Փետրվարյան իրադարձություններից հետո Սարգսյանը խախտեց լռությունը, և խոսեց հանրության հետ: Բաղրամյան փողոցի ցույցերին ի պատասխան` նա հունիսի 27-ին հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման ամբողջ բեռը: Դա նշանակում է, որ կրկին այդ գումարը քաղաքացիներն են վճարելու: Փաստացի նա քաղաքացիներին ասում է՝ «դուք չեք վճարի, դա կվճարենք մենք՝ ձեր փողերից»:
Իշխանական մեդիաները և հանրապետականները փորձեցին դա ներկայացնել որպես հաղթանակ, ու փորձում էին դա անել՝ կեղծելով իրականությունը: Ցանկացած բանիմաց մարդ տեղյակ է, որ բյուջեն ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերով և պարտքի միջոցով, իսկ պարտքը փակելու համար վճարում են քաղաքացիները: Իշխանական մեդիան ու հանրապետականները փորձում էին պնդել, որ քաղաքացիները չեն վճարելու՝ ցույց տալով իրենց անտեղյակությունը կամ էլ փորձելով մանիպուլացնել:
Իրականում 2015թ. բյուջեն արդեն հաստատված է, և նման ծախսի համար նախատեսված գումար չկա: Սարգսյանը հայտարարել է, որ ընթացիկ ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսված միջոցներից: Նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի «անվտանգության ամրապնդման համար նախատեսված գումար» ասելով: Կարելի է ենթադրել, որ պաշտպանության նախարարության համար նախատեսված գումարներից կվերցնի: Այսինքն՝ ըստ Սարգսյանի, ամրապնդելու ենք էներգետիկ անվտանգությունը, բայց միևնույն ժամանակ հարցականի տակ դնենք անվտանգության մյուս ոլորտները:
Սարգսյանն իր ելույթում պնդել է, որ խորապես համոզված է՝ սակագնի բարձրացումը արդարացված է: Նաև նշել է, որ եթե աուդիտի եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի ՀԷՑ-ից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Մի կողմից Սարգսյանը համոզված է, որ թանկացումը հիմնավոր է, մյուս կողմից արդեն խոսում է գումար վերադարձնելու մասին: Եթե հնարավոր են չարաշահումները, ապա Սարգսյանը որտեղի՞ց համոզմունք ունի, որ գնի բարձրացումը հիմնավոր է:
Ինչպես միշտ Սերժ Սարգսյանը խոսեց ժողովրդավարության և այդ ճանապարհից չշեղվելու անհրաժեշտության մասին: Երևի հունիսի 23-ին ցույցի ցրումը և իր կառավարման տարիներին քաղաքական բռնաճնշումները ևս այդ ժողովրդավարական ճանապարհի մասին են խոսում:
Իրականում Սարգսյանն իր ելույթով լուծում չի տվել «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից բարձրացված պահանջներին: Հունիսի 26-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը երեք պահանջ է առաջադրել՝ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի որոշումը; վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով; պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին քաղաքացիների հանդեպ ուժ կիրառած ոստիկաներին և հրաման տվողներին:
Այս պահանջներից և ոչ մեկը կատարված չէ, ինչը նշանակում է, որ շարժումը պետք է շարունակի պայքարը առաջադրված խնդիրները լուծելու համար:












