Գլխավոր Լրահոս

Հայաստանը չի միացել Դուբլինում ընդունված՝ Ռուսաստանի գործողությունները դատապարտող հռչակագրին

Հայաստանը չի միացել Դուբլինում ընդունված՝ Ռուսաստանի գործողությունները դատապարտող հռչակագրին

Հայաստանը չի միացել նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում ընդունված եվրոպական անվտանգության մասին հռչակագրին, որով 39 երկիր դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և աջակցություն հայտնել Կիևին։ Հայաստանը փաստաթղթին միացած երկրների ցանկում չկա, մինչդեռ Վրաստանն այն ստորագրողների թվում է։

«Հռչակագիր եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին» (Declaration on Key Principles of European Security) փաստաթղթի ամբողջական տեքստը նոյեմբերի 12-ին հրապարակվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում, իսկ նոյեմբերի 13-ին՝ Դանիայի վարչապետի աշխատակազմի կայքում։

Հռչակագրին չեն միացել նաև Ադրբեջանը, Թուրքիան, Սերբիան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն և Շվեյցարիան։ Եվրամիության 27 անդամներից փաստաթուղթը չի ստորագրել միայն Բուլղարիան։

Ֆրանսիայի նախաձեռնությամբ մշակված հռչակագրով ստորագրողները վերահաստատել են աջակցությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը։ Նրանք ընդգծել են Ուկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը՝ հետագայում նոր ագրեսիան կանխելու համար։

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի հիբրիդային գործողությունները և Ուկրաինային աջակցությունը խաթարելու փորձերը միայն ամրապնդելու են Կիևին աջակցելու ստորագրողների վճռականությունը։

Հռչակագրի համաձայն՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղին պետք է որոշվի Ուկրաինայի մասնակցությամբ, իսկ եվրոպական անվտանգությանը վերաբերող հարցերը՝ եվրոպացիների ներգրավմամբ։ Ստորագրողները նաև վերահաստատել են պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և ռազմական դաշինքներին անդամակցելու հարցում ազատ ընտրության սկզբունքները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախաձեռնությունը ներկայացվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի սեփական անվտանգության վերաբերյալ որոշումների կայացմանը։

Հայաստանի՝ հռչակագրին չմիանալու պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չկա։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 12-ին Դուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եվրոպական ինը երկրների ներկայացուցիչներ և ԵՄ ղեկավարներն ընդունել էին Հայաստանին աջակցող առանձին հայտարարություն։ Դրանով նրանք վերահաստատել էին աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանին մեղադրել Հայաստանի նկատմամբ քաղաքական ու տնտեսական ճնշումներն ուժեղացնելու մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում