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026-ի հունիսի 1-ին և 4-ին՝ համապատասխանաբար Վաշինգտոնում և Երևանում։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ զարգացման ընկերության ստեղծում, որը զբաղվելու է Հայաստանի տարածքում նախագծի իրականացման հարցերով։
Համաձայնագիրը հաստատում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանումը TRIPP-ի իրականացման տարածքների նկատմամբ։ Այն նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում և փոխադարձ տնտեսական օգուտներ, սակայն դրա ուժի մեջ մտնելը ուղղակիորեն չի պայմանավորում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրի վավերացման նախագծին։ Հոկտեմբերի 22-ին կառավարությունը հայտարարել է TRIPP-ի շրջանակում նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028-ին։











