«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պահանջում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականները։
«ՀայաՔվե»-ն նրանց մեղադրում է Հանրայինին կողմնակալ եթերային քաղաքականություն վարելու մեջ։
Նոյեմբերի 3-ին նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց և բաց նամակ-պահանջ ներկայացրել։ Պահանջի տակ, ըստ կազմակերպիչների, ստորագրել է շուրջ 300 հանրային և քաղաքական գործիչ։
«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի խոսքով՝ բողոքի պատճառներից մեկը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրային հեռուստատեսությամբ Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակումն է։
Նրա գնահատմամբ՝ Հանրայինը պատշաճ չի լուսաբանել այդ օրը Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձությունները, իսկ ժամանցային համերգի ցուցադրությունը վիրավորական է եղել պատերազմում հարազատներ կորցրած ընտանիքների համար։
Չալաբյանը, սակայն, ընդգծել է, որ իրենց պահանջը միայն այդ միջադեպին չի վերաբերում։ Նախաձեռնությունը Հանրային հեռուստատեսությանը մեղադրում է իշխանամետ քարոզչություն իրականացնելու, ընդդիմադիր տեսակետները լուսանցք մղելու և քաղաքական բազմակարծությունը չապահովելու մեջ։
«Հանրային հեռուստատեսությունը պետք է ծառայի մեզ՝ հանրությանը, մեզ՝ հարկատուներին, ոչ թե ծառայի մեկ իշխանական խմբակի»,- հայտարարել է Չալաբյանը։
Նրա պնդմամբ՝ Հանրայինը կողմնակալ է լուսաբանում նաև Ազգային ժողովի աշխատանքները՝ առավելապես ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների ելույթները։ Չալաբյանը քննադատել է նաև Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցները՝ պնդելով, որ հաղորդավարը հաճախ հանդես է գալիս իշխանության դիրքորոշումները պաշտպանողի դերում։
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել էր Թաթա Սիմոնյանի համերգը, ինչը հանրային դժգոհություն էր առաջացրել։
Նույն օրը երգիչը ներողություն էր խնդրել՝ անթույլատրելի համարելով պատերազմի տարելիցին իր համերգի ցուցադրությունը։ Սեպտեմբերի 28-ին ներողություն էր խնդրել նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ հայտնելով, որ վերանայում է աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Հոկտեմբերի 6-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը քննարկել էր միջադեպը և որոշել կարգապահական տույժ կիրառել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և նրա տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ՝ նրանց հայտարարելով նկատողություն։












