Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է արդարադատության նախարարի միջնորդությունը և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին հայտարարել նկատողություն։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։
Այս տարվա մարտին՝ Արշակ սրբազանի գործով առաջին դատական նիստի ժամանակ, դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Մինչ այդ սրբազանի պաշտպանները պահանջել էին նրա բացարկը՝ մատնանշելով, որ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչական վարչությունում, որտեղ քննվել էր նույն քրեական գործը։
Ըստ Արդարադատության նախարարության՝ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնելու միջոցով հրաժարվել է իր իրավասությանը վերապահված գործի քննությունից՝ հիմնվելով այնպիսի պատճառաբանությունների վրա, որոնք, նախարարության գնահատմամբ, չեն բխում գործող իրավակարգավորումներից։
Դատավորը չի ընդունել իրեն վերագրվող խախտումը։ Նա պնդել է, որ ինքնաբացարկի հիմքում եղել են հանգամանքներ, որոնք կարող էին անկողմնակալ դիտորդի մոտ կասկած առաջացնել իր անաչառության վերաբերյալ։
Արշակ սրբազանը ձերբակալվել էր 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը կալանավորվել՝ իշխանություն-եկեղեցի սրված հարաբերությունների պայմաններում։ Նա կալանքի տակ էր մնացել երեք ամիս՝ մինչև 2026 թվականի մարտի 5-ը, երբ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ կիրառվել էր վարչական հսկողություն։ Արշակ Սրբազանը մեղադրվում է ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեջ: Դատարանը դեռ քննում է այս գործը:












