Հայկ Հովհաննիսյան, CivilNetCheck
«Ես կոչ եմ անում անհապաղ բացել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենքի մատակարարումը՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»,- թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքներով։
???? - Au @Senat avec @alensimonyan, Président du Parlement #arménien. J’ai demandé la réouverture immédiate du couloir de Latchine qui relie l’Arménie et le Haut-Karabagh & l’accélération de la livraison d’armes défensives par la France à l’Arménie pour assurer sa sécurité ! pic.twitter.com/nYmgfDMBim
— Gérard Larcher (@gerard_larcher) July 13, 2023
Ֆրանսիայի Սենատի նախագահի այս հայտարարությունը վերջին շրջանում Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման վերաբերյալ տարածվող խոսակցությունների առաջին պաշտոնական հաստատումն է։
Պաշտոնական հայտարարություններ և ասեկոսեներ՝ մատակարարվող սպառազինության վերաբերյալ
Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության փոխանցման մասին խոսակցությունները սկսեցին 2022-ի հոկտեմբերին, երբ Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակության՝ Երևան այցի և ռազմական համագործակցության ամրապնդման քննարկումների վերաբերյալ։ Նույն հանդիպմանը հաստատվել էր նաև Ֆրանսիայի ռազմական կցորդի նշանակումը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը գնահատել էր որպես հնարավորություն՝ երկու երկրների պաշտպանական ոլորտի երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։
Այս իրադարձություններին 2023-ի ապրիլին արձագանքել էր ֆրանսիական Intelligenceonline․fr վերլուծական կայքը և եզրակացրել, որ Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանին զենքի համակարգված մատակարարումներ իրականացնել։
Շաբաթներ անց ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը, հղում անելով իբր Ուկրաինայի հետախուզական ծառայության աղբուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է Հայաստանին 50 զրահափոխադրիչ մատակարարել։ Վերջին ամիսներին տարատեսակ աղբյուրներ հայտնել են Ֆրանսիայի կողմից Հայաստանին VAB Mk3 զրահափոխադրիչներ, Mistral ՀՕՊ համակարգեր, Caesar տեսակի կամ համանման հրետանային համակարգերի մատակարարելու ծրագրերի մասին, սակայն այս պնդումներից և ոչ մեկը փաստացի չի հաստատվել։
Վերջին շրջանում տեղի են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական ոլորտի պատվիրակությունների բազմաթիվ հանդիպումներ, փոխադարձ այցելություններ, սակայն առավել ուշագրավ է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպման մասին 2023-ի հունիսի 20-ի ՊՆ հաղորդագրությունը։ Դրանում նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է «2022թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքը»։
CivilNetCheck
Civilnet











