Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը դեմ է քվեարկելու TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացմանը։ Խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ փաստաթուղթն առավելապես սպասարկում է Ադրբեջանի շահերը, իսկ Հայաստանի ապաշրջափակման և տնտեսական օգուտների վերաբերյալ հստակ երաշխիքներ չկան։
Այս մասին Գրիգորյանը հայտարարել է հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում՝ TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ընթացքում։
Պատգամավորի խոսքով՝ թեև փաստաթուղթը երկկողմ համաձայնագիր է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, դրա բովանդակությունն անմիջականորեն առնչվում է նաև Ադրբեջանին։
«Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել Հայաստանի Հանրապետության շահը»,- հայտարարել է Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ նախագծի իրականացմամբ ԱՄՆ-ն ներկայություն կունենա ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ Հայաստանի և Իրանի սահմանին, իսկ Ադրբեջանը կստանա իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն։ Գրիգորյանը դա համարել է Ադրբեջանի և Թուրքիայի վաղեմի ռազմավարական նպատակը։
Միաժամանակ պատգամավորը կասկածի տակ է դրել TRIPP-ի արդյունքում Հայաստանի ապաշրջափակման վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները։
«Հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում։ Այսինքն՝ առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է։ Չկա որևէ ապաշրջափակում»,- հայտարարել է նա։
Գրիգորյանի գնահատմամբ՝ նախագծով նախատեսվող ճանապարհը չի ապահովում Հայաստանի տրանսպորտային ցանցի անմիջական կապն Ադրբեջանի տարածքով անցնող մյուս հաղորդակցությունների հետ։
Որպես օրինակ՝ պատգամավորը հիշատակել է Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների հնարավոր երթուղին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով։ Նրա խոսքով՝ իշխանություններն այդ հնարավորությունը ներկայացնում են որպես Հայաստանի ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ուղիղ հաղորդակցություն է ստանալու Նախիջևանի հետ։
Գրիգորյանը վիճարկել է նաև հաղորդակցությունների բացման պայմանների փոխադարձությունը՝ անդրադառնալով TRIPP-ի սահմանային սպասարկման համար նախատեսվող «ֆրոնտ օֆիս/բեք օֆիս» համակարգին։
Պատգամավորը պնդել է, որ նախագծով նախատեսվում է նվազագույնի հասցնել ադրբեջանական բեռնափոխադրողների շփումը Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների հետ, մինչդեռ հստակ չէ՝ արդյոք հայ բեռնափոխադրողները նույն պայմանները կունենան Ադրբեջանի տարածքով անցնելիս։
«Սա անընդունելի է, որովհետև մեր ինքնիշխանության սահմանափակում է տեղի ունենալու»,- հայտարարել է նա՝ պնդելով, որ առանց համարժեք պայմանների փոխադարձության սկզբունքը չի ապահովվի։
Պատգամավորը կասկածի տակ է դրել նաև նախագծից Հայաստանի ակնկալվող ֆինանսական եկամուտները։
Նրա խոսքով՝ իշխանությունները խոսում են տնտեսական մեծ հնարավորությունների մասին, սակայն չեն ներկայացնում, թե կոնկրետ որքան եկամուտ է ստանալու Հայաստանը։ Գրիգորյանն այս համատեքստում հիշատակել է նաև համատեղ զարգացման ընկերությունում Հայաստանի համեմատաբար փոքր բաժնեմասը։
Պատգամավորը չի կիսել նաև կառավարության այն գնահատականը, որ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է ամրապնդել խաղաղությունը։ Որպես հակառակ օրինակ նա հիշատակել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերը, որոնք չեն կանխել պատերազմը։
«Հաշվի առնելով այս բազմաթիվ հարցերը՝ մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»,- նշել է Գրիգորյանը։
Հոկտեմբերի 27-ին Կարապետյանի հարցին պատասխանելով՝ Արարատ Միրզոյանը հաստատել է, որ TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը նախաստորագրել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026-ի հունիսի 1-ին և 4-ին՝ համապատասխանաբար Վաշինգտոնում և Երևանում։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ զարգացման ընկերության ստեղծում, որը զբաղվելու է Հայաստանի տարածքում նախագծի իրականացման հարցերով։
Համաձայնագիրը հաստատում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանումը TRIPP-ի իրականացման տարածքների նկատմամբ։ Այն նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում և փոխադարձ տնտեսական օգուտներ, սակայն դրա ուժի մեջ մտնելը ուղղակիորեն չի պայմանավորում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրի վավերացման նախագծին։ Հոկտեմբերի 22-ին կառավարությունը հայտարարել է TRIPP-ի շրջանակում նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028-ին։











