Գլխավոր Լրահոս

«Հակապետական մարդիկ են, ուզում են իրենց թալանածը ծածկեն»․ Փաշինյանը՝ ընդդիմադիրների մասին

«Հակապետական մարդիկ են, ուզում են իրենց թալանածը ծածկեն»․ Փաշինյանը՝ ընդդիմադիրների մասին

«Այդ մարդիկ հակակառավարական, հակապետական մարդիկ են, ովքեր ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկեն»,- նոյեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի համախմբմանը։

Հարցին՝ արդյոք ընդդիմության նախանշած նպատակների շուրջ հանրային լայն համախմբումը կարող է ճնշում գործադրել իշխանության վրա և հանգեցնել իշխանափոխության, վարչապետն արձագանքել է․

«Ես կարծում եմ՝ դա հարց է, որին պետք է պատասխանի Հանրապետության ժողովուրդը։ Այդ հարցն ինձ չի ուղղված, և ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ»։

Նա նշել է, որ կառավարությունը գնում է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ճանապարհով՝ նպատակ ունենալով այն դարձնել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղություն։

«Ես նախկինում էլ ասել եմ, որ ի վերջո որոշումներ կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կլինի»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանն այնուհետև քննադատել է ընդդիմադիրներին՝ պնդելով, թե նրանք տարբեր հարցերի առնչությամբ մշտապես հիշատակում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանը։ Այս համատեքստում վարչապետը խոսել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը շուրջ 65 մլրդ դրամի ենթադրյալ չարաշահումների գործի մասին։

«65 մլրդ կամ 64 մլրդ դրամի չարաշահման գործ է, ինչը՝ դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը։ Ինչ լինում է, դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը»,- ասել է նա։

Վարչապետը նաև հարց է բարձրացրել՝ ինչպես կարձագանքեն ընդդիմադիրները, եթե նոր Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի, և քաղաքացիները կողմ քվեարկեն դրան։ Նա ենթադրել է, որ այդ դեպքում ընդդիմադիրները կարող են քաղաքացիների հասցեին կիրառել նախկինում օգտագործած վիրավորական բնորոշումները։

Փաշինյանը հեգնական անդրադարձ է կատարել նաև ընդդիմադիրների համախմբման կազմին՝ նշելով, որ դրանում բացակայում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Ես կարծում եմ, որ այդտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր։ Այդ Կտրիճ Ներսիսյանն է, որ ինքն էլ այնտեղ ներկայանար, պատկերը կլիներ ամբողջական»,- ասել է վարչապետը։

Նա հեգնանքով հավելել է, որ կաթողիկոսի մասնակցությամբ այդ ձևաչափը կարող էր օրերի ընթացքում Հայաստանում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել։

Նոյեմբերի 4-ին ընդդիմադիր 13 քաղաքական ուժեր հայտարարել էին համազգային համախմբման ձևավորման մասին։ Հայտարարությունը հրապարակվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը կայացած հանդիպումից հետո։

Համախմբման մասին հայտարարությունը հաջորդել էր Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նրա և ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին շուրջ 65 մլրդ դրամի ենթադրյալ վնաս պատճառելու գործով։ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքները, իսկ նրա կուսակցությունը իրավապահների գործողությունները որակում է քաղաքական հետապնդում։ Կարապետյանը մեկ ամսով կալանավորվել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում