Գլխավոր Լրահոս

Աբխազիայում մեկ գիշերում որոշում չեն ընդունում

Աբխազիայում մեկ գիշերում որոշում չեն ընդունում

Պուտինյան Ռուսաստանին շատ են քննադատում նախկին խորհրդային պետություններին ճնշելու, արտաքին քաղաքական կողմնորոշում պարտադրելու, տնտեսական կամ անվտանգության բնագավառում համագործակցությունը չարաշահելու և այլ մեղքերի մեջ: 2013թ. սեպտեմբերի 3-ին Եվրասիական միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունից հետո նույնպես Ռուսաստանին մեղադրեցին Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ավելին, այս ընթացքում և դրանից հետո Ռուսաստանը մի քանի նվաստացուցիչ պայմանագրեր պարտադրեց Հայաստանին, Հայաստանի խորհրդարանն իր հանրապետական անդեմ մեծամասնությամբ վավերացրեց ստորացուցիչ պայմանագրերը, իսկ մեկ գիշերում ճակատագրական որոշումների հակված Սերժ Սարգսյանը ստորագրեց դրանք: Ժողովուրդը, հանրությունը որևէ դեր չունի այս գործընթացներում, նրա կարծիքը ոչ ոք չի լսում, չկա որոշումների վրա ազդելու որևէ իրական մեխանիզմ:

Ռուսաստանի քաղաքականությունը հերթական անգամ քննադատության արժանացավ Աբխազիային ռուսների կողմից առաջարկված «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագրի նախագծի հետ կապված: Այս պայմանագրով Աբխազիայի ինքնիշխանությունը դրվում էր կասկածի տակ, աբխազական զինված ուժերը մտնում էին ռուսական բանակներից մեկի մեջ, փաստացի Աբխազիան դառնում էր Ռուսաստանի սուբյեկտներից մեկը: Ռուսաստանի այս ստորացուցիչ առաջարկին աբխազական իշխանությունները ոչ թե Սերժ Սարգսյանի նման մեկ գիշերում պատասխան տվեցին, այլ դրեցին հանրային քննարկման: Պայամանագրի նախագիծը լուրջ վրդովմունք առաջացրեց աբխազական հանրության մոտ: Ինքնիշխանության համար հազարավոր զոհեր տված ժողովուրդը պատրաստ չէր այդ նույն ինքնիշխանության զոհաբերմանը:

Հոկտեմբերի 30-ին Աբխազիայի խորհրդարանին ներկայացված պայմանագիրն արդեն կրում էր «Դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին» անվանումը, պայմանագրի դրույթներում Աբխազիայի ինքնիշխանությանը կպչող դրույթներ չկան, ռուս-աբխազական պայամանգրի Սուխումում ստեղծված տարբերակն ամբողջովին երկու իրավահավասար սուբյեկտների միջև կնքված համաձայնագիր է հիշեցնում:

Այս օրինակը ցույց է տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ քննադատությունը չափազանցված է, Ռուսաստանի դերն ու նշանակությունը՝ դեմոնիզացված: Փոքրիկ ու անվտանգության առումով մեծ խնդիրներ ունեցող Աբխազիան կարողանում է հստակ առաջ տանել իր ազգային շահը և կուլ չգնալ ստորացուցիչ առաջարկներին: Քայլ, որը չկարողացավ կատարել Սերժ Սարգսյանը՝ նվաստացնելով Հայաստան գործոնը միջազգային հարաբերություններում: Արցախյան պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանը վերածվել էր կարևոր գործոնի, որի զարգացումն ու տարածաշրջանային դերակատարության մեծացումը պետք է դառնար մեր ամենօրյա ջանքների առարկան: Սակայն հայաստանյան հասարակության գործոնի վերացումը ներքին կյանքում ի վերջո բերեց ինքնիշխանության էական կորստի: Սերժ Սարգսյանի քայլի սխալականությունն ավելի է ընդգծվում աբխազական օրինակի ֆոնին: Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը, անդեմ մեծամասնությամբ Ազգային ժողովի գոյությունը Հայաստանին սպառնում են միջազգային մակարդակով նոր ստորացումներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում