Եվրոպական ինը երկրներ և Եվրամիության ղեկավարները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 12-ին Դուբլինում ընդունված համատեղ հայտարարությամբ նրանք նաև մեղադրել են Ռուսաստանին Հայաստանի նկատմամբ քաղաքական և տնտեսական ճնշումներն ուժեղացնելու, հայկական արտահանումը սահմանափակելու և էներգակիրների մատակարարումները որպես ճնշման միջոց օգտագործելու սպառնալիքների մեջ։
Հայտարարությունն ընդունվել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո և հրապարակվել Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում։
Փաշինյանի հետ հանդիպել են Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Համատեղ հայտարարությանը միացել են նաև Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանը և դիմակայունությանը»,- ասված է հայտարարությունում։
Եվրոպական ղեկավարներն անդրադարձել են Հայաստանում հինգ ամիս առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններին։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունները հայ ժողովրդին հնարավորություն են տվել հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի բազմակողմ միջամտությանը։
«Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանի ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումը Հայաստանի նկատմամբ միայն աճել է։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է սահմանել հայկական արտահանման նկատմամբ և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումներն օգտագործել որպես ահաբեկման միջոց»,- նշվում է հայտարարությունում։
Եվրոպական ղեկավարները հայտարարել են, որ ի պատասխան այդ ճնշումների՝ քայլեր են ձեռնարկում՝ Հայաստանին հնարավորություն տալու պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն որոշել սեփական ճակատագիրը։
Նրանք խոստացել են շարունակել աջակցել Հայաստանի տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացմանը, հատկապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում։ Այս համատեքստում հիշատակել են Եվրամիության որոշումը՝ դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսի համար մաքսատուրքերը ժամանակավորապես կասեցնելու մասին։
Հայտարարության հեղինակները նաև ճանաչել են հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, դիմակայուն ու բարգավաճ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի լիարժեք ինտեգրմանը տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ եվրոպական երկրներն ու ԵՄ ղեկավարներն աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Նրանք խրախուսել են այս ուղղություններով հետագա ջանքերը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների ու ամբողջ տարածաշրջանի։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2026-ի հունիսի 7-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած արդյունքներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,75 տոկոսը՝ ապահովելով 105 տեղանոց խորհրդարանի 64 մանդատը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,27 տոկոսով, երրորդը՝ «Հայաստան» դաշինքը՝ 9,92 տոկոսով։ Ընտրությունների արդյունքները վիճարկվել են Սահմանադրական դատարանում, որը հուլիսի 4-ին ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումը։
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների ֆոնին Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 24-ին հաստատել է հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններ։ Դրանք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ին և կգործեն մինչև 2028-ի հոկտեմբերի 11-ը։
Արտոնությունները վերաբերում են դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսին՝ ներառելով գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների լայն շրջանակ։ Որոշ գյուղմթերքների համար սահմանված են քանակական սահմանափակումներ, իսկ արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ է պահպանել ապրանքների ծագման կանոնները։
ԵՄ համապատասխան կանոնակարգում նշվում է, որ Ռուսաստանը 2026-ի մայիսից սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, հանքային ջրի, մրգերի և բանջարեղենի ներմուծման ու տարանցման նկատմամբ։ Եվրամիության նոր առևտրային միջոցառումները նպատակ ունեն օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և նվազեցնել տնտեսական խոցելիությունը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ապա 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր, իսկ երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը։ Փաստաթուղթը դեռ վերջնականապես չի ստորագրվել և վավերացվել։









