Հարավային Ասիայի երկրները գնալով ավելի հաճախ են բախվում կլիմայական փոփոխությունների հետևանքներին՝ ջրհեղեղներից մինչև սառցադաշտերի հալոցք։ Միաժամանակ, Չինաստանը, որը դարձել է կանաչ տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից մեկը, շարունակում է ընդլայնել քարածխի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը։ The Diplomat պարբերականում հրապարակած հոդվածում տնտեսագետ Ականշ Խանդելվալը գրում է այս հակասությունների և տարածաշրջանային համագործակցության խնդիրների մասին։
Վերջին երկու տասնամյակում Չինաստանը դարձել է կանաչ տեխնոլոգիաների զարգացման և ներդրման համաշխարհային առաջատարներից մեկը՝ նպաստելով վերականգնվող էներգիայի տարածմանը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։ Այս հաջողությունները Պեկինին հնարավորություն են տվել ավելի ազդեցիկ դեր ստանձնելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջազգային քննարկումներում, հատկապես զարգացող երկրների շրջանում։
Սակայն Չինաստանի տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացը նոր հարցեր է առաջացնում նրա կլիմայական պատասխանատվության վերաբերյալ։
Հոդվածի համաձայն՝ Չինաստանին բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների շուրջ 33 տոկոսը՝ տարեկան մոտ 13,1 միլիարդ տոննա։ Համեմատության համար՝ Չինաստանից ավելի մեծ բնակչություն ունեցող Հնդկաստանի արտանետումները մոտ չորս անգամ փոքր են՝ շուրջ 3,15 միլիարդ տոննա։
Հեղինակի համոզմամբ՝ Չինաստանի պատասխանատվության հարցը չի սահմանափակվում արտանետումների ծավալներով։ Կարևոր են նաև նրա հնարավորությունները՝ որպես կանաչ տեխնոլոգիաներ մատակարարող երկիր, ինչպես նաև աշխարհագրական դիրքը, որը կարող է ազդեցություն ունենալ հարևան պետությունների էկոհամակարգերի վրա։
Հիմալայների սառցադաշտերի խնդիրը
Հարավային Ասիայի երկրները համարվում են կլիմայական փոփոխությունների նկատմամբ առավել խոցելի պետություններից, թեև պատմականորեն նրանց բաժինը ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումներում համեմատաբար փոքր է եղել։
Տարածաշրջանն առերեսվում է ջերմային ալիքների, ջրհեղեղների, սառցադաշտերի հալոցքի և ծովի մակարդակի բարձրացման հետևանքներին։
Հոդվածը հատուկ ուշադրություն է դարձնում Չինաստանի աշխարհագրական դիրքին։ Տիբեթյան բարձրավանդակից սկիզբ առնող ջրային համակարգերը կարևոր նշանակություն ունեն հարևան երկրների համար։ Դրանց վերին հոսանքներում տեղի ունեցող փոփոխությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ներքին հոսանքի բնակավայրերի համար։
2026-ի օգոստոսին Նեպալի Ռասուվա շրջանում տեղի ունեցած սառցադաշտային ջրհեղեղից հետո բնապահպանական մասնագետները մատնանշում են Չինաստանի տարածքում գտնվող շուրջ 25 սառցադաշտային լիճ, որոնք կարող են վտանգ ներկայացնել Նեպալի և հարակից տարածքների համար։
Նմանատիպ աղետ էր տեղի ունեցել նաև 2025-ի հուլիսին, երբ Չինաստանի Գիրոնգ շրջանում սկսված սառցադաշտային լճի ճեղքումից առաջացած ջրհեղեղը հասել էր Նեպալ՝ պատճառելով ավերածություններ և մարդկային զոհեր։
Հոդվածի հեղինակը չի պնդում, որ այս աղետների անմիջական պատճառը Չինաստանի գործողություններն են, սակայն ուշադրություն է հրավիրում ռիսկերի անհավասար բաշխման խնդրի վրա։ «Ռիսկերը ծագում են գետերի վերին հոսանքներում, մինչդեռ մարդկային կորուստները կրում են ներքևի հոսանքներում գտնվող տարածքները»,- գրում է նա։
Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակում ջրաբանական տվյալների իրական ժամանակում փոխանակումը, սառցադաշտերի համատեղ մշտադիտարկումը և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը պետք է դառնան տարածաշրջանային համագործակցության առաջնահերթություններ։
Չինաստանը, ըստ հոդվածագրի, դժկամ է նաև կլիմայական տեղեկատվության փոխանակման համագործակցության հարցում, ինչը ավելացնում է, օրինակ, Հնդկաստանի խոցելիությունը ջրհեղեղների ու ջրային ռեսուրսների հետ կապված վտանգների նկատմամբ։
Միջազգային կլիմայական բանակցություններում Չինաստանը ներկայանում է որպես Գլոբալ հարավի շահերի պաշտպան։
Կլիմայական միջազգային քաղաքականության կարևոր սկզբունքներից է «ընդհանուր, բայց տարբերակված պատասխանատվության և համապատասխան կարողությունների» սկզբունքը։ Այն ենթադրում է, որ բոլոր պետությունները պետք է մասնակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, սակայն նրանց պարտավորությունները պետք է հաշվի առնեն պատմական պատասխանատվությունն ու տնտեսական հնարավորությունները։
2013–2022-ին Չինաստանը շուրջ 45 միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրել կամ ներգրավել զարգացող երկրների կլիմայական ծրագրերի իրականացման համար։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակում Չինաստանը շարունակում է դասակարգվել որպես զարգացող երկիր և չունի այլ զարգացող երկրներին կլիմայական ֆինանսավորում տրամադրելու պաշտոնական պարտավորություն։ Այսինքն՝ Պեկինի տրամադրած աջակցությունը կամավոր բնույթ է կրում։
Հոդվածագիրը դրական է գնահատում այդ ներդրումները, սակայն կարծում է, որ Չինաստանի աճող տնտեսական հնարավորությունները և միջազգային առաջնորդության հավակնությունները հիմք են տալիս քննարկելու նրա ավելի մեծ մասնակցությունը կլիմայական ֆինանսավորմանը։
Մասնավորապես, Չինաստանի կանաչ տեխնոլոգիաների արդյունաբերության արագ զարգացումը նրան առանձնացնում է զարգացող երկրների մեծ մասից։ Երկիրը նաև ավելի ակտիվ է դառնում կլիմայական ծրագրերի մասնավոր ֆինանսավորման ոլորտում։
Այս համատեքստում քննարկվում է Չինաստանի հնարավոր ներդրումը զարգացող երկրների կլիմայական գործողություններին աջակցելու համար նախատեսվող 1,3 տրիլիոն դոլարի ֆինանսավորման ընդհանուր նպատակին։
Կանաչ էներգիայի զարգացումը և կախվածությունը քարածխից
Չինաստանը վերականգնվող էներգիայի արտադրության համաշխարհային առաջատարն է, սակայն մաքուր էներգետիկայի զարգացումը դեռ ամբողջությամբ չի փոխարինում հանածո վառելիքին։ Հեղինակի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին Չինաստանում ավելացվել է քարածխով աշխատող էլեկտրակայանների 78 գիգավատ նոր հզորություն, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից է։
Թեև քարածխային նոր նախագծերի տարեկան ցուցանիշները որոշ չափով նվազել են 2022–2023-ի առավելագույն մակարդակների համեմատ, 2025-ի առաջին կիսամյակում Չինաստանը հավանություն է տվել ավելի շատ քարածխային էլեկտրակայանների կառուցմանը, քան նախորդ տասնամյակի որևէ համադրելի ժամանակահատվածում։
Հեղինակը խնդրահարույց է համարում նաև քարածխային էլեկտրակայանների հետ կնքվող երկարաժամկետ պայմանագրերը։ Դրանցով երաշխավորվում է արտադրված էլեկտրաէներգիայի որոշակի ծավալի գնումը, ինչի հետևանքով էլեկտրացանցերի օպերատորները կարող են առաջնահերթություն տալ քարածխային էներգիային նույնիսկ այն ժամանակ, երբ հասանելի է ավելի էժան արևային կամ քամու էներգիա։
Չինաստանը ստանում է քարածխային էներգետիկայի տնտեսական օգուտները, մինչդեռ կլիմայական ռիսկերի մի մասը տարածվում է հարևան երկրների վրա, հատկապես՝ Նեպալի, Բութանի և Բանգլադեշի, որոնք առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների հետևանքների նկատմամբ։
Հոդվածագրի կարծիքով՝ այս մարտահրավերների դեմ պայքարում առավել մեծ պատասխանատվություն ունեն նաև արևմտյան երկրները, հատկապես եթե հաշվի առնվեն արդյունաբերականացման երկարատև պատմությունն ու դրա ընթացքում կուտակված արտանետումները։
Չինաստանը, որպես վերին հոսանքի երկիր, կարող է իրական ժամանակում ջրաբանական և կլիմայական տվյալներ փոխանակել Նեպալի ու Հնդկաստանի հետ, համաֆինանսավորել բնական աղետների վաղ նախազգուշացման ենթակառուցվածքները և ստանձնել չափելի ֆինանսական պարտավորություններ՝ զարգացող երկրների միջև կլիմայական համագործակցության շրջանակում։
Այս քայլերը, ըստ հոդվածագրի, իրագործելի են և կարող են նպաստել Հիմալայների խոցելի էկոհամակարգերի պահպանությանը։
Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում առաջնորդությունը պետք է գնահատել ոչ միայն տեխնոլոգիական ձեռքբերումներով և միջազգային հայտարարություններով, այլև հարևան երկրների հետ համագործակցության և ընդհանուր ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերով, եզրակացնում է հոդվածագիրը։












