Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին վավերացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Նախագծին կողմ քվեարկեց 90, ձեռնպահ՝ 8 պատգամավոր։

Վավերացմանը կողմ քվեարկեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները։ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ մնաց։

Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել հակամարտություններից տուժած կամ դրանց սպառնալիքի տակ գտնվող տարածքներում կայունության հաստատմանը, օրինական կառավարման վերականգնմանը և երկարատև խաղաղության ապահովմանը։

Կառույցը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Դրա ստեղծման գաղափարն ի սկզբանե կապված էր Գազայի հատվածում պատերազմի ավարտի և հետպատերազմյան կառավարման ու վերականգնման գործընթացների հետ։

2025-ի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր 2803 բանաձևը, որով հավանություն էր տրվել Գազայի հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրին և ողջունվել Խաղաղության խորհրդի ստեղծումը՝ որպես Գազայի վերականգնման ֆինանսավորումը համակարգող անցումային կառավարման մարմին։

Սակայն Խաղաղության խորհրդի կանոնադրությունը դրա գործունեությունը չի սահմանափակում Գազայով։ Փաստաթղթով կազմակերպությունը կարող է խաղաղության հաստատմանն ուղղված գործունեություն իրականացնել նաև այլ տարածաշրջաններում։

Կանոնադրության համաձայն՝ անդամ պետությունները Խաղաղության խորհրդում ներկայացված են պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն։ Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, սակայն դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նաև խորհրդի նախագահի հաստատումը։ Խորհրդի առաջին նախագահը Դոնալդ Թրամփն է։

Անդամակցության ժամկետը մինչև երեք տարի է՝ խորհրդի նախագահի որոշմամբ երկարաձգման հնարավորությամբ։ Երեք տարվա սահմանափակումը չի տարածվում այն պետությունների վրա, որոնք կանոնադրության ուժի մեջ մտնելու առաջին տարվա ընթացքում խորհրդին ավելի քան մեկ միլիարդ դոլարի դրամական հատկացում են կատարում։

Խորհրդի ֆինանսավորումը կամավոր է, իսկ մեկ միլիարդ դոլարի հատկացումը անդամակցության պարտադիր պայման չէ։ Կանոնադրությունը նաև սահմանում է, որ խորհուրդը չի կարող իր իրավազորությունն իրականացնել անդամ պետության տարածքում կամ նրան պարտավորեցնել մասնակցել խաղաղության հաստատման կոնկրետ առաքելության՝ առանց այդ պետության համաձայնության։

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում նախագիծը ներկայացրած արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Խաղաղության խորհուրդն ունի 28 անդամ պետություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը խորհրդին որևէ ֆինանսական նվիրատվություն դեռ չի կատարել։

Ապրիլին ՍիվիլՆեթը, հղում անելով Ֆինանսների նախարարության եզրակացությանը, հայտնել էր, որ կանոնադրության վավերացումը Հայաստանի համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ և պետական բյուջեի ծախսերի ավելացում։

Արարատ Միրզոյանը խորհրդին Հայաստանի մասնակցությունը կարևորել էր նաև Միացյալ Նահանգների և մյուս անդամ պետությունների հետ քաղաքական շփումներն ու համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի անունից 2026-ի հունվարի 22-ին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ստորագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հիմնադիր անդամ։ Հայաստանը կառույցին միացել էր Դոնալդ Թրամփի հրավերով։ Խորհրդի հիմնադիր անդամների թվում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում