Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը օգոստոսի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պնդելով, թե ԱԺ պատգամավորները 2023-ի ընթացքում պարգևավճար չեն ստացել։
«2023թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը՝ յոթուկես ամսվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար»,- գրել է Թունյանը։
Միչնդեռ, ուսումնասիրելով Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, պարզում ենք, որ 2023-ի մարտի 7-ի կարգադրությամբ՝ ԱԺ կին պատգամավորները պարգևատրվել են կանանց տոնի առթիվ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ մարտին ստացել են պարգևատրում՝ 48 հազար դրամ։
Պատգամավորներին պարգևատրելու մասին որևէ այլ կարգադրություն ԱԺ պաշտոնական կայքում առկա չէ։ Մի քանի անգամ պարգևատրվել են ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները։
2022-ի պարգևավճարների մասին
Ի տարբերություն 2023-ի՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում (2022 հունիս-օգոստոս) ԱԺ պատգամավորներին պարգևատրել էին նաև Սահմանադրության օրվա առթիվ։ Այս տարի, փաստացի, Սահմանադրության օրվա առթիվ ԱԺ պատգամավորներին չեն պարգևատրել։
Նշենք, որ 2023-ի բյուջեի նախագծով Ազգային ժողովում պարգևատրումների և դրամական խրախուսումների համար նախատեսվել է ընդհանուր շուրջ 543 մլն դրամ։
2022-ի հունվարին Բաբկեն Թունյանը կրկին հայտարարել էր, թե պատգամավորները պարգևավճար չեն ստանում։ Մինչդեռ, պարզվել էր, որ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2021-ի դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ բոլոր պատգամավորները և ԱԺ աշխատակիցները ստացել էին պարգևատրում։
Թունյանը պարզաբանել էր, թե ինքը նկատի ուներ ամենամսյա պարգևավճարները։
Բաբկեն Թունյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ կին պատգամավորների՝ պարգևատրման մասին։
«Իմ կարծիքով՝ դա ոչ թե պարգևավճար էր, այլ մարտի 8-ի նվեր»,- ասաց Թունյանը՝ պնդելով, թե պետք է տարբերել դա «սովորական պարգևավճարից»։
CivilNetCheck
Civilnet











