TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին Միրզոյանը հայտարարել է հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում՝ TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանն առայժմ չի ստորագրում պայմանագիրը՝ վկայակոչելով իր առաջադրած նախապայմանը, սակայն հայտարարում է, որ դրա վերացումից հետո պատրաստ կլինի ստորագրել փաստաթուղթը։
Միրզոյանը շեշտել է, որ պետք է տարբերակել խաղաղության պայմանագրի ստորագրումը և տարածաշրջանում փաստացի ստեղծված իրավիճակը։
«Փաստաթուղթը՝ փաստաթուղթ, իրականության մեջ մենք տեսնում ենք իրական խաղաղություն։ Այսօր զինվորներն իրար չեն կրակում, այսօր բեռներ են անցնում»,- հայտարարել է նախարարը։
Նրա գնահատմամբ՝ TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ խաղաղ միջավայրն արդեն առկա է։
Միրզոյանը միաժամանակ ընդունել է, որ կարելի էր նախ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա գործարկել TRIPP-ը, սակայն կարծում է, որ համագործակցության զարգացումը կարող է նաև արագացնել պայմանագրի ստորագրումը։
«Գուցե TRIPP-ը լինի կամ այլ համագործակցային նախագծեր՝ ընդհուպ մինչև քաղաքացիական հասարակությունների այցեր, և այս բաներն իրենց հերթին գան ամրապնդելու գործող խաղաղությունը և մոտեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասել է Միրզոյանը։
Արձագանքելով նախարարին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մտահոգություն է հայտնել, որ TRIPP-ի գործարկումից հետո Ադրբեջանը կարող է կորցնել խաղաղության պայմանագիրը ստորագրելու շահագրգռվածությունը։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ Բաքուն կարող է ստանալ Նախիջևանի հետ հաղորդակցությունը, սակայն շարունակել Հայաստանի առաջ նոր պահանջներ դնել՝ առանց ապահովելու Հայաստանի համար նախատեսված ապաշրջափակման հնարավորությունները։
Կարապետյանը մասնավորապես հիշատակել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի պահանջը՝ այն համարելով խաղաղության գործընթացը ձգձգելու հնարավոր միջոց։
Նա հարց է բարձրացրել, թե Ադրբեջանն ինչ շահագրգռվածություն կունենա բացելու Հայաստանի համար անհրաժեշտ մյուս հաղորդակցությունները, եթե արդեն կարողանա օգտվել TRIPP-ից։
Կարապետյանը նաև մտավախություն է հայտնել, որ Բաքուն կարող է հետագայում առաջադրել նոր, դժվար իրագործելի պայմաններ։
Նախարարը պնդել է, որ TRIPP-ի գործարկման հիմնական երաշխիքը բոլոր շահագրգիռ կողմերի փոխադարձ տնտեսական շահն է։
«Երաշխիքն այն է, որ ինքը փոխշահավետ է։ Մեզ շատ պետք է, և իրենց շատ պետք է, և բոլոր երրորդներին շատ պետք է»,- ասել է Միրզոյանը։
Նա հայտարարել է, որ չի պատկերացնում իրավիճակ, երբ Ադրբեջանը TRIPP-ով բեռներ տեղափոխի Նախիջևան, սակայն Հայաստանը չկարողանա օգտվել Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցություններից, այդ թվում՝ Տավուշի ուղղությամբ։
«Չի կարա լինի իրավիճակ, որ հենց էդ ենթակառուցվածքով Ադրբեջան-Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ շարժ լինի, Հայաստանի համար այդ նույն շարժը չլինի Տավուշով»,- հայտարարել է նախարարը։
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը նախաստորագրել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026-ի հունիսի 1-ին և 4-ին՝ համապատասխանաբար Վաշինգտոնում և Երևանում։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ զարգացման ընկերության ստեղծում, որը զբաղվելու է Հայաստանի տարածքում նախագծի իրականացման հարցերով։
Համաձայնագիրը հաստատում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանումը TRIPP-ի իրականացման տարածքների նկատմամբ։ Այն նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում և փոխադարձ տնտեսական օգուտներ, սակայն դրա ուժի մեջ մտնելը ուղղակիորեն չի պայմանավորում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրի վավերացման նախագծին։ Հոկտեմբերի 22-ին կառավարությունը հայտարարել է TRIPP-ի շրջանակում նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028-ին։











