Հայաստանից Ադրբեջան արտահանում եղե՞լ է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

Հայաստանյան լրատվամիջոցները ապրիլի 16-ին, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանքների արտահանում է գրանցվել։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց Պետական մաքսային կոմիտեին, նշել են, որ 2026-ի առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանք, իսկ Հայաստան է արտահանել 5,757 մլն դոլարի ապրանք:
Սակայն հայկական որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի էջեր այդ 960 դոլարը ներկայացրել են որպես 960 միլիոն դոլար։ Դրանց թվում են News.am-ը, ֆեյսբուքյան մի շարք էջեր և տելեգրամյան ալիքներ։

Լրատվամիջոցներն ավելի ուշ կապ էին հաստատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ, որտեղից հայտնել էին՝ Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։
«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների, Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- հայտնել են ՊԵԿ-ից։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի զեկույցում այդ տվյալներն իսկապես առկա են։
Ի՞նչ են փաստում Ադրբեջանի պաշտոնական թվերը
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալներում ներկայացված է, որ Ադրբեջանից 2026թ. առաջին եռամսյակում Հայաստան է արտահանվել 5,757 մլն դոլար, ինչը Ադրբեջանի ընդհանուր արտահանման մեջ աննշան թիվ է: Իսկ Հայաստանից ներկրվել է ընդամենը 960 դոլարի ապրանք։

Զեկույցում մանրամասն տեղեկատվություն չկա, թե կոնկրետ որ ապրանքատեսակներն են կազմել այս առևտրաշրջանառությունը:
Վիճակագրությունների տարբերության պատճառն այն է, որ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի հրապարակած պաշտոնական փաստաթղթում նշված է, որ ներմուծման ծավալը հաշվարկվում է «ըստ ապրանքի ծագման երկրի»։ Այսինքն՝ հայկական ծագում ունեցող ապրանքը կարող է հաշվառվել որպես ներմուծում Հայաստանից, նույնիսկ եթե այն Ադրբեջան է հասել երրորդ երկրից (օրինակ՝ Վրաստանի կամ Ռուսաստանի միջոցով)։
Այսպիսով, 960 դոլարի ներմուծումը վերաբերում է հայկական ծագում ունեցող ապրանքին, որը կարող էր ներկրվել երրորդ երկրից։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն ավելի ուշ մեկնաբանել է ադրբեջանական APA-ին՝ հայտնելով, որ 2026 թ. մարտին 960 դոլարի վարդեր են ներմուծվել Նիդեռլանդներից։ Սակայն, համաձայն «արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների» (3.3 կետ), ներմուծման դեպքում ապրանքի ծագման երկիրը համարվում է գործընկեր երկիրը, ինչի արդյունքում նշված վարդերը մաքսային վիճակագրությունում արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծում։
Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ 2025-ին Ադրբեջանը Հայաստանից որևէ ապրանք չի ներմուծել, սակայն փոխարենը արտահանել է 789,000 դոլարի ապրանք։ Նշենք, որ 2025-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել բենզինի առաջին խմբաքանակը, մինչ այդ Ադրբեջանը թույլ էր տվել իր տարածքով ներմուծել ռուսական ու ղազախական հացահատիկ։
2024-ին, ինչպես նաև 2023-ին և նախորդող տարիներին, ըստ Ադրբեջանի մաքսային տվյալների, Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն չի գրանցվել։
Այսպիսով, ներկայացված տվյալները վերաբերում են հայկական ծագում ունեցող ապրանքներին և չեն վկայում Հայաստանից Ադրբեջան ուղիղ արտահանման փաստի մասին։
Նելլի Լազարյան
CivilNetCheck










