Գլխավոր Լրահոս

Չորս երեխաների հայրը դպրոցի դիմաց նռնակով պայթեցրել է կնոջը․ ԱԺ պատգամավոր

Չորս երեխաների հայրը դպրոցի դիմաց նռնակով պայթեցրել է կնոջը․ ԱԺ պատգամավոր

Գևորգ Թոսունյան

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով նախատեսվում է վերացնել «նախազգուշացում» պաշտպանական միջոցը և դրա փոխարեն ներդնել ենթադրյալ բռնարարին կանխարգելիչ հաշվառման վերցնելու գործիքակազմ։ Համապատասխան նախագիծը Ազգային ժողովը սկսեց քննարկել հոկտեմբերի 28-ի նիստում։ Օրենսդրական այս փաթեթը կազմվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում։ Ընդդիմությունը քննադատեց փաթեթը՝ պնդելով, որ այն ոչ թե հանցագործությունների կանխարգելման, այլ պատժի խստացման մասին է։

Նախագիծը հիմնավորելիս հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը օրինակ բերեց Կոտայքի մարզում տեղի ունեցած դեպքը։

«Կոտայքում չորս երեխաների հայրը ամսունալուծված է եղել կնոջից ու գտնվել է նախազգուշացման փուլում։ Սպառնալիքներից հետո (իսկ սպառնալիքների վերաբերյալ մի քանի անգամ եղել են նախազգուշացումներ, իրավապահներն էլ տեղյակ են եղել) երեխաների դպրոցի մոտ նռնակով պայթեցրել է կնոջը և ինքն էլ մահացել։ Երեխան ականատես է եղել այդ ամենին։ Այդ որբացած չորս երեխաներից ավելի խոսուն փաստարկ, որ այս գործիքը չի աշխատում և պետք է փոխարինվի, չկա»,- ասաց Թագուհի Ղազարյանը։

Նա մեկ այլ օրինակ էլ բերեց, երբ իրավապահները, նրա խոսքով, արդյունավետ չեն արձագանքել դեպքերին։

«Արարատի մարզում 30-ամյա կինը երկու անգամ բողոքել է, հարուցվել է քրեական հետապնդում, և երկու անգամ, ըստ էության, այդ բողոքները հետ է վերցրել։ Երրորդ անգամ չի հասցրել բողոքել և մահացել է ամուսնու դաժան ծեծի հետևանքով»։

Ըստ պատգամավորի՝ այս դեպքերը ցույց են տալիս, որ «գործիքակազմն արդյունավետ չէ և ամբողջությամբ չի ծածկում ընտանեկան բռնության հանցակազմը»։

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթի համահեղինակ, պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց, որ «նախազգուշացում» պաշտպանական միջոցի փոխարեն առաջարկվում է ներդնել բռնարարին կանխարգելիչ հաշվառման վերցնելու գործիքակազմ։ Այն ևս պաշտպանական միջոց չէ։

«Այո՛, մենք չենք առաջարկում պարզապես որևէ գործառույթ կիրառել բռնարարի նկատմամբ, այլ նրան վերցնել հաշվառման, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը տեղեկություն կունենա նրա մասին, պարբերաբար գուցե լինեն հանդիպումներ, վերահսկողություն»,- նշեց Բաթոյանը։

Պատգամավորը պարզաբանեց, որ ոստիկանը կարող է կիրառել նաև անհետաձգելի միջամտության միջոց՝ 20-25 օրով արգելելով բռնարարին մոտենալ տուժողին, կապի միջոցներ օգտագործել կամ այցելել նրա աշխատավայր։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ իշխանությունը Հայաստանում փորձում է ուռճացնել այս խնդիրը «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 15-49 տարեկան կանանց շրջանում ֆիզիկական կամ սեռական բռնության տարածվածությամբ Հայաստանի ցուցանիշն աշխարհում 8,7% է: Այսինքն՝ այն գրեթե 3-ից 8 անգամ ցածր է եվրոպական մի շարք երկրների ցուցանիշներից, ինչպիսիք են Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան, Կիպրոսը, Հունգարիան և այլն»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ այս հանցագործության դեմ պետք է պայքարել կանխարգելման միջոցով, սակայն «ութ նախագիծ ներառող փաթեթն ավելի շատ պատժողական քաղաքականության ոլորտից է, քան կանխարգելման»:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվում է նաև սահմանել, որ ոստիկանության ծառայողը դեպքի մասին տեղեկանալուց հետո առավելագույնը 6 ժամվա ընթացքում պարտավոր է անհետաձգելի միջամտության որոշում ընդունել։ Ընդ որում՝ ահազանգի հիման վրա իրականացվող բոլոր գործողությունները ոստիկանները պարտավոր կլինեն տեսաձայնագրել շարժական տեխնիկական միջոցներով։ Եթե արարքում առկա են հանցագործության հատկանիշներ, ոստիկանությունը դեպքից հետո առավելագույնը 8 ժամվա ընթացքում պետք է հաղորդում ներկայացնի քննչական մարմնին։

Պաշտպանության անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգավորել նաև ժամկետների հարցը։ Եթե անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշման գործողության ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ, ապա պաշտպանության միջոցը կշարունակի գործել այնքան ժամանակ, քանի դեռ չի կիրառվել կալանավորում կամ տուժողի նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց։ Դրանով կբացառվեն այն դեպքերը, երբ 20-25-օրյա ժամկետի ավարտից հետո տուժողը մնում է անպաշտպան։

Քրեական դատավարության կարգավորումներով նախատեսվում է ընտանեկան բռնության հատկանիշներով քրեական հետապնդումն իրականացնել բացառապես հանրային կարգով՝ անկախ տուժողի բողոքից կամ դատախազի նախաձեռնությունից։ Միևնույն ժամանակ կարգելվի տնային կալանքի կիրառումը, եթե մեղադրյալն ու տուժողը բնակվում են նույն հասցեում։ Տուժողի կրկնակի զոհացումից խուսափելու համար սահմանվում է, որ նա, որպես կանոն, պետք է հարցաքննվի միայն մեկ անգամ։

Փաթեթով առաջարկվում է նաև խստացնել պատիժները՝ ընտանեկան բռնության արարքների համար բացառելով տուգանքի կամ հանրային աշխատանքների կիրառումը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ տուգանքը հաճախ վճարվում է ընտանեկան բյուջեից և չի ծառայում պատժի նպատակին։ Բռնություն գործադրած անձանց համար պարտադիր կդառնա վերականգնողական ծրագրերի անցումը։ Բացի այդ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ կգործարկվի աջակցության կենտրոնների ու ապաստարանների միասնական անվճար թեժ գիծ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2024-2026 թվականներին Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով կայացվել է 602 մեղադրական դատավճիռ։ Դեպքերի 69 տոկոսում՝ 417 դեպքում, հանցանքը կատարել է տուժողի ամուսինը կամ նախկին ամուսինը։

Ընդ որում՝ դատապարտվածների 36 տոկոսի նկատմամբ՝ 217 դեպքում, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 184 գործով նշանակվել են հանրային աշխատանքներ։ Ըստ օրենսդրական փոփոխությունների հեղինակների՝ այս տվյալները վկայում են գործող պատժողական քաղաքականության մեղմ բնույթի և օրենսդրական խստացման անհրաժեշտության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում