«Գազրպոմ Արմենիա»-ի անունից խաբում են ու գումարներ կորզում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Համացանցում ակտիվորեն տարածվում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից հաղորդագրություններ, թե իբր Հայաստանի քաղաքացիները բաժնեթղթերում ֆինանսական փոքր ներդրումների դիմաց կարող են մեծ գումարներ աշխատել։
Ընդ որում, հաղորդագրությունները տարածվում են ֆեյսբուքյան գովազդների միջոցով միաժամանակ տասնյակ կեղծ էջերից՝ թիրախավորելով հայաստանյան օգտատերերին։ Դրանք խոստանում են արագ և մեծ եկամուտներ՝ չնչին ներդրումների դիմաց։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որտեղից հերքեցին տեղեկությունը և հերթական զգուշացումը տարածեցին։
Քաղաքացիները շարունակում են զեղծարարների զոհ դառնալ, չնայած ավելի վաղ նույն թեմայով զգուշացումներ էին տարածել ՀՀ կենտրոնական բանկը և Ազգային անվտանգության ծառայությունը։
#CivilNetCheck-ը որոշեց ծանոթանալ «խոստումնալից» գովազդային հայտարարություններից մեկին և հասկանալ, թե ինչպես է գործում զեղծարարների սխեման։
Ինչպե՞ս են դառնում խաբեության զոհ
Սեղմելով ֆեյսբուքյան հայտարարության վրա՝ հայտնվեցինք իբր «Գազպրոմ Արմենիա»-ի ենթադրյալ «ներդրումային կայքում», որտեղ առաջարկվում էր ներդրումային հաշիվ բացել և միանգամից ստանալ 50 000 դրամ պարգևավճար։

Biigccorrp.shop կայքում, որի ակնհայտ կեղծ հասցեն շատ քաղաքացիների մոտ կարող է անգամ կասկած չառաջացնել, լրացրեցինք պահանջվող տվյալները։ Ժամեր անց Ռուսաստանում գրանցված հեռախոսահամարից զանգ ստացանք։ Զրուցակիցը վարժ ռուսերենով ներկայացավ որպես Ելենա և հայտնեց, որ ներկայացնում է OANDA բրոքերային ընկերութունը։
Մոտ կես ժամ տևած հեռախոսազրույցում, որի ընթացքում մենք ներկայացանք որպես ռուսերենին վատ տիրապետող հայ վաճառական, «բրոքեր» Ելենան սիրալիր ձայնով պատմեց, թե ինչպես կարելի է իրենց միջոցով ներդրումային միջավայրում իբր արագ եկամուտներ ստանալ։ Նա վստահեցնում էր, որ թեև OANDA-ն Հայաստանում գրասենյակ չունի, սակայն այն գործունեության լիցենզիա ունի ՀՀ կենտրոնական բանկից։

Զեղծարարները կապ չունեն նաև OANDA-ի հետ
OANDA-ն արժութային շուկաներում գործող հայտնի բրոքերային ընկերություն է, որի կայքում նշված է, որ ընկերության ծառայությունները չեն գործում այն երկրներում, որտեղ այն անհամատեղելի է տեղական օրենքների հետ:
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի համաձայն՝ օտարերկրյա ներդրումային ընկերությունները չեն կարող ներդրումային ծառայություններ մատուցել Հայաստանում, եթե չունեն այստեղ գրացված մասնաճյուղ։ OANDA-ն Հայաստանում գրանցվում չունի և բացակայում է ԿԲ-ի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերությունների ցանկում։
Ընկերությունը չունի մասնաճյուղ նաև ԱՊՀ այլ երկրներում, ուստի մեր զրուցակիցները ոչ մի կերպ չեն կարող հանդիսանալ OANDA-ի աշխատակիցներ։ Նրանց մատնանշած «ԱՊՀ մասնաճյուղի կայքում» ներկայացված տվյալները ևս կեղծ են, ղեկավարության անվանումները՝ հորինված, նկարները՝ վերցված համացանցից։

Կայքում «ղեկավարության» նկարներում իրականում Stock լուսանկարների մոդելներ են։
Մեր հետ հեռախոսազրույցում տարբեր անուններով և պաշտոններով ներկայացող ռուսախոս խաբեբաները կտրականապես հրաժարվեցին տեսակապով շարունակել «ներդրումների» վերաբերյալ քննարկումը։
Իսկ ինչպե՞ս են գողացվում խաբեության զոհ դարձած մարդկանց գումարները
Այսպիսով, արդեն ամբողջովին պարզ է, որ գործ ունենք խարդախների հետ, սակայն ինչպե՞ս են նրանք պատրաստվում տիրանալ մեր ֆինանսական միջոցներին։ Ավելի պարզ, քան կարելի էր պատկերացնել։
Պարզվում է՝ հաշիվ բացելու համար նվազագույն սկզբնական ներդրումը կազմում է 45 000 դրամ, որից հետո նրանց կողմից իբր կտրամադրվի 50 000 դրամ համաֆինանսավորումը։ Սակայն մեր «խորհրդատուները» արգելում են մեզ գումարը ինքնուրույն վերբեռնել OANDA կամ կապ հաստատել «Գազպրոմ Արմենիա»-ի հետ։

Ներդումային հաշիվը լիցքավորելու համար պետք է գումարը փոխանցել հայաստանյան բանկերում իբր հատուկ մեր համար ստեղծված «ներդումային քարտին», ինչից հետո իբրև ֆինանսական փորձագետը և ապահովագրական գործակալը կօգնեն ճիշտ կառավարել այդ միջոցները։

Նշված քարտը վիրտուալ (թվային) է և պատկանում է Հայաստանում գրանցված «Արդշինբանկի» քարտապաններից մեկին։ Նման հաշիվներ զեղծարարները շատ ունեն, քանի որ մեր խնդրանքով շուտով մեզ տրամադրեցին մեկ ուրիշը՝ կրկին «Արդշինբանկում» գրանցված։
Նշված քարտին գումարի փոխանցումից հետո զեղծարարները տրամաբանորեն տեղափոխելու էին գումարը այլ հաշիվներ և դադարեցնելու էին կապը։ Մենք պատճառաբանեցինք, թե տեխնիկական խնդիրերի պատճառով չենք կարող ներկայում փոխանցել գումարը։ Մեր մի քանի ճշտող հարցերից հետո զեղծարարները ընդհատեցին կապը։
Զոհի հետ հապ հաստատելու համար օգտագործվում են ինչպես մեծամասամբ ռուսական, այնպես էլ այլ երկների հեռախոսահամարներ՝ +79675190522 +79774659661, +74951180298, +74951331220, +74951514717, +443300013482, +442086384341։
Հաշվի առնելով նաև զեղծարարների ռուսերեն վարժ խոսքը՝ կարելի է ենթադրել, որ նրանք գործում են ՌԴ-ից։
Այսպիսով, «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից հանդես եկող զեղծարարները հեշտ եկամտի խոստումներով մոլորեցնում են քաղաքացիներին, այնուհետև իբր ներդրումային առևտրային շուկաներում գրանցելու պատրվակով հափշտակում են միջոցներ քարտային փոխանցումների միջոցով։
CivilNetCheck
Civilnet










