Գլխավոր Լրահոս

Ոչ մի տեղ չնայող պատուհա՞ն

Ոչ մի տեղ չնայող պատուհա՞ն

Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստը:

«Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կոմերցիոն տեսակետից անիմաստ է, այդ իսկ պատճառով արդյունավետ չէ: Դա նման է այն բանին, որ պատի վրա լուսամուտ տեղադրես, որը նայում է ոչ մի տեղ»,- հայտարարել է «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերության (ՌԺԴ) նախագահ Վլադիմիր Յակունինը: ՌԺԴ-ն Հայաստանի երկաթուղին շահագործող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մայր ընկերությունն է:

Յակունինի հայտարարությունը հայաստանյան որոշ շրջանակների կողմից ընկալվել է որպես Ռուսաստանի կողմից արգելք Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը: Բացառված չէ, որ պաշտոնական Մոսկվան իր (ռուս ընդդիմադիրների կարծիքով) ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի միջոցով մեսիջներ է տալիս պաշտոնական Երևանին, որ չի ողջունում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Իրենց իրավունքն է այդպես կարծելն ու այդ նախագծի հետ կապված հոռետեսական կանխատեսումներ անելը:

Սակայն ՀՀ գործող իշխանությունները պարտավոր են պաշտպանել երկրի ռազմավարական շահերն ու գործուն քայլեր անել էներգետիկ ու տրանսպորտային դիվերսիֆիկացիան ու անվտանգությունն ապահովելու համար:

Դեռ 2008թ. ՀՀ Ազգային ժողովին հղած ուղերձում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»: 2008-ից անցել է արդեն յոթ տարի, սակայն առարկայական որևէ քայլ չի կատարվել այդ նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ: Ինչպես Սերժ Սարգսյանի խոստումների գերակշիռ մասը, այս խոստումը ևս իրականություն չէ:

ՀՀ իշխանություններից որևէ մակարդակով Յակունինի հայտարարությանը պատասխան չէ եղել, և հազիվ թե լինի: Ռուսական շարքային կոռումպացված պաշտոնյան կարող է ազդեցություն ունենալ ՀՀ իշխանությունների վարքագծի վրա:

Երկրի տնտեսությունը հիմնահատակ ավերած իշխանությունը, որն իր քաղաքացիների հիմնական մասին «պահում» է ռուսական «խոպանի» հաշվին, բնականաբար չի կարող ըստ արժանվույն պատասխանել Յակունինի նման չինովնիկներին: Հայաստանի իշխանությունները հավանաբար չինովնիկի հայտարարությունն ընդունել են ի գիտություն և այլևս անգամ չեն մտածում Իրանին կապող երկաթգիծ կառուցելու մասին:

Նույնիսկ անիմաստ է բացատրել, թե ինչ կարևորություն ունի Հայաստանի երկաթուղու միացումը իրանական ցանցին: Յակունինի ասած «ոչ մի տեղ չնայող պատուհանը» Հայաստանին հնարավորություն է տալիս իրանական երկաթգծային ցանցի միջոցով դուրս գալ Պարսից ծոց և օգտվել Իրանի առևտրային նավահանգիստներից: Դա հնարավորություն կտա էականորեն թուլացնել արտաքին առևտրաշրջանառության առումով կախվածությունը Վրաստանից, դիվերսիֆիկացնել երկրի տրանսպորտային ելքերը: Իրանական նավահանգիստները, ինչպիսիք են, օրինակ՝ Խորրամշահրը, Իմամ Հոմեյնին, Բանդար Աբբասը, լավագույնս հարմարեցված են կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնելու համար, համապտասխանում են միջազգային չափանիշներին և զինված են ժամանակակից սարքավորումներով: Այդ նավահանգիստները կապված են երկաթգծային ցանցին և ավտոմայրուղիներին:

Տեսարան Իրանի Բանդար Աբբաս քաղաքից:

Իրանի հետ երկաթգծային հաղորդակցություն ունենալը Հայաստանի համար հնարավորություն է նաև թուլացնելու էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Իր հերթին դա Իրանին հնարավորություն է տալիս ուժեղացնել դիրքերը Հարավային Կովկասում:

Թերևս տարածաշրջանում Իրանի նման խաղացողի դիրքերի ամրապնդումն է անհանգստացնում Մոսկվային, որը թերագնահատում է Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս նախագիծը: Ռուսաստանը իրավունք ունի պաշտպանել իր ռազմավարական շահերը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը պարտավոր է իր հերթին պաշտպանել ու սպասարկել սեփական շահերը: Սակայն երկրի ինքնիշխանությունը տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական մակարդակներում Ռուսաստանին զիջած Սերժ Սարգսյանը հազիվ թե ի վիճակի լինի հակազդել Մոսկվային: Յակունինի հայտարարությունը թերևս կընդունվի ոչ թե որպես  կարծիք, այլ հրահանգ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում