Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։
Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել լճի էկոհամակարգի վերականգնմանը։
Արգելքի պահպանման նկատմամբ խիստ հսկողություն կսահմանի էկոպարեկային ծառայությունը։ Ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չկատարման յուրաքանչյուր դեպք կստանա իրավական գնահատական, իսկ օրինախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։
Նոյեմբերի 20-ից հետո լճում չպետք է մնան որսի համար օգտագործվող նավակներ և որսամիջոցներ։ Դրանց սեփականատերերին կոչ է արվում սահմանված ժամկետից շուտ դրանք դուրս բերել լճից՝ պատասխանատվությունից խուսափելու համար։
Իշխանությունների փոխանցմամբ՝ Սևանա լճի ձկնային պաշարների պահպանումն ու բնական վերարտադրության ապահովումը բնապահպանական առաջնահերթություն են, և այս ոլորտում ցանկացած խախտում անթույլատրելի է։












