Գլխավոր Լրահոս

Ոստիկանությանը տրամադրվող գումարները բանակի հատկացումներից ավելի շատ չեն. տնտեսագետը սխալվում է

Ոստիկանությանը տրամադրվող գումարները բանակի հատկացումներից ավելի շատ չեն. տնտեսագետը սխալվում է

Անի Գրիգորյան, Հայկ Հովհաննիսյան #CivilNetCheck

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերլուծելով 2023-ի պետական բյուջեն, հայտարարել է, թե պետական բյուջով ոստիկանությանը տրամադրվող գումարները շատ ավելի են, քան բանակին տրամադրվող գումարները։ 

«Խզումը տրամաբանության կամ առաջնահերթությունների նաև արտահայտվում է նրանում, որ, օրինակ, գիտությանը հատկացված ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին, ինչը իր հերթին շատ ավելի է, քան բանակին տրամադրվող ծախսերը»,- հայտարարել է Մանասերյանը։ 

Մանասերյանը նաև հայտարարել է, որ տարեվերջին աղքատությունը կլինի 42%։ 

Տնտեսագետի խոսքը տարածել են sputnik.armenia, aravot.am, news.am, yerevan.today, politik.am, panorama.am լրատվական կայքերը։

Տնտեսագետի պնդումները, սակայն, չեն համապատասխանում իրականությանը. պետբյուջեից գիտության ֆինանսավորումը չի զիջում ոստիկանությանը 6 անգամ, իսկ բանակին տրամադրվող գումարները մի քանի անգամ գերազանցում են ոստիկանության հատկացումներին։   

2023-ի բյուջեի հատկացումները 

2023-ի բյուջեով ոստիկանությանը նախատեսվում է ուղղել 76,2 միլիարդ դրամ՝ 10 միլիարդով ավել 2022-ին նախատեսվածից (66,5 մլրդ դրամ)։ 

Գիտությանը, ըստ 2023-ի բյուջեի, կուղղվի 29,8 միլիարդ դրամ, որը 2022-ի համամետ ավել է մոտ 4,6 միլիարդ դրամով։ 2022-ին նախատեսվել էր 25,1 միլիարդ դրամ, որը 2021-ի հատկացումից ավելի էր 10 միլիարդով (2021՝ 15,1 միլիարդ)։ Փաստացի 2023-ի նախագծով՝ 2021-ի հատկացումների համեմատ գիտության ֆինանսավորումը կրկնակի է։

Ինչպես պարզ է դառնում բյուջեի տվյալներից, գիտության ֆինանսավորումը (29,8 մլրդ) ոստիկանությանը (76,2 մլրդ) զիջում է ոչ թե 6, այլ 2,5 անգամ։ 

Ինչ վերաբերում է բանակի ֆինանսավորմանը, ապա 2023-ին պաշտպանության նախարարությանը նախատեսվում է ուղղել 505,7 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից ավել է 160 միլիարդով (2022` 345,4 միլիարդ)։ 

Ավելի վաղը #CivilNetCheck-ն արդեն գրել էր, որ կառավարությունը ռազմական բյուջեն 2023-ին նախատեսում է ավելացնել 47,2% ՝ 340,5 միլիարդից դարձնելով 501,2։   

Այպիսով, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի պնդումը, թե պետական բյուջով ոստիկանությանը տրամադրվող գումարները շատ ավելի են, քան բանակին հատկացումները, չի համապատասպանում իրականությանը։ ՊՆ-ին ուղղվող հատկացումները գերազանցում են շուրջ 6,5 անգամ։ 

Աղքատության աճի մասին

«Տնտեսության աճը անպայման պետք է բերի աղքատության կրճատման։ Միանգամից ուզում եմ նշել, որ, ցավոք սրտի, մենք ունենք պարադոքսալ վիճակ՝ որ տնտեսությունը աճում է երկնիշ թվով և ունենք դրան զուգահեռ ոչ թե աղքատության կրճատում […], այլ աղքատությունն աճ,- հայտարարել է Մանասերյանը՝ հավելելով, որ տարվա վերջին աղքատությունը կլինի 42%,- Ամեն երկրորդ քաղաքացին Հայաստանում աղքատ է»։ 

Այսօր՝ նոյմեբերի 30-ին, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2022» զեկույցը, որում ամփոփվում են 2021-ի ցուցանիշները։ 2022-ի տվյալները պարզ կլինեն 2023-ին միայն։ 

Գրաֆիկը՝ armstat.am-ի

Այսպիսով, 2021-ին աղքատության միջին գիծը, ըստ Վիճակագրական կոմիտեի, եղել է 26,5%, իսկ վերին գիծը` 45,7%։

Մանասերյանը նշում է, որ 2022-ի վերջին աղքատությունը կլինի 42%, սակայն չի հստակեցնում՝ միջին, թե վերին գիծը նկատի ունի։ 

Եթե տնտեսագետը նկատի ունի միջին գիծը, ապա աղքատությունը մեկ տարվա ընթացքում, ըստ նրա, ավելի քան 1,5 անգամ աճել է, ինչն աննախադեպ է և անիրատեսական։ 

Իսկ եթե նկատի ունի վերին գիծը, ապա ի հակառակ պնդման, թե աղքատությունը աճել է, ստացվում է, որ 2021-ի համեմատ նվազել է, քանի որ նախորդ տարի վերին գիծը 45,7% էր։ 

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել Թաթուլ Մանասերյանի հետ պարզաբանում ստանալու համար, սակայն մեր մի շարք զանգերին չպատասխանեց։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում