Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Եվրամիությունը 38 միլիոն եվրո՝ մոտ 42 միլիոն դոլար, կհատկացնի Վրաստանի տարբեր համայնքներում մարդկանց աջակցող նոր նախագծերին՝ միաժամանակ շարունակելով չտրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն Վրաստանի կառավարությանը՝ երկրի ժողովրդավարական հետընթացի պատճառով։
Կառավարությանը ուղղակի ֆինանսավորում չտրամադրելու որոշումը պահպանվում է Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ ԵՄ-ն պարբերաբար քննադատում է «Վրացական երազանքի» իշխանություններին և, իր գնահատմամբ, ռեպրեսիվ օրենսդրություն ընդունելու քայլերը։
Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ 2023-ի դեկտեմբերին՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Սակայն 2024-ի հունիսին ԵՄ խորհուրդը եզրակացրեց, որ Վրաստանի կառավարության գործողությունները փաստացի կանգնեցրել են երկրի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը։
Հարաբերություններն ավելի վատթարացան 2024-ի նոյեմբերին, երբ Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մինչև 2028-ը չեն նախաձեռնի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։ ԵՄ-ն նաև քննադատում է ժողովրդավարական հետընթացը, հիմնարար իրավունքների սահմանափակումներն ու վրացի պաշտոնյաների հակաեվրոպական հռետորաբանությունը։
Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովը 2024-ի հունիսին կասեցրեց Վրաստանի իշխանություններին ուղղակիորեն օգուտ տվող երկկողմ ֆինանսական աջակցությունը։ Կասեցվեց ավելի քան 120 միլիոն եվրո՝ մոտ 130 միլիոն դոլար աջակցություն, մինչդեռ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ֆինանսավորումը շարունակվեց։
ԵՄ-ն ընդգծում է, որ իշխանություններին ուղղակի աջակցությունը կասեցնելու որոշումը չի նշանակում, թե դադարեցնում է աջակցությունը Վրաստանի քաղաքացիներին։
«Վրաստանում ժողովրդավարական հետընթացի պատճառով Եվրոպական Միությունն այլևս ֆինանսավորում չի տրամադրում Վրաստանի իշխանություններին։ Սակայն մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի ժողովրդին»,- հայտնել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը։
Նախագծերը կկենտրոնանան քաղաքներում և փոքր բնակավայրերում տնտեսական հնարավորությունների ստեղծման, աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտությունների զարգացման, գյուղական բնակավայրերի կանանց և ընտանեկան ֆերմաների աջակցության, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի, անվտանգ միգրացիային նպաստելու, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին հարմարվելու և աղետներին պատրաստվածությունը բարձրացնելու վրա։ ԵՄ-ն կշարունակի աջակցել նաև Աբխազիայում բնակվող համայնքներին։
Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Սենդրովիչի խոսքով՝ նոր փաթեթը ԵՄ-ի «ԵՄ-ն ձեզ հետ է» մոտեցման մաս է և կիրականացվի գործընկեր կազմակերպությունների միջոցով, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների գործակալությունների և ՄԱԿ-ի կառույցների մասնակցությամբ։
«Մենք աշխատելու ենք մեր վստահելի գործընկերների հետ […], որպեսզի աջակցությունը հնարավորինս արագ հասնի Վրաստանի ժողովրդին»,- ասել է Սենդրովիչը՝ հավելելով, որ նախագծերի արդյունքները քաղաքացիները կսկսեն զգալ արդեն հաջորդ տարվա սկզբից։
Սենդրովիչը նաև ընդգծել է ԵՄ ներդրումը Արևելք-Արևմուտք մայրուղու կառուցման գործում՝ նշելով, որ ԵՄ աջակցության շնորհիվ Թբիլիսիից Բաթումի ճանապարհը զգալիորեն կրճատվել է։
Նա անդրադարձել է նաև Վրաստանի ազգային ինքնության և եվրոպական ձգտումների հարաբերակցությանը։
«Գիտեմ, որ շատ վրացիներ կցանկանային այս երկրում ավելի շատ ԵՄ ներկայություն տեսնել, բայց նաև ցանկանում են ԵՄ բերել այն ամենը, ինչը Վրաստանն այսքան յուրահատուկ ու առանձնահատուկ է դարձնում։ Այս երկու ինքնությունների միջև իրականում որևէ հակասություն չկա։ Իրականում այս երկրի մարդիկ արդեն և՛ վրացի են, և՛ եվրոպացի»,- ասել է Սենդրովիչը։
ԵՄ-ի և Վրաստանի գործընկերությունը սկսվել է 1992-ին։ Այդ ժամանակից ի վեր ԵՄ-ն երկրին տրամադրել է ավելի քան 2 միլիարդ եվրո՝ մոտ 2,2 միլիարդ դոլար աջակցություն՝ ֆինանսավորելով գյուղատնտեսության, գյուղական զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտների ծրագրեր։












