Գլխավոր Լրահոս

Դաղստանցի գեներալը որպես սենատոր կներկայացնի Լուգանսկի շրջանի օկուպացված հատվածը

Էսեդուլլա Աբաչևը

Էսեդուլլա Աբաչևը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսաստանի գեներալ-լեյտենանտ Էսեդուլլա Աբաչևը դարձել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամ՝ ներկայացնելով Ուկրաինայի Լուգանսկի շրջանի օկուպացված հատվածը։ Նրա նշանակման մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Դաղստանի ղեկավարի աշխատակազմը։ Բացի 2022-ին տարածաշրջանի առանցքային քաղաքներից մեկի գրավմանը ռուսական ուժերին օգնելուց՝ Աբաչևը, ըստ երևույթին, այդ տարածքի հետ այլ կապեր չունի։

58-ամյա Աբաչևը ծնվել է Դաղստանում և խորհրդային տարիներին ավարտել Խարկովի գվարդիական բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանը։ Նա մասնակցել է Չեչենական երկրորդ պատերազմին, 2008-ի օգոստոսյան պատերազմին և Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո նրա հրամանատարության ստորաբաժանումները մասնակցել են Լուգանսկի շրջանի Լիսիչանսկ քաղաքի գրավմանը։ 2022-ի հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբաչևին շնորհել է «Ռուսաստանի հերոսի» կոչում։

Նույն տարվա սեպտեմբերին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գեներալին մեղադրեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ինչպես նաև երկրի դեմ ագրեսիվ պատերազմ պլանավորելու և վարելու մեջ։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Ուկրաինայի Լուգանսկի շրջանի օկուպացված հատվածի «Ժողովրդական միլիցիայի» երկրորդ բանակային կորպուսը։

2024-ի մարտին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Աբաչևին ներկայացրել էր որպես Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ։

2025-ի օգոստոսին հաղորդումներ տարածվեցին, որ գեներալը ուկրաինական հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է։ Դաղստանի այն ժամանակվա ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել էր, որ Աբաչևը բուժվում է Ռուսաստանի ռազմական բժշկական կենտրոններից մեկում, և նրա վիճակը ծանր է, բայց կայուն։ Ուկրաինայի պաշտպանության հետախուզության գլխավոր վարչությունը պնդում էր, որ գեներալը կորցրել է ձեռքն ու ոտքը։ Ռուսաստանը անդամահատումների մասին տեղեկությունները չի հաստատել։ Վիրավորումից հետո հիվանդանոցում արված լուսանկարներում Աբաչևի մարմնի մեծ մասը չի երևում։

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը խորհրդարանի վերին պալատն է։ Ռուսաստանի յուրաքանչյուր տարածաշրջան ներկայացնում է երկու սենատոր՝ մեկը տարածաշրջանային գործադիր իշխանությունը, մյուսը՝ օրենսդիր մարմինը։

Աբաչևը դարձել է մի տարածքի ներկայացուցիչ, որը Ռուսաստանը Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո հայտարարել է իր տարածքի մաս։ 2022-ին անցկացված և լայնորեն դատապարտված ընտրություններից հետո Ռուսաստանը պաշտոնապես բռնակցեց Լուգանսկի շրջանը և Ուկրաինայի ևս երեք շրջան։ Այդ քվեարկության արդյունքները ճանաչել է ընդամենը մի քանի երկիր։

Դաշնային խորհրդի նոր կազմում Հյուսիսային Կովկասի մյուս ներկայացուցիչների թվում են Դաղստանից Սուլեյման Քերիմովն ու Իլյաս Ումախանովը, Չեչնիայից Մոխմադ Ախմադովը, Կարաչայ-Չերքեզիայից Քրիմ Կազանոկովը և Հյուսիսային Օսիայից Թայմուրազ Մամսուրովը։ Մամսուրովը հանրապետությունը վերին պալատում ներկայացնում է 2015-ից։

Այս տարի Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ Մելիքովը դարձել է սենատոր՝ ներկայացնելով Ռուսաստանի Բրյանսկի մարզը։ Նա որևէ կապ չունի Ուկրաինայի սահմանին գտնվող այդ մարզի հետ։

Աբաչևը առաջին զինվորականը չէ, որը մասնակցել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը և հետագայում նշանակվել Դաշնային խորհրդի անդամ։ 2024-ին Ուկրաինայում և Սիրիայում կռված, «Ռուսաստանի հերոսի» կոչման արժանացած Ամիր Արգամակովը նշանակվեց Ալթայի Հանրապետությունը ներկայացնող սենատոր։ Նույն տարում զինվորական Յուրի Նիմչենկոն, որը նույնպես «Ռուսաստանի հերոսի» կոչում էր ստացել Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին մասնակցելու համար, դարձավ բռնակցված Ղրիմը ներկայացնող սենատոր։

2025-ի սեպտեմբերին զինվորական Ալեքսեյ Կոնդրատիևը, որը նախկինում ներկայացնում էր Կուրսկի մարզը, պահպանեց իր տեղը Դաշնային խորհրդում՝ այս անգամ դառնալով Տամբովի մարզի ներկայացուցիչ։ 2026-ի հոկտեմբերին «Ռուսաստանի հերոսի» կոչման արժանացած մեկ այլ զինվորական՝ Եվգենի Սավվինը, դարձավ Լիպեցկի մարզը ներկայացնող սենատոր։ Vedomosti-ի տվյալներով՝ 2026-ի տարածաշրջանային ընտրություններից հետո նա պատերազմի միակ վետերանն էր, որը համալրեց խորհրդարանի վերին պալատը։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում