Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են անցկացվելու Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 18 համայնքներում։ Դրանցում մասնակցության հայտ է ներկայացրել 24 կուսակցություն և դաշինք։
Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏԻՄ ընտրություններին և համայնքային իշխանություններում մշտապես ցածր է եղել։ Իրավիճակը տեսանելիորեն բարելավվեց 2020-ին ընտրական օրենսգրքի բարեփոխումներից հետո։ Ներկայում քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ընտրակարգով ընտրությունների ցուցակներում ամեն երրորդ թեկնածուն պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ։
Եթե ՏԻՄ ընտրություններին կանանց ներգրավվածությունը առնվազն նախնական ընտրացուցակների մեկ երրորդում (առնվազն 30%) ապահովվում է քվոտայով, ապա այն սահմանափակ ձևով է ազդում ընտրություններից առաջ և հետո կանանց կողմից ներկայվող ինքնաբացարկներին և մանդատը վայր դնելուն։
Համայնքի ղեկավարի 54 թեկնածուների թվում՝ ընդամենը մեկ կին թեկնածու
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է սեպտեմբերի 25-ին կայանալիք համայնքային ընտրություններին քաղաքական ուժերի ներկայացրած 55 ընտրական ցուցակները։ Միայն մի դեպքում է, որ դրանցում առաջին համարը՝ համայնքի ղեկավարի թեկնածուն, կին է։ Դա Կոտայքի մարզի ավելի քան 39 000 բնակիչ ունեցող Չարենցավան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Անահիտ Խեչոյանն է։
Բացի այդ, կանայք կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում կազմում են միջինը 30-34%-ը՝ օրենքով նախատեսված նվազագույնը։ Այս առումով կրկին առանձնացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի՝ վեց համայնքում ընտրությունների ներկայացրած ցուցակներում կանանց համամասնությունը կազմում է քիչ ավելի՝ միջինը 38%։ Չարենցավան համայնքում այդ ցուցանիշը 42% կամ 26 թեկնածուից 11-ը:
Որոշ համայնքներում կին թեկնածուների նման համեմատաբար բարձր ցուցանիշ ունեն նաև «Հայ ազգային կոնգրես» (41%), «Քաղաքացիական պայմանագիր» (48%), «Վերելք» (43%) կուսակցությունները։ Սակայն վերջիններիս դեպքում սա պայմանավորվում է ցուցակի վերջում կին թեկնածուների ավելացմամբ կամ արական սեռի ավագանու թեկնածուների ներկայացրած ինքնաբացարկներով։
Կանանց մասնակցության ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում է, որտեղ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ընտրական ցուցակում 31 թեկնածուներից ընդամենը 3-ն է կին կամ 9,7%-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) կուսակցության ընտրացուցակը ներկայացնելուց հետո 14 կին թեկնածուներից 11-ը ինքնաբացարկ են հայտնել։
Հատկանշական է, որ «Դեմոկրատական այլընտրանք»-ին Ճամբարակում այլընտրանք չկա. կուսակցությանը համամասնական ընտրությունների միակ մասնակիցն է։
Հաջորդ ցածր ցուցանիշը Արագածոտնի Թալին համայնքում Հայ հեղափոխական դաշնակցությանն է, որտեղ 18-ից միայն չորս թեկնածուն է կին (22%)։ Ցուցակում վեց կին ինքնաբացարկ է հայտարարել։
Համայնքներում ղեկավարների 3,8%-ն է կին, ավագինու անդամների՝ շուրջ 22%-ը
Հայաստանում ներկայում կա 79 համայնք, որից 72-ը խոշորացված են։ Դրանցից միայն երեքում կամ 3,8%-ում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է կին։ Դրանք են Շիրակի Ամասիա, Արարատի Վերին Դվին համայնքները և Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը։ Վերջինս առաջին քաղաքային տիպի խոշոր համայնքն է, որը կին է գլխավորում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը։
Նախկինում այս ցուցանիշը ևս բարձր չի եղել՝ մինչև համայնքների խոշորացումը ավելի քան 20 տարվա ընթացքում համայնքի ղեկավարների մոտ 2%-ն է եղել կին։ 2016-ին 793 համայնքներից 17-ն են ղեկավարել կանայք։
Ներկայում ՏԻՄ-երում ընդհանուր կա ավագանու 1672 անդամ, որից 363-ը (22%) կանայք են։ Այս ցուցանիշը, ի տարբերություն համայնքի կին ղեկավարների, վերջին տարիներին զգալիորեն աճել է․ եթե 2016-2020 թթ. ընթացքում՝ մինչև օրենսդրական բարեփոխումներով գենդերային քվոտայի ներմուծումը, կանայք կազմում էին ավագանու անդամների մոտ 10%-ը, ապա ներկայում այս ցուցանիշը կազմում է մոտ 22%:
Ինֆոգրաֆիկայում ներառված չեն Վեդի համայնքի 2022-ի մարտին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Աղբյուր՝ WomenNet.am
2021-ին համայքների խոշորացման արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված համայնքնային իշխանություններում (4000-ից ավելի բնակիչ ունեցող) կանանց ներգրավվածության աճը ավելի ակնառու է՝ 45 նորընտիր ավագանիններում կանայք կազմում են միջինում 31%-ը։
Գենդերային քվոտայի օրենսդրական պահանջը չի գործում մեծամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություններում, որոնք նախորդ տարի անկացվել են յոթ համայնքներում՝ Արևուտ, Մեծաձոր, Արզնի, Լերմոնտովո, Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո։ Այս տարի համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվելու են Ալագյազ համայնքում։ Բոլորն ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներ են։
Աղբյուրը՝ WomenNet.am
Փաստենք, որ 2020-ի օրենսդրական բարեփոխումները դրական են ազդել ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության վրա։ Մասնավորապես, համամասնական ընտրակարգով ընտրված ավագանիների կազմում պահպանվում է օրենքով սահմանված համամասնությունը։ Միաժամանակ, սեռային քվոտան չի գործում համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրման պարագայում և այն մնում է կուսակցությունների և դաշինքների քաղաքական կամքի դաշտում։
CivilNetCheck
Civilnet











