Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 13-ին գրել են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ «Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի»։
Հրապարակումներում նշվում է, թե այս խոսքերը վարչապետն ասել է POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում։ Նմանատիպ հրապարակումներ արել են Infoport.am, mediahub.am, armeniatoday.news, past.am լրատվական կայքերը, ուկրաինական «Европейская правда»-ն և «Зеркало недели»-ն, ինչպես նաև մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ։

Նմանատիպ գլխագրերով են հանդես եկել նաև Infocom-ն ու «Ազատություն»-ը։
Փաշինյանը նման արտահայտություն չի արել, ձևակերպումը «Politico»-ինն է
Լրատվամիջոցները Փաշինյանին վերագրվող՝ «Մոսվկային որպես անվտանգության երաշխավոր այլևս չապավինելու» և «Ռուսաստանի աղետալի ներխուժման» մասին խոսքերը վերցրել են POLITICO Europe պարբերականի՝ սեպտեմբերի 13-ին հրապարակած հոդվածից, որի հենց սկզբում իրոք նշվում է, որ այդ մասին ասել է վարչապետ Փաշինյանը։
Սակայն այս ձևակերպումը ակնհայտորեն հենց պարբերականինն է՝ որպես հոդվածի նախաբան, ոչ թե վարչապետի ուղիղ խոսքը, քանի որ այն վերցված չէ չակերտների մեջ։

Վարչապետ Փաշինյանի հարցազրույցի տեսանյութը և ամբողջական սղագրությունը նույնը օրը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։ Տեսանյութից պարզ է դառնում, որ Փաշինյանը չի հնչեցրել իրեն վերագրվող խոսքերը՝ թե Հայաստանը, որպես իր անվտանգության երաշխավոր, այլևս չի ապավինում ՌԴ-ին՝ Ուկրաինա աղետալի ներխուժման պատճառով։
Հարցազրույցում միայն մի հատված կա, որտեղ Փաշինյանը համաձայնում է լրագրողի դիտարկմանը, որ այդ թվում Ուկրաինայի պատերազմի պատճառով է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահները ձախողում են իրենց առաքելությունը։
Այսինքն՝ այստեղ խոսքը Արցախում խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելու ձախողման, այլ ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավոր այլևս չհանդիսանալու մասին է։

Հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նաև չի հնչեցրել «Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա» արտահայտությունը։
CivilNetCheck
Civilnet











