Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ երկարաժամկետ պայմանագիր ունի և շարունակելու է աշխատանքը հավաքականում։
Նոյեմբերի 12-ին Կիպրոսի դեմ հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսում Մելիքյանին հարցրել են՝ արդյոք առաջիկա երկու խաղերից հետո ավարտվում է նրա պայմանագիրը, և նախատեսվո՞ւմ է այն երկարաձգել։
«Ես շատ երկար եմ պայմանագիր կնքել, այստեղ մնալու եմ շատ։ Որևէ խնդիր չկա պայմանագրի հետ կապված»,- պատասխանել է Մելիքյանը։
2025 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայտարարել էր Եղիշե Մելիքյանին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Այդ ժամանակ պաշտոնապես նշվել էր, որ նրա պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի նոյեմբեր։
Անդրադառնալով ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին՝ մարզիչը նշել է, որ պատրաստ է աշխատել ցանկացած ընտրված նախագահի հետ։
«Ինձ համար կարևոր չէ՝ ում հետ պետք է աշխատեմ։ Ես մտածում եմ՝ ինչպես պետք է աշխատեմ իմ ազգային հավաքականի հետ։ Ով էլ ընտրվի, մեծ սիրով կաշխատեմ նախագահի հետ»,- ասել է նա։
ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 26-ին։












