Եվրամիության աջակցությամբ Հայաստանի զորավարժարաններից մեկում վրանային ավան է կառուցվում, որտեղ նախատեսվում է անցկացնել 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների նախնական տասնօրյա պատրաստությունը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ վրանային ավանը հնարավորություն կտա բարձրացնել պահեստազորայինների պատրաստության արդյունավետությունը։ Նա նշել է, որ ավանում ստեղծվող պայմանները բարձր մակարդակի են լինելու։
«Նշեմ, որ այդ գործում մեզ օգնել է Եվրամիությունը»,- ասել է Պապիկյանը՝ պարզաբանելով, որ խոսքը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով տրամադրվող ֆինանսավորման մասին է։
Պաշտպանության նախարարը 25-օրյա վարժական հավաքները համարել է վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների կարևոր մաս՝ միաժամանակ ընդգծելով, որ համակարգը դեռ կայացման փուլում է, և անելիքներ կան։
Անդրադառնալով վարժական հավաքների մասնագիտական ուղղվածությանը՝ Պապիկյանը նշել է, որ պահեստազորայինների ներգրավումն արդեն իրականացվում է նրանց մասնագիտությունները հաշվի առնելով։
Նրա խոսքով՝ քաղաքացիները ցանկանում են բանակում օգտագործել նաև կրթության և աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձառությունը։ Նախարարությունը, ըստ Պապիկյանի, աշխատում է այդ հնարավորություններն ավելի լայնորեն օգտագործելու ուղղությամբ։
Նա հավելել է, որ պահեստազորայինների ամրագրումներն ու կցումները հիմնականում իրականացվում են ըստ մասնագիտությունների։
Եվրամիության աջակցությունը
Եվրամիության խորհուրդը 2024-ի հուլիսի 22-ին Հայաստանի զինված ուժերին 10 մլն եվրոյի աջակցություն էր հաստատել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։
Աջակցության շրջանակում նախատեսվում էր տրամադրել շարժական վրանային ճամբար՝ գումարտակի չափի ստորաբաժանման համար։ Ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանությանը։
2026-ի հունվարի 29-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր ևս 20 մլն եվրոյի աջակցություն։ Այն նախատեսում է նախորդ ծրագրով տրամադրվող վրանային ճամբարի ընդլայնում՝ մինչև բրիգադի չափի ստորաբաժանման կարիքներին համապատասխան մակարդակ։











