Գլխավոր Լրահոս

Հայաստանին կարող են նոյեմբերի 11-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանին կարող են նոյեմբերի 11-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանին կարող են նոյեմբերի 11-ին զրկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ անդամավճարները չվճարելու պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ինչի պատճառով կարող է քննարկվել մինչև պարտքի մարումը երկրի ձայնի իրավունքը ժամանակավորապես կասեցնելու հարցը։

«Սա բացարձակապես տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրության կոնկրետ հոդվածով»,- ասել է Պանկինը՝ հավելելով, որ նման որոշման ընդունումը հնարավոր է։

Փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ՀԱՊԿ առաջիկա հանդիպումների ընթացքում, սակայն դա կախված է նաև մյուս անդամ պետությունների համաձայնությունից։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Դրան կնախորդի անդամ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Պանկինի խոսքով՝ Հայաստանի հարցը կարող է չլինել նիստի գլխավոր թեման, սակայն հանրության համար ամենահետաքրքիրներից մեկը կլինի։

Նոյեմբերի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ Ռուսաստանը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին որոշման նախագիծ։ Նրա խոսքով՝ հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին, եթե նախորդ օրը հաստատվի համապատասխան օրակարգը։

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում մինչև պարտքի ամբողջական մարումը նրան զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից և կասեցնել քվոտային պաշտոններում իր քաղաքացիներին առաջադրելու իրավունքը։ Այս հոդվածի կիրառումը չի ենթադրում Հայաստանի հեռացում ՀԱՊԿ-ից։

Հոկտեմբերի 23-ին Մասադիկովը հայտարարել էր, որ Հայաստանը փաստացի դադարեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին, սակայն նրա ներկայացուցիչը շարունակում է ամեն շաբաթ մասնակցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստերին։

Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարել է ՀԱՊԿ աշխատանքներին իր մասնակցությունը սառեցնելու մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Երևանը մասնավորապես մատնանշել է 2021 և 2022-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ի արձագանքը։ Հայաստանը դադարեցրել է նաև անդամավճարների փոխանցումը, սակայն պաշտոնապես չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Երևանը չի պատրաստվում փոխել ՀԱՊԿ-ի նկատմամբ իր դիրքորոշումը։

«Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարել էր Միրզոյանը։

Հոկտեմբերի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, ի տարբերություն Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ կանոնադրությունը նախատեսում է անդամ պետությանը կազմակերպությունից հեռացնելու հնարավորություն՝ հարց բարձրացնելով, թե ինչու կազմակերպությունը չի օգտվում այդ հնարավորությունից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում