Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին այսօր` մարտի 7-ին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: Հանդիպումը տեղի կունենա դիվանագիտական ֆորումի շրջանակներում՝ եռակողմ ձևաչափով»,- Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախօրեին` մարտի 6-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ էր ունեցել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ, հայտնել էր Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հաղորդվում է, որ Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները: Արտգործնախարարների բանակցությունները մարտի 6-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի շարունակությունն էին։
https://civilnet.am/%d5%a2%d5%a1%d5%aa%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/%d5%b8%d6%82%d5%af%d6%80%d5%a1%d5%ab%d5%b6%d5%a1/
Civilnet











