Գլխավոր Լրահոս

Զատուլինը կեղծում է. նա Հայաստանին և ՀՀ վարչապետին վերագրել է «միջանցք» տալու համաձայնություն

Զատուլինը կեղծում է. նա Հայաստանին և ՀՀ վարչապետին վերագրել է «միջանցք» տալու համաձայնություն

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck 

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նոյեմբերի 11-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է, թե երբևիցե չի հայտարարել, թե 2020-ի նոյեմբերի 9-ին հայտարարության մեջ Հայաստանը ստորագրել է Ադրբեջանին «միջանցք» տալու համաձայնության մասին։

«Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել։ Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանից պահանջում, որ Հայաստանը միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ կատարել։ Դա արդեն հետո սկսեցին գրել, թե Զատուլինը Հայաստանին վերագրում է միջանցքի համաձայնություն, մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ նման համաձայնություն չկա»,- պնդել է է Զատուլինը։ 

ՌԴ պատգամավորը անդրադարձել էր նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հայտարարությանը, որ ինքը՝ Զատուլինը, Հայաստանին վերագրել է միջանցքի համաձայնություն։

«Զատուլինը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք ստորագրել ենք միջանցք և նա ասում է՝ գնացեք ստորագրողին հարցրեք, թե ինչու է ստորագրել։ Սա Ալիևի նարատիվն է»,- նշել էր Ղազարյանը։

Զատուլինի՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցը արտատպել են tert.am, yerkir.am, news.5tv.am, aravot.am, 24news.am, auroranews.am և այլ լրատվական կայքեր։

Այնուամենայնիվ, սակայն, 2022-ի հոկտեմբերի 15-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Զատուլինը երկու անգամ բառացիորեն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է «միջանցքը ստորագրել»։

«Ուրեմն, հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագիրը։ Հայկական կողմից դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում։ Եվ ինչո՞ւ են նա և հայերը այդ հարցերը վերահասցեագրում Ռուսաստանին։ Այդ ձեր վարչապետն է ստորագրել նման պայման։ Ուրեմն, գոյություն ունեն տարբեր կարծիքներ այդ միջանցքի մասին»,- ասել էր Զատուլինը։ 

Այնուհետև Զատուլինն իր խոսքում պնդել էր, թե Փաշինյանը ստորագրել է «միջանցքի» մասին. «Ուրեմն եթե իրենք՝ հայերը, վերընտրում են կառավարությունը 2021 թվականին, ապա ինչո՞ւ են նրանք պահանջներ ներկայացնում Ռուսաստանին՝ միջանցքի հետ կապված։ Միջանցքը ստորագրել է Փաշինյանը։ Եթե դուք համարում եք, որ նա պետք է շարունակի ղեկավարել կառավարությունը, ապա ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը»։ 

Այսպիսով, ՌԴ պատգամավոր  Զատուլինը փաստացի սրբագրում է իր խոսքերը՝ պնդելով, թե չի հայտարարել, որ Հայաստանը «միջանցքի» համաձայնություն է տվել։ Նա իր խոսքում հստակ նշել է, որ վարչապետ Փաշինյանը ստորագրել է «միջանցքի» մասին պայմանը։ 

Հոկտեմբերի 25-ին հայտնի էր դարձել, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, ինչը այնուհետև հաստատել էր ՌԴ պատգամավորը։ 

Զատուլինը հոկտեմբերի 26-ին տելեգրամյան իր ալիքում անդրադարձել էր  Հայաստան մուտք գործելու արգելքին և պնդումներ վերագրել հայաստանյան պատգամավորին։

Մասնավորապես, նա գրել էր, թե իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը ուրախությամբ է հայտարարել, որ Զատուլինին Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարելը վկայում է Ադրբեջանի հետ ծագող ընդհանրության մասին, քանի որ Ադրբեջանը իր մուտքը արգելել էր դեռևս 2010-ին։
«Փաստերի ստուգման հարթակ»-ի մեր գործընկերները ուսումնասիրել էին Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցները և պարզել, որ վերջինս «Հայաստանի և Ադրբեջանի ծագող ընդհանրության մասին» հայտարարություն չի արել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում