Գլխավոր Լրահոս

#ElectricYerevan. Շարժման անատոմիան, Սիվիլիթաս հիմնադրամի ամփոփագիրը

#ElectricYerevan. Շարժման անատոմիան, Սիվիլիթաս հիմնադրամի ամփոփագիրը

Բաղրամյան պողոտան հունիսի 23-ի լուսաբացին, ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրում է ցույցը (Ֆոտոլուր):

Սիվիլիթաս հիմնադրամը հրապարակել է «#ElectricYerevan. Շարժման անատոմիան» խորագիրը կրող տեղեկանք, որն ամփոփում է էլեկտրաէներգիայի թանկացման, դրա դեմ սկսված շարժման հետ կապված իրադարձությունները, առաջարկում էլեկտրաէներգետիկ ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումներ:

Հուլիսի 6-ին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երկու շաբաթ տևած ցույցերից հետո, ոստիկանությունը Երևանի Բաղրամյան պողոտան ազատեց ցուցարարներից և բացեց երթևեկությունը: Պողոտան փակ մնաց երկու շաբաթ: Սա քաղաքացիական ընդվզման աննախադեպ դրսևորում էր Հայաստանում, որի հիմքում ընկած են ավելի շատ գործոններ, քան սոսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է:

Սիվիլիթաս հիմնադրամի այս տեղեկանքն ամփոփում է էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ զարգացումները, դրանց խորքային պատճառները և ուրվագծում հնարավոր լուծումները:

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից՝ 38.78 դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ հայտ էր ներկայացրել մայիսի 8-ին:

ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն ստեղծվել է 2002թ. ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է: ՀԷՑ-ը ստեղծվել է Հայաստանում գործող չորս էլեկտրաբաշխիչ ընկերությունների միաձուլման արդյունքում: «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրացմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն է:

2009-ից ի վեր ՀԾԿՀ-ն չորրորդ անգամ է բարձրացնում էլեկտրաէներգիայի սակագինը: Վեց տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի ցերեկային սակագինը 25 դրամից բարձրացել է մինչև 42 դրամ, իսկ գիշերային սակագինը՝ 15 դրամից մինչև 32 դրամ:

Թանկացման հիմնավորումները

ՀԾԿՀ-ն իր հունիսի 17-ի որոշումը պայմանավորեց նրանով, որ անցած երեք տարիներին ՀԷՑ-ը կուտակել է մոտ 37 մլրդ դրամի վնաս, և սակագնով դեռ չի փոխհատուցվել 23.4 մլրդ-ը: Հանձնաժողովի պնդմամբ՝ ՀԷՑ-ի ունեցած 23.4 մլրդ դրամի վնասը պայմանավորված է սակավաջրությամբ, ատոմակայանի աշխատանքի նախատեսվածից երկար դադարով, դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություններով, և պարտքի կուտակումը ՀԷՑ-ի հետ կապ չունի:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ավելի վաղ՝ մայիսի 14-ին, հայտարարել էր, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հայաստանից կախված չէ՝ միաժամանակ նշելով, որ թանկացման պատճառներից մեկն էլ ՀԷՑ-ի վատ կառավարումն է ու գողությունը:

Մայիսի սկզբին իրենց արտադրած էլեկտրաէներգիայի գնման սակագները բարձրացնելու հայտով ՀԾԿՀ-ին դիմեցին Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հինգ խոշոր ձեռնարկությունները՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ), «Սևան Հրազդան կասկադ ՀԷԿ-երի համալիրը» (պատկանում է «Միջազային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին, որի բաժնետոմսերի սեփականատերը ռուսական «Ռուս Հիդրո» ընկերությունն է), Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը (բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին) և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը (պատկանում է «Գազպրոմ»-ին): ՀԾԿՀ-ն փոփոխություններ կատարեց այս ձեռնարկությունների արտադրած էլեկտրաէներգիայի սակագներում:

Աղյուսակ՝ Արտադրող կայանների սակագները՝ ներկայում և օգոստոսի 1-ից

 Ներկայում միադրույք սակագինը, 1 կՎտ/ժ-դրամ, առանց ԱԱՀօգոստոսի 1-ից միադրույք սակագինը, 1 կՎտ/ժ-դրամ, առանց ԱԱՀ
ՀԱԷԿ11.410.4
Սևան Հրազդան կասկադ7.211.0
Որոտանի ՀԷԿ7.99.1
Երևանի ՋԷԿ29.127.8
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ33.435.0
Հրազդանի ՋԷԿ49.244.4

Հանրային դիսկուրսը

Այն պահից, երբ ՀԷՑ-ը հայտ ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, հայաստանյան մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին այդ ընկերության կողմից նախկինում կատարված ծախսերը, չարաշահումները, շքեղ մեքենաների և բնակարանների վարձակալությունը և այլն: Մամուլի հրապարակումներում և սոցիալական ցանցերում երկու հարց էր շեշտադրվում.

ա) ինչո՞ւ պետք է սպառողը ավելի թանկ վճարի էլեկտրաէներգիայի համար, եթե ՀԷՑ-ի պարտքերը գոյացել են ոչ արդյունավետ ծախսերի, չարաշահումների, կորուստների և գողությունների արդյունքում, ինչը չեն հերքում նաև ոլորտը կարգավորող մարմնի և կառավարության պատասխանատուները,

բ) ինչո՞ւ է կարգավորող հանձնաժողովը բարձրացնում սակագինը, երբ ակնհայտ են անարդյունավետությունն ու չարաշահումներն այս ընկերությունում:

Թեև ՀԾԿՀ-ն փորձեց հիմնավորել, որ ՀԷՑ-ում չարաշահումների ու անարդյունավետության արդյունքում գոյացած պարտքը հաշվի չի առնվել նոր սակագինը հաշվարկելիս, բողոքի ցույցերը չհանդարտվեցին: Դրանց հիմքում ընկան հենց այս երկու հիմնական հարցադրումները, իսկ էներգետիկ համակարգի կառուցվածքային խնդիրները մնացին ստվերում:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հունիսի 10-ին մի հարցազրույցում խոստովանեց, որ հանրային դիսկուրսն իսկապես կենտրոնացել է ավտոմեքենաների և տների վարձակալության վրա, «որոնք սակագնի հաշվարկում 1 տոկոսից էլ պակաս են կազմում», մինչդեռ էներգետիկայի ոլորտի համակարգային խնդիրների մասին չի խոսվում: Նա կառավարությանը քննադատեց ոլորտում փոփոխություններ չիրականացնելու համար: Բիբինն իր հարցազրույցում խոսեց նաև չվճարումների մասին՝ առանձնացնելով «Նաիրիտի» և «Վանաձոր Քիմպրոմի» համապատասխանաբար 9.8 մլրդ դրամ և 2.5 մլրդ դրամ պարտքը ՀԷՑ-ին:

«ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկը նույնպես հայտարարեց, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում բարդ իրադրությունը բացառապես տնտեսական հիմքեր ունի և կապված է ոլորտի կարգավորման համակարգային խնդիրների հետ, և չբացառեց, որ աուդիտից հետո ՀԷՑ-ը կարող է վաճառվել: Կովալչուկը նշեց, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացման, Մեծամորի ատոմակայանի վերանորոգման և կանգի, ինչպես նաև Հայաստանի ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության նվազման արդյունքում ՀԷՑ-ը չի ստացել 37 մլրդ դրամ եկամուտ: ՀԾԿՀ-ն Կովալչուկի հայտարարությունը որակեց «հիմնազուրկ»:

Հունիսին Համաշխարհային բանկը Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտի քաղաքականության վերաբերյալ տեղեկանք հրապարակեց՝ ընդգծելով առաջարկի և պահանջարկի միջև խորացող բացը և նոր արտադրող կայանների կառուցման անհրաժեշտությունը, էներգախնայողության միջոցառումների ընդլայնումը, սակագների կառուցվածքի բարելավումը և այլն:

Այնուամենայնիվ, ՀԷՑ-ի գործուենության մի շարք դրվագներ խոսում են, որ այս ընկերությունը կարող էր էապես արդյունավետ լինել նույնիսկ էներգետիկ համակարգում վերոնշյալ համակարգային խնդիրների պայմաններում:

ՀԷՑ-ի 2013թ. ֆինանսական հաշվետվությունը, որ հրապարակվել է հեղինակավոր Ernst and Young ընկերության աուդիտի եզրակացությամբ, ցույց է տալիս, որ 2013թ. ընկերությունը ծրագրված 13,4 մլրդ դրամ շահույթի փոխարեն կուտակել է ևս 9,88 մլրդ դրամի վնաս, կուտակած ընդհանուր վնասը կազմել է 44,47 մլրդ դրամ, ՀԷՑ-ը խախտել է վարկային պարտավորությունները։

Համաձայն հաշվետվության՝ ՀԷՑ-ը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խախտել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Վնեշէկոնոմբանկի» հետ 2009թ. կնքված վարկային պայմանագրերը: ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունը վկայում էր, որ ընկերությունը փաստացի կանգնած է սնանկացման եզրին։ 2013թ. վերջի դրությամբ ՀԷՑ-ի կուտակած վնասը կազմել է 44,47 մլրդ դրամ, որի 45 տոկոսը կուտակվել է 2012-2013 թթ. ընթացքում։

***

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշումը հանրության կասկածները հարուցեց ոչ միայն ՀԷՑ-ում արձանագրված չարաշահումների և ոչ արդյունավետ ծախսերի պատճառով, այլև որ հանձնաժողովը ՀԷՑ-ում թույլատրում էր կորուստների շատ բարձր մակարդակ՝ 11.2 տոկոս, որի համար վճարելու են սպառողները: «Հայկական ժամանակ» թերթը նկատում է, որ տարեկան ճիշտ այդքան էլեկտրաէներգիա արտադրում է Հայաստանի հզորագույն կայաններից մեկը՝ Որոտանի ՀԷԿ-ը, այսինքն՝ մի հսկա կայանի արտադրած էլեկտրաէներգիան «անհետ կորում է», որի գումարային արժեքը մոտ 70 մլն դոլար է։

ՀԷՑ-ի ոչ արդյունավետ կառավարման մասին է փաստում նաև աշխատակիցների մեծ թիվը՝ 7850 հոգի, 1 աշխատակցին բաժին ընկնող մՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակը, էլեկտրաէներգիայի տեղափոխման օպերացիոն մեծ ծախսերը և այլն:

Հանրության վստահությունը չի վայելում նաև ՀԾԿՀ-ն որպես որոշումներ կայացնող մարմին: Թեև օրենքով հանձնաժողովը կառավարությունից անկախ կառույց է, սակայն գործնականում կառավարության և նախագահական նստավայրի անմիջական ազդեցության տակ է: Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որոնց բոլորին նշանակում է ՀՀ նախագահը: Հինգ անդամներից երկուսին՝ ՀԾԿՀ նախագահին և տեղակալին, նախագահը նշանակում է վարչապետի ներկայացմամբ:

ՀԾԿՀ-ն թանկացման որոշումը կայացնելիս չկարողացավ հանրությանը սպառիչ պատասխան տալ, թե որքանով են ՀԷՑ-ի ծախսերը արդյունավետ, կորուստները հիմնավորված և շահույթները ողջամիտ՝ տպավորություն թողնելով, որ կատարում է իրեն իջեցված հրահանգը: Հունիսի 17-ի որոշումից հետո ՀԾԿՀ նախագահը հայտարարեց. «Սա մեր խաչն է, պետք է տանենք»:

Բողոքի ցույցերը, իշխանությունների արձագանքը

Հունիսի 17-ին, երբ ՀԾԿՀ-ն նիստ էր գումարել սակագնի հարցը քննարկելու համար, հանձնաժողովի շենքի մոտ բողոք ցույց անցկացրին ՀՅԴ երիտասարդները:

Հունիսի 19-ին՝ ուրբաթ երեկոյան, Երևանի Ազատության հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքը վերածվեց նստացույցի՝ պահանջով, որ մինչև երկուշաբթի 18:00-ն չեղարկվի էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի երեկոյան ցուցարարները որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, բայց ոստիկանական ուժերի կողմից կանգնեցվեցին փողոցի սկզբնամասում: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ, ջրցան մեքենաներով ցրեց ցույցը, հաղորդեց 237 քաղաքացու բերման ենթարկելու մասին: Դրանց թվում էին նաև լրագրողներ, որոնցից մի քանիսի նկատմամբ բռնություն էր կիրառվել:

Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում ավելի մեծ բազմություն հավաքվեց, որը կրկին շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա և փակեց այն՝ փողոցի աղբամաններից պատրաստելով բարիկադներ: Ցուցարարները մերժեցին իրենց հետ հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:

Ցուցարարներին ոստիկանության հետ բախումներից պաշտպանելու համար մի խումբ քաղաքական գործիչներ և հանրային դեմքեր կենդանի պատ կազմեցին ոստիկանության և ցուցարարների միջև: Կենդանի պատ ծառայելու համար եկել էին նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ցուցարարները, որոնք հայտարարում էին՝ իրենց պահանջները քաղաքական չեն, վանկարկումներով նրանցից պահանջեցին հեռանալ այդտեղից՝ թերևս ակամա ընդգծելով, որ իրենց պահանջի հիմքում քաղաքական տարր կա:

***

Բաղրամյան պողոտայում բազմության մեծացման և պահանջների պատկերին ուշագրավ էր հունիսի 26-ին Սարգսյանի հանդիպումը Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման մասին նախագահականի տարածած հաղորդագրությունում երեք կարևոր լուր կար.

ա) նախագահը կարևորում է ՀԷՑ-ում մանրազնին աուդիտի անցկացումը,

բ) Ռուսաստանը 200 մլն դոլար արտահանման արտոնյալ վարկ է տրամադրում Հայաստանին՝ Ռուսաստանից սպառազինություն գնելու համար,

գ) Գյումրիում հունվարին ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի գործը հանձնվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ [հունվարին ՀՀ գլխավոր դատախազը, վկայակոչելով Ռուսաստանի սահմանադրությունը, անհնար էր համարել գործի վարույթի հանձնումը հայկական կողմին]:

Մամուլում հրապարակումներ եղան նաև, որ Ռուսաստանում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ: [Հարությունյանը 2013թ. հուլիսին իր վարած բեռնատարով Պոդոլսկում բախվել էր մարդատար ավտոբուսի, որի հետևանքով զոհվել էր 18 հոգի, վիրավորվել 30-ը: Նա ռուսական դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման: Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական լրատվամիջոցների և իրավապահ մարմինների կողմից դրսևորվել էր ազգային արժանապատվությունը վիրավորող խտրական մոտեցում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Հայաստանում]:

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, համոզմունք հայտնեց, որ սակագնի բարձրացումն արդարացված է, բայց հայտարարեց.

ա) միջազգային հեղինակավոր ընկերության կողմից ՀԷՑ-ում անցկացնել աուդիտ, դրանում ներգրավել նաև բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից մի քանիսին և պարզել՝ ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը; սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին,

բ) մինչև աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, բայց չի դիպչի ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին, այլ գումարներ կգտնի «անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:

Սերժ Սարգսյանը չբացառեց ՀԷՑ-ի ազգայնացումը և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռն իր վրա վերցնելու կառավարության պատրաստակամությունը ավելի խորացրեց կասկածները հանրության շրջանում: Հիմնական պնդումն այն էր, որ բյուջեի գումարները ևս ժողովրդի գումարներն են, չի կարելի հատուցել 7 դրամ թանկացման բեռը, թանկացման որոշումը պետք է չեղարկվի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սուբսիդավորումը կիրականացվի ոչ բյուջեի հաշվին, սակայն չմանրամասնեց, թե ինչ միջոցներից: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն էլ լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ միջոցներից է փոխհատուցվելու սակագնի 7 դրամ բարձրացումը:

Բաղրամյան պողոտայի ցույցի մասնակիցները բաժանվեցին երկու մասի: «Ոչ թալանին» նախաձեռնությունը, իշխանության զիջումները համարելով մարտավարական հաղթանակ, հունիսի 28-ի երեկոյան հավաքին դիմեց բազմությանը՝ առաջարկելով գնալ Ազատության հրապարակ և պայքարը տեղափոխել մասնագիտական հարթություն: Քաղաքացիների գերակշիռ մասը մնաց Բաղրամյան պողոտայում, իսկ Ազատության հրապարակում ցույցը ժամեր անց մարեց: Երկու օր անց «Ոչ թալանին»-ի երիտասարդները վերադարձան Բաղրամյան պողոտա:

Թեև ոստիկանությունը մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն ժամանակ էր տվել ազատելու Բաղրամյան պողոտան, սակայն չգնաց իրավիճակի սրման և ընտրեց շարժումը մաշեցնելու մարտավարությունը: Հունիսի 29-ից սկսած յուրաքանչյուր հաջորդ օր Բաղրամյան պողոտան ավելի սակավամարդ էր դառնում: Հուլիսի 5-ին շարժումը հայտարարեց իր երեք պահանջի մասին՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը; պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին; էլեկտրաէներգիայի սակագինը վերանայել դեպի նվազում: Շարժումը խոստացավ, որ եթե իրենց պահանջներից որևէ մեկը չբավարարվի, ապա հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, ժամը 21:00-ին իրենք կսկսեն մեկ քայլ առաջ ակցիա՝ ամեն օր աղբաման-բարիկադները առաջ տանելով դեպի վեր՝ առանց նախագահական նստավայրը՝ Բաղրամյան 26-ը գրավելու մտադրության:

Հուլիսի 6-ին կեսօրն անց ոստիկանությունը առանց լուրջ դիմադրության աղբամանները հեռացրեց և բացեց Բաղրամյան պողոտան: Ոստիկանները հինգ տասնյակ մարդու բերման ենթարկեցին, բայց կարճ ժամանակ անց բաց թողեցին: Երեկոյան բերման ենթարկվածների մեծ մասը մասնակցում էր Ազատության հրապարակում հրավիրված հավաքին:

Բաղրամյան պողոտայում ընդվզման օրերին ուշագրավ էր իշխանական և իշխանամերձ հեռուստատեսությունների և լրատվամիջոցների՝ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքը ցույցերի նկատմամբ:

Ռուսաստանի արձագանքը

Ռուսական լրատվամիջոցները և հանրությունը նյարդային արձագանքեցին Երևանում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ զուգահեռներ անցկացնելով ուկրաինական մայդանի հետ: Նյարդային արձագանքի պատճառը նաև այն էր, որ բողոքի ցույցն ուղղված էր ռուսական ընկերության դեմ: Թեև երևանյան փողոցում  քաղաքական կամ աշխարհաքաղաքական որևէ պահանջ չհնչեց, և հիմնական պահանջը սոցիալական էր՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացումը, ռուսական պետական լրատվամիջոցները շտապեցին հակառուսական տարրեր փնտրել երևանյան իրադարձություններում:

Ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներ սեփական թիմերն էին գործուղել Երևան:

«Վեստի» լրատվական հեռուստաալիքը հունիսի 23-ի բախումների մեղքը բարդեց ցուցարարների վրա և հաղորդեց, որ տուժել է 18 մարդ, որից 11-ը՝ ոստիկան: Իսկ «Ռեն Թի-Վի» հեռուստաալիքը հաղորդեց, թե իշխանությունները փորձում են հասկանալ` ով էր վճարել այս նոր հեղափոխության փորձի համար: Նույն ալիքի Երևան գործուղված թղթակիցը իր ռեպորտաժում նշում էր․ «Պարզ չէ, թե ով առաջինը արտաբերեց «հայկական մայդան» բառակապակցությունը, սակայն երևանյան և ուկրաինական իրադարձությունների նմանությունը չնկատել հնարավոր չէ»:

Հավասարակշիռ և օբյեկտիվ տեղեկատվություն էին հաղորդում ռուսական «Դոժդ» առցանց հեռուստաալիքը և Slon.ru կայքը: Slon.ru-ն, համեմատություն անցկացնելով ուկրաինական մայդանի և երևանյան իրադարձությունների միջև, գրեց, որ չնայած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առանձին ապրած 24 տարիներին՝ հետխորհրդրային հանրապետությունների քաղաքացիական հանրությունն առերեսվում է նույն խնդիրներին՝ թույլ զարգացած ժողովրդավարական ինստիտուտներ, կոռուպցիայի չափից բարձր մակարդակ, անկախ դատական համակարգի բացակայություն, սոցիալական մեծ բևեռացում, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ թշնամական վերաբերմունք, փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականություն, բռնություններ ոստիկանությունում և ազատազրկման վայրերում:

Ուշագրավ էր Ռուսաստանի պաշտոնական արձագանքը հայաստանյան իրադարձություններին:

Հունիսի 23-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսատանն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է՝ «իրադրությունն առաջիկայում կկարգավորվի` ըստ օրենքի»:

Հունիսի 30-ին Պեսկովը հայտարարեց, որ նախագահներ Պուտինն ու Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ նրա՝ նախագահները «չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ դա ներհայաստանյան խնդիր է, և քննարկումն իրականացվել է երկկողմ հարաբերությունների շուրջ»: Պուտինը զանգել էր Սարգսյանին՝ շնորհավորելու նրա ծննդյան տոնը:

Հուլիսի 2-ին, արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հիմքը խիստ տնտեսական է՝ նշելով, սակայն, որ «ինչ-որ մեկին ձեռնտու է այդ գործընթացները քաղաքական ուղղությամբ զարգացնելը»: «Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, մայդանը Ուկրաինայում: Նույն կերպ շատերն ունեն գայթակղություն՝ օգտագործելու Հայաստանում ներկայում կատարվող իրադարձությունները՝ ուժեղացնելու հակակառավարական տրամադրությունները, թեև այդ իրադարձությունների հիմքը խիստ տնտեսական է»,- հայտարարեց Լավրովը:

Հայաստանում ուկրաինական մայդանի կրկնության մտավախություններն էին թերևս պատճառը, որ Մոսկվան մի քանի օրում Հայաստանի համար արեց այն, ինչ անհնար էր թվում մի քանի ամիս առաջ, այդ թվում՝ Գյումրիի սպանության գործի վարույթի հանձնումը հայկական կողմին և սպառազանիության համար 200 մլն դոլար արտոնյալ վարկի տրամադրումը: Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Ռազմական վարկ խաղաղ լույսի համար» վերնագրված հոդվածում գրեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ֆինանսավորվելու է վարկային այս հատկացումներից [սա հավանական է, մանավանդ, որ Հայաստանի կառավարությունը չի բացահայտում, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորելու սակագնի բարձրացումը]:

Հետաքրքրական էր այս որոշումների կայացման ժամանակահատվածը: Հուլիսի 2-ին, երբ Բաղրամյան պողոտայում թեժ ցույցեր էին ընթանում, ցուցարարներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող խորհրդարանը արտահերթ նիստում վավերացրեց հայ-ռուսական վարկային համաձայնագիրը:

Հուլիսի 4-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից» 40 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրել Հայաստանին՝ ոռոգման համակարգերի արդիականացման համար: Էլեկտրաէներգետիկայի տեսանկյունից այս ծրագրի իրականացումը կարևոր է նրանով, որ Հայաստանը չունի ջրերը ոռոգման նպատակով ամբարելու բավարար ենթակառուցվածքներ և հաճախ ջուրն ուղղում է ՀԷԿ-եր՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ ի հաշիվ ոռոգման:

Ուշագրավ էր, որ Բաղրամյան պողոտայում ցույցերի օրերին ջրի սակագնի բարձրացման հայտը ՀԾԿՀ-ից հետ կանչեց «Երևան ջուր» ընկերությունը՝ թերևս զգուշանալով, որ բողոքի ալիքը կարող է ուղղվել

Միջազգային արձագանքը

Երևանում և Հայաստանում սկիզբ առած շարժմանը լայնորեն արձագանքեցին արևմտյան երկրները և միջազգային կազմակերպությունները:

Հունիսի 23-ին  Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ «խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են»: ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն հայտնեց հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում «ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումների համար»: ԱՄՆ դեսպանությունը Թվիթերի իր էջում հայտարարությամբ հանդես եկավ նաև ցույցերի ամենալարված օրը՝ հունիսի 28-ին, ցուցարարներին և ոստիկաններին հորդորելով զգուշանալ իրադրության սրումից:

Հայտարարությամբ հանդես եկան նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Լրագրողների նկատմամբ բռնությունը քննադատեց  ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝  Հայաստանի իշխանություններին կոչ անելով շուտափույթ հետաքննել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերն ու ապահովել լրագրողների հանդեպ իրավապահ մարմինների զսպվածությունը:

Հայտարարությամբ հանդես եկան նաև «Լրագրողներ առանց սահմանների» և Human Rights Watch կազմակերպությունները՝ դատապարտելով Հայաստանի ոստիկանության կողմից  «լրագրողների նկատմամբ թիրախավորված բռնությունը»:

Հայտարարություններ տարածեցին նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը (հունիսի 25), ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակը  (հունիսի 25):

Թերևս նաև միջազգային այսքան մեծ ուշադրությունն էր, որ Հայաստանի իշխանություններին զերծ պահեց ցույցը ցրելու և իրավիճակը սրելու գործողություններից:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը ակնհայտ ցույց տվեց, որ այն ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ պայքար է: Թեև փողոցի ճնշումը կարևոր է, որ կառավարությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի ոլորտի համակարգային խնդիրներին և լուծումներ գտնի, սակայն փողոցի ճնշումը նաև չպետք է կառավարությանը դրդի կայացնելու պատեհապաշտ որոշումներ: Դեռ մինչև ՀԷՑ-ում անցկացվելիք հերթական աուդիտը և դրա եզրակացությունը, տեսանելի են այն հիմնական խնդիրները, որոնք ծառացել են այս ընկերության և ընդհանրապես Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտի առջև: Խնդրին չի կարելի նայել միակողմանիորեն՝ միայն սպառողների տեսանկյունից: Էներգետիկան ռազմավարական ոլորտ է Հայաստանի համար, և այստեղ կայացվող որոշումները պետք է հաշվի առնեն բոլոր խաղացողների շահերը և ոլորտի հետագա զարգացումը: ՀԷՑ-ում և էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բարելավելու համար հետևյալ լուծումները կարող են արդյունավետ լինել.

ՀԷՑ-ի մասով

  • ՀԷՑ-ը ազգայնացնել, բաժանել մի քանի մասերի, ամեն մասը մրցութային կարգով հանձնել տարբեր ընկերությունների: Մրցույթները դարձնել պարբերական (օրինակ՝ 4-5 տարին մեկ), կառավարումը հանձնել այն ընկերությանը, որը առավել հաջողակ է կորուստների կրճատման, աշխատանքի արտադրողականության և ներդրումների արդյունավետության բարձրացման հարցում:
  • ՀԷՑ-ի սեփականատերերը կարող են տարբեր լինել, այն կարող է լինել նաև պետական սեփականություն: Յուրաքանչյուր դեպքում պետք է մենաշնորհային ակտիվի վրա ստեղել կառավարման շուկա:

Էլեկտրաէներգետիկ ոլորտի մասով

  • Օրենսդրորեն և գործնականում ապահովել ՀԾԿՀ անկախությունը, այս մարմնին ավելի շատ լիազորություն շնորհել՝ հետևելու իր կարգավորման տիրույթում գտնվող (մենաշնորհային) ընկերությունների արդյունավետությանը և, ըստ անհրաժեշտության, ստիպելու կրճատել ծախսերը:
  • Պետական միջամտությամբ հավասարակշռել ընդհանուր էներգաբալանսը՝ թույլ չտալով, օրինակ, որ միաժամանակ կանգ առնեն էժան էլեկտրաէներգիա արտադրող խոշոր կայանները:
  • Ապահովել Որոտանի ՀԷԿ-ի թափանցիկ կառավարումը, արդիականացումը, հզորությունների մեծացումը և նրա մասնաբաժնի ավելացումը ընդհանուր էներգաբալանսում և, ընդհակառակը, սահմանափակել Հրազդանի ՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը: [Համաշխարհային բանկն իր պատրաստած տեղեկանքում Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի իրականացման ձևը, որի համար Հայաստանի կառավարությունը ստացել է 180 մլն դոլար, համարում է մարտահրավեր Հայաստանի էներգետիկ համակարգին: Տեղեկանքում ընդգծվում է, որ Որոտանի ՀԷԿ-ը վաճառվել է ուղղակի բանակցությունների միջոցով՝ առանց մրցույթի; ՀԷԿ-ի հիմնանորոգման համար գերմանական KfW բանկը արդեն իսկ տրամադրել էր 50 մլն եվրո վարկ; Հայաստանի կառավարության նպատակն էր բարձրացնել արդյունավետությունը, մինչդեռ նոր մասնավոր օպերատորը՝ ամերիկյան Contour Global ընկերությունը (մեծ փորձ չունի) և ներկայում շահագործում է ընդամենը երկու ՀԷԿ Բրազիլիայում՝ 40 Մվտ դրվածքային հզորությամբ; Հայաստանի կառավարությունը շատ սահմանափակ տեղեկատվություն է բացահայտել հանրությանը]:
  • Էլեկտրաէներգիայի պահանջարկի պիկային հատվածներում ավելի շատ ապավինել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին (1 կՎտ=33.4 դրամ), քան Հրազդանի ՋԷԿ-ին (1 կՎտ=49.1 դրամ):
  • Ջրամբարների և ջրային այլ ենթակառուցվածքների ստեղծմամբ հնարավորություն ստեղծել, որ էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող ջուրը չուղղվի ոռոգմանը և հակառակը:
  • Խրախուսել այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, դրա համար ներդրումներ ներգրավել Եվրոպական Միությունից և միջազգային այլ դոնորներից:
  • Արագացնել Իրանի հետ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, վերանայել Իրանի հետ համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանը իրանական ներդրումների համար նրան փոխհատուցելու է ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայով:
  • Արագացնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:
  • Բազմազանեցնել էներգիայի աղբյուրները, խրախուսել էժան էներգետիկայի զարգացումը:
  • Պետական քաղաքականության օրակարգ բերել էներգախնայողության ծրագրերը:
  • Դադարեցնել որոշ պետական էլեկտրաէներգետիկ ընկերությունների՝ այլոց վարկավորելու նպատակով վարկեր վերցնելու պրակտիկան: [Օրինակ, Երևանի ՋԷԿ-ի կողմից «Նաիրիտ»-ի համար պարտքը]:
  • Վրաստանի հետ իրականացնել էլեկտրաէներգիայի առևտուր, երկու երկրների միջև հնարավորություն ստեղծել փոխադարձաբար հավասարակշռելու էլեկտրաէներգետիկ շուկան:

Հեղինակ՝ Կարեն Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում