Գլխավոր Լրահոս

«Չեմ պատրաստվում իրադրության հետ համակերպվել»․ Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

«Չեմ պատրաստվում իրադրության հետ համակերպվել»․ Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Չեմ պատրաստվում այդ իրադրության հետ համակերպվել, որ մենք շարունակաբար ուղղակի վիճակագրություն արձանագրող պետք է լինենք: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերին։

Նոյեմբերի 5-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նա հայտնել է, որ խնդրի համակարգային լուծումներ մշակելու համար ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է աշխատել։

«Մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել տեղի ունեցողին և պարզապես տեղի ունեցողին վերաբերվել այնպես, որ այդպես էլ պետք է լինի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ ներկայացվող բացատրությունները բավարար չեն, և կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի իրավիճակը փոխելու համար։

«Այո, բացատրությունները բացատրություն, ամեն ինչ ունի իր բացատրությունը, բայց դա չի նշանակում, որ այդ բացատրությունները մեզ բավարարում են»,- հայտարարել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ չի պատրաստվում ընդունել զինծառայողների մահվան դեպքերը որպես անխուսափելի իրողություն։

«Ես կոնկրետ չեմ պատրաստվում իրադրության հետ համակերպվել, որ այդպես էլ պետք է լինի և շարունակաբար մենք ուղղակի վիճակագրություն արձանագրող պետք է լինենք»,- ասել է վարչապետը։

Նա հայտնել է, որ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել, սակայն չի մանրամասնել, թե ինչ առաջարկներ են մշակվել և ինչ կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում։

Վարչապետի հայտարարությանը նախորդել էր հոկտեմբերի 31-ին զինծառայողի մահվան հերթական դեպքը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորամասերից մեկում հայտնաբերվել էր զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։

Նոյեմբերի 3-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում տեղեկություններ են ստացվել ենթադրյալ աղանդավորական ազդեցության մասին։

Նրա խոսքով՝ դեպքերից մեկում զինծառայողի մարմնի վրա հայտնաբերվել էին դաջվածքներ, որոնք մասնագետները կապել էին ինքնասպանության հակվածության հետ։ Պողոսյանը հայտնել էր, որ մտադիր է հարցը քննարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ։ Նա ընդգծել էր, որ խոսքը մի քանի, ոչ թե բոլոր դեպքերի մասին է։

Դեռ օգոստոսին Փաշինյանը մտահոգություն էր հայտնել բանակում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ մարտական պայմաններում մահվան այլ դեպքերի առնչությամբ՝ կարևորելով խնդրի համակարգային լուծումը։

Օգոստոսի 19-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել էր զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ։

Խումբը պետք է երեք ամսվա ընթացքում մշակի և ներկայացնի համապատասխան առաջարկություններ։

Նոյեմբերի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ևս անդրադարձել էր բանակում մահվան դեպքերի կանխարգելմանը։ Նրա խոսքով՝ դեպքերի պատճառները տարբեր են, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունները, ֆինանսական և առողջական խնդիրները։ ԳՇ պետը նաև զգուշացրել էր մահվան դեպքերը մինչև քննության ավարտը ինքնասպանություն որակելուց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում