Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քաղաքագիտության պրոֆեսոր Բարրի Փոզենը վերլուծում է, թե որքանով է ուկրաինական բանակի հակահարձակումն ի վիճակի բեկում մտցնելու պատերազմում։ Foreign Policy հանդեսում հրապարակված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Ռազմական պատմությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայի ներկայիս ռազմարշավը շատ ավելի սարսափելի է, քան հանրությունը գիտակցում է:
Ուկրաինայի կառավարության հայտարարած նպատակն է վերադարձնել բոլոր այն տարածքները, որոնք Ռուսաստանը գրավել է 2014-ից ի վեր, ներառյալ Ղրիմը։ Ռազմական գործողությունների միջոցով այդ նպատակին հասնելու համար ուկրաինացի զինվորականները պետք է կատարեն ամենադժվար ռազմական առաջադրանքներից մեկը՝ կտրեն խիտ, լավ պատրաստված պաշտպանական դիրքերը, գտնեն առաջխաղացման ճեղքը, այնուհետև կա՛մ արագ շարժվեն դեպի կարևոր աշխարհագրական նպատակ, օրինակ՝ Ազովի ծով՝ հույս ունենալով ճանապարհին կազմալուծել ռուսական բանակի մնացորդները, կա՛մ արագ փորձել շրջապատել Ռուսաստանի ուժերի զգալի մասը՝ նրանց ոչնչացնելու մտադրությամբ:
Այսօրինակ ռազմարշավ ձախողելը կնշանակի, որ Ուկրաինային, ամենայն հավանականությամբ, վիճակված է երկարատև քայքայման պատերազմ (war of attrition)՝ անբարենպաստ պատերազմ շատ ավելի բնակչություն ունեցող երկրի դեմ: Ուկրաինան, բնականաբար, ցանկանում է խուսափել քայքայման պատերազմից և հակահարձակման իր ռազմարշավը պսակել հաջողությամբ: Սակայն պատերազմների պատմությունը վկայում է, որ նման դեպքերում մարտահրավերները ավելի սարսափելի են, քան սովորաբար ենթադրվում է, առնվազն՝ արևմտյան հանրությունում:
Պատերազմում բեկում մտցնելու խնդիրը ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ եվրոպական երկրներն արդեն բավականաչափ հարուստ ու բնակեցված էին՝ պաշտպանելու շատ երկար ճակատներ, որոշ դեպքերում՝ գրեթե իրենց ամբողջ սահմանները: Նրանց այս ջանքերին նպաստեցին կրակային հզորության հսկայական բարելավումները, ներառյալ կրակի հեռահարությունը, արագությունը, ճշգրտությունը և մահաբերությունը, ինչը էլ ավելի էր մեծացնում պաշտպաններին բնորոշ առավելությունը՝ կռվելու տեղանքն ընտրելու կարողությունը, ամրությունների կառուցումն ու ուժերը այնպիսի դասավորումը, ինչը թույլ էր տալիս օգտագործել կրակային ուժը, օրինակ՝ դարանակալելու միջոցով:
Տանկի, կործանիչի և ռադիոմիջոցների զարգացումը հմուտ հարձակվողներին թույլ էին տալիս հաղթահարել պաշտպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, բայց ժամանակի ընթացքում պաշտպանները գտան նույն միջոցներն օգտագործելու ձևեր: Զրահատեխնիկայի շարժունակությունը պաշտպանվող կողմին թույլ է տալիս ռեզերվներն արագ տեղափոխել դեպի իր պաշտպանության այն հատվածները, որոնք, թվում է, փլուզման ամենամեծ վտանգի տակ են:
Ենթադրելով, որ կա ողջամիտ հակաօդային պաշտպանություն, զրահատեխնիկայի շարժը սեփական ճակատագծերի հետևում շատ ավելի հեշտ է, քան հարձակվող կողմի զրահատեխնիկայի առաջխաղացումը պաշտպանված դիրքի դեմ: Պաշտպանության հնարքների գործիքակազմին ավելանում է հակատանկային և հակահետևակային ականների զանգվածային կիրառումը, ինչը, ըստ ամերիկացի վերլուծաբանների, Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո շատ ծախսարդյունավետ է եղել զրահատեխնիկայի դեմ, որին բաժին է ընկել ոչնչացված զրահատեխնիկայի և տանկերի մինչև 20 տոկոսը:
Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի կինեմատոգրաֆիկ ներկայացումներում, թվում է, ավելի հեղհեղուկ մարտադաշտեր են, քան Առաջին համաշխարհայինի դեպքում, երկու պատերազմներն էլ վերածվել էին դաժան և արյունալի քայքայման մարտերի: Ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Երկրորդում ևս բոլոր կողմերում զինվորները փնտրում էին պաշտպանությունը կտրելու, շարժունակությունը վերականգնելու և մարտի դաշտում մանևրելու ուղիներ: Ի վերջո, նրանք գտան դա անելու ուղիներ, թեև միայն շատ ծանր կռիվներից և, որպես կանոն, միայն նյութական հսկայական առավելություն ձեռք բերելուց հետո: Յուրատեսակ ռազմական կանոն դարձավ, որ մարտական հզորության առնվազն 3/1 առավելություն է անհրաժեշտ լավ մշակված պաշտպանության դեմ հաջողության ողջամիտ հնարավորություն ունենալու համար:
Բայց հարձակվողները պետք է շատ ավելին անեն, քան նյութատեխնիկական գերազանցությունը կազմակերպելն է: Պետք է այնպես անեն, որ պաշտպանվողը թույլ լինի առջևում, որ կորցնի համախմբվածությունը նախնական որոշ մարտերից հետո; որ նրա մարտավարական ռեզերվները թուլանան նախնական այդ գործողությունների արդյունքում, հետաձգվի դրանց համալրումը մարտերի ընթացքում, կամ էլ պարզապես պարտվեն։ Նրա օպերացիոն ռեզերվները ևս մարտական խորամանկությամբ պետք է նախօրոք թուլացվեն կամ հավելյալ հարձակումներով շեղվեն այլ խնդիրների վրա, կամ էլ ջախջախվեն: Այս բոլոր խնդիրները պետք է համակարգված և սինխրոնիզացված լինեն, ինչը հեշտ գործ չէ որևէ բանակի համար:
Այս տողերը գրելիս մենք կարող ենք նկատել,- որքանով որ հակամարտող կողմերից հասանելի է տեղեկատվությունը,- Ուկրաինան ջանում է լուծել այս խնդիրներից մի քանիսը, հիմնականում՝ պաշտպանական գիծը ճեղքելու խնդիրը:
Այժմ բոլորին է հայտնի, որ ռուսները խիտ ու լավ կառուցված պաշտպանական համակարգ են ստեղծել։ Ականադաշտերը, խորը հակատանկային փոսերը և կոնկրետ խոչընդոտները դանդաղեցնում են հարձակվող կողմի ընթացքը։ Պաշտպանվողները՝ փորված պաշտպանական գծերից կամ բետոնե բունկերներից ուղիղ կրակով այդ խոչընդոտների դեմն առնում են գնդացիրներից և հակատանկային հրթիռներից: Նրանց, հավանաբար, աջակցում են տանկեր և զրահամեքենաներ, որոնք կրակում են փորված դիրքերից: Պաշտպանական կողմում մարտական մեքենաները հաճախ շարժվում են բազմաթիվ պատրաստված դիրքերի միջև՝ խուսափելով հակառակորդի ճնշող կրակից: Թիկունքից հրետանային կրակը թույլ է տալիս հարձակվողի վրա հանկարծակի մեծ քանակությամբ արկեր և հրթիռներ կենտրոնացնել, երբեմն՝ կասետային զինամթերքով: Հարձակվողը պետք է մաքրի ականապատ դաշտերը և վերացնի այլ խոչընդոտներ, երբ արդեն իսկ դիտարկվող կրակի տակ է: Նա հաճախ լռվում է դա անելիս, ինչը նշանակում է, որ պաշտպանվող կողմի կրակը շատ արդյունավետ է: Հարձակվողը կարող է ստիպված լինել շարժվել՝ չնայած ականների առկայությանը, իսկ ականները մեծացնում են նրա կորուստները:
Մենք նաև տեսանք, որ ռուսական հարվածային ուղղաթիռները գործում են որպես բավական շարժական մարտավարական ռեզերվ։ Երբ ուկրաինական ստորաբաժանումը չի կարողանում առաջ շարժվել արգելքի կամ ականապատ դաշտի պատճառով, ուղղաթիռների արձակած հրթիռները մեծացնում են ռուս պաշտպանների կարողությունը: Ցածր բարձրության մարտավարության պատճառով, որ հավանաբար օգտագործում են ռուս օդաչուները, ինչպես նաև նրանց հակատանկային զենքի հեռահարությունը, այս ուղղաթիռները շատ դժվար խոցելի են դարձնում ցամաքում տեղակայված ՀՕՊ-ի համար:
Այսպիսով, նշված խոչընդոտների ու կրակի համադրությունը դանդաղեցնում է հարձակվող կողմին և ի վերջո ոչնչացնում նրան: Մարտերից ստացվող տեղեկությունները վկայում են, որ արևմտյան ամենալավ զրահամեքենաները՝ Leopard II տանկերը և Bradley զրահամեքենաները, զգալի վնաս են կրել հարձակման փորձերի ժամանակ: Ուկրաինայի համար միակ դրականն այն է, որ անձնակազմը և հետևակային ջոկատները գոյատևում են մեքենայի վնասումից՝ շնորհիվ այդ մեքենաները մշակող արևմտյան ինժեներների: Սակայն դա բավարար չէ հարձակման հաջողության համար։ Բեկման համար մեքենաներն իրենք պետք է կարողանան առաջ շարժվել՝ իրենց կրակային ուժը տանելով հակառակորդի դիրքերի խորքը։
Պատմականորեն պաշտպանվող կողմին հյուծել են երկու միջոցներով: Ամենապարզը նախնական հարձակումն է, որն իսկապես ուղեկցվում է հարձակողական զանգվածային կրակի հզորության անմիջական ցնցումով: Հարձակվող ուժը պարզապես երկար ժամանակ կռվում է պաշտպանի դեմ՝ ընդունելով դրա համար վճարվող գինը, և խաղադրույք է անում, որ պաշտպանվող կողմը չի կարող կորուստները փոխարինել այն արագությամբ, ինչ հարձակվողը:
Ահա թե ինչ արեցին դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ կռվում էին գերմանացիների դեմ: Գերմանացիների մարտական հզորությունը ժամանակի ընթացքում պարզապես մաշվել էր՝ հիմնականում ճակատում կռվելիս, բայց նաև դաշնակիցների ռմբակոծությունների արդյունքում։ ԱՄՆ-ը, Խորհրդային Միությունը և Բրիտանիան, որ համախառն շատ ավելի մեծ բնակչություն և արդյունաբերական հզորություն ունեին, շատ ավելի շատ զենք էին արտադրում և շատ ավելի շատ ստորաբաժանումներ տեղակայում, քան նացիստները: Շարժական ռեզերվներով ապահովված համահունչ պաշտպանություն կազմակերպելու գերմանական բանակի լավագույն ջանքերը պարզապես ձախողվեցին բավարար ռեսուրսների բացակայության պատճառով, թեև դաշնակիցներից բավական ժամանակ պահանջվեց Վերմախտի մարտավարական խելամտությանը հասնելու համար:
Հակառակորդի կարողությունների լիակատար ոչնչացումը դաշնակիցների համար կարևոր գործիք էր պաշտպանության վերջնական փլուզմանը հասնելու համար: Արևմուտքի բեկումնային ջանքերը Միացյալ Նահանգների և Բրիտանիայի կողմից զանգվածային հրետանային կրակը կենտրոնացված ռմբակոծությունների հետ մեկտեղելն էր: Նույնն արեցին խորհրդային ուժերն արևելքում, թեև նրանք ավելի շատ ապավինում էին հրետանուն, քան օդուժին:
Չի երևում, որ Ուկրաինայի հրետանու, հրթիռային կայանների և անօդաչու թռչող սարքերի զինանոցը լիարժեք համապատասխանում է այս խնդրին, սակայն այս հարցի պատասխանը կարող է տալ միայն ծավալվող հակահարձակումը: Ու թեև Ուկրաինան հուսով է, որ Արևմուտքը շուտով իրեն կործանիչներ կմատակարարի, ԱՄՆ-ի՝ «Փոթորիկ անապատում» գործողության փորձն ընդդեմ Ռուսաստանից շատ ավելի քիչ ունակ հակառակորդի ցույց է տալիս, որ սպառազինության քանակությունը, որն անհրաժեշտ է ռուսական հակաօդային պաշտպանությունը ճնշելու, ապա խորքում ցամաքային զորքերի վրա հարձակվելու համար շատ ավելի նվազ է, քան մինչ այժմ գնահատված որևէ ցուցանիշ:
Հակառակորդի ուժերին գետնի վրա նոսրացնելու մյուս միջոցը նրան անակնկալ մատուցելն է ճակատի այն հատվածում, որտեղ պաշտպանությունը խոցելի է: Դա այն է, ինչ գերմանացիներն ամերիկացիների դեմ արեցին 1944-ի դեկտեմբերին Արդենյան անտառում՝ Բուլգի ճակատամարտում։
Միացյալ Նահանգները և Բրիտանիան չունեին բավարար ուժեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակումները շարունակելու համար: Միացյալ Նահանգներն օգտագործում էր Արդենների լեռնոտ և անտառապատ տեղանքը, որը համարվում է ավելի պաշտպանելի «ուժերը խնայելու» տեսանկյունից։
Նրանք ճակատը ոչ միայն ծածկեցին համաձայն իրենց իսկ դոկտրինով նախատեսվող խտության, այլև Արդեններն օգտագործեցին այնպես, ինչպես պատմաբան Չարլզ Մակդոնալդն (Charles B. MacDonald) է հետագայում նշում՝ տարածքը տրամադրելով ոչ լավ պատրաստված վետերան ստորաբաժանումներին, որոնք ուժասպառ էին և չէին կարող արագ վերականգնել ուժերը:
***
Բարրի Փոզենը (Barry R. Posen) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Անվտանգության ուսումնասիրությունների ծրագրում քաղաքագիտության պրոֆեսոր է: Որպես ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) անդամ 1982-ին նա աշխատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի աշխատակազմում, զբաղվել է Խորհրդային Միության ցամաքային զորքերի և ներգերմանական սահմանի երկայնքով զրահապատ բեկումնային գործողությունների հետ կապված հարցերով: Նա գրել է «Բեկումներ. զրահապատ հարձակումներ Արևմտյան Եվրոպայում 1944-ին» (Breakthroughs: Armored Offensives in Western Europe 1944.) գիրքը։
Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի
Հոդվածը՝ անգլերեն Ukraine Has a Breakthrough Problem
Civilnet











