Հեռուստաընկերություններից մեկում երկար տարիներ սցենար էի գրում մի հաղորդաշարի համար, որը կոչվում էր «Մեր մեծերը»։ Կարծում էի՝ ընդամենը մեկ տարվա ծրագիր է, բայց ձգվեց մեկուկես տասնամյակ։ Չէի մտածում, որ այդքան շատ են այն անհատները, որոնք արժանի են հաղորդման՝ «Մեր մեծերը» անվանմանը։
Եթե ավելի անկեղծ լինենք, ապա ինչ-որ պահի մեր մեծերից անցել էինք մեր «միջակներին», երբեմն էլ հաղորդում էինք պատրաստում իր բնագավառի իսկապես մեծ անհատի մասին, որը մերը չէր։ Այսինքն, անհատը հասել էր մեծ հաջողությունների, սակայն, բացի ծագումից, առնչություն չուներ ոչ հայ ժողովրդի ու Հայաստանի, ոչ էլ՝ հայ մշակույթի, գիտության կամ պատմության հետ։
Այդպես մի օր հասանք օսմանյան ճարտարապետության հիմնադիր ու ամենահայտնի ներկայացուցիչ Միմար Սինանին։ 16-րդ դարում ստեղծագործած արվեստագետը, որը ենիչերական գնդի մարտիկից հասել էր մինչև Մեծ դռան գլխավոր ճարտարապետի պաշտոնին և ներկայիս Թուրքիայի ու նախկին օսմանյան ողջ կայսրության տարածքում ստեղծել հարյուրավոր մզկիթներ ու մեդրեսեներ, ընդ որում՝ մզկիթների է վերածել տասնյակ եկեղեցիներ, բացի արմատներից, այլ առնչություն չուներ հայերիս հետ։
Սկզբում ստեղծագործական խումբը, հետո նաև՝ տնօրինությունը որոշեցին, որ նա մերը չէ, և «Մեր մեծերը» հաղորդաշարի հերոս չի կարող լինել։ Վստահ եմ, որ եթե որևէ հայ նման հաջողության հասած լիներ այլ երկրում, ասենք՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում կամ Նահանգներում, նման ընդդիմություն չէր առաջացնի, և դա բնական է։

Այս ամենի մասին վերհիշելու առիթ դարձավ «Արմավ» հրատարակության լույս ընծայած՝ Էդվարդ Մանվելյանի «Մայրամուտի և լուսաբացի միջև․ Հայի ֆենոմենը» գրքի շնորհանդեսը։ Այս գրքին նախորդել էր հեղինակի «Կորսված ժառանգություն» ժողովածուի հրատարակումը։ Երկու գրքում էլ ներկայացված են ծագումով հայեր, որոնք իրենց բնագավառում մեծ, երբեմն դարակազմիկ ձեռքբերումների են հասել, բայց ապրել ու գործել են այլ երկրներում։
Եթե առաջին գրքում հիմնականում աշխարհահռչակ դեմքեր են, որոնց մասին հայերս շատ լավ գիտենք կամ լսել ենք անունը, ապա հաջորդում ներկայացված ամենատարբեր բնագավառի բացառիկ անհատների ու նրանց հաջողությունների մասին քչերը գիտեն։ Նրանք արվեստագետներ են, դիվանագետներ, ռազմական գործիչներ, գիտնականներ ու գյուտարարներ, որոնք իրենց մեծ հաջողություններով հզորացրել են այն երկիրը, որտեղ ապրել են, նպաստել հաղթանակներին, ստեղծել դրանց անվտանգության համակարգերը։ Ի պատիվ հեղինակի, որը տարբեր լեզուներով կայքերում պեղել է նրանց մասին տեղեկությունները, համադրել, թարգմանել ու հրատարակել է, պետք է ասել, որ չկա ազգային սնապարծություն կամ նրանց ազգակից լինելու ավելորդ հպարտություն։ Դրա փոխարեն երկու գրքում էլ առկա է խորը մտահոգությունը, թե ինչու հայը նույնքան չի հաջողում իր հայրենիքում։ Մի հարց, որը շատերին է հուզում։

Գրքերի հեղինակը փորձում է այդ հարցի պատասխանը ազգի գենետիկ կոդի մեջ փնտրել, բայց այդպես էլ չի գտնում հստակ ու լիարժեք պատասխան։
Մեր կարծիքով՝ ոչ այնքան ազգի գենետիկ կոդի մեջ պիտի պատճառները որոնել, որքան պետության կամ պետականության անընդհատականության բացակայության։ Ընդդիմախոսը կարող է հակադարձել, թե ինչու այդ դեպքում բազմաթիվ անգամ պետականությունը վերականգնած ժողովուրդը չի կարողացել այնքան ամրացնել այն ու հզորացնել, որ թշնամիները չկարողանային դարերի ընթացքում նվաճել, մասնատել ու կործանել, ի վերջո ցեղասպանել ազգին։ Սակայն այս անպատասխան հարցը չի չեզոքացնում պետության կարևորության մասին պնդումը։ Եթե Միրամ Սինանը ոչ թե Օսմանյան կայսրությունում ապրեր, այլ Հայաստանի թագավորությունում, վստահաբար իր տաղանդով նոր Զվարթնոց կամ երկրորդ Նորավանք կստեղծեր, ոչ թե մզկիթներ և կլիներ նույնքան սիրելի անուն, ինչքան Մոմիկ ճարտարապետը։
Պետությունն է պատվիրատուն մեծ գործերի։ Թե՛ միջնադարում և թե՛ այսօր պետությունն է հռչակում իր անվտանգության ռազմական, քաղաքական, գիտական ու մշակութային առաջնահերթությունները և պատվիրակում դրանց իրականացումը ունակ ուժերին։ Պատվիրում, հովանավորում ու ֆինանսավորում։
Վռամշապուհ արքան ու Սահակ Պարթև կաթողիկոսը, որպես թագավորության առաջին դեմքեր, իրենք էին, այսօրվա բառով ասած՝ Մեսրոպ Մաշտոցի «հովանավորն» ու գրերի գյուտի պատվիրատուն։
Վերադառնալով Էդվարդ Մանվելյանի գրքերին՝ ասենք, որ սփյուռք ունեցող ուրիշ ազգեր էլ մեծամեծ գործեր կատարած շատ անհատներ են տվել ամենատարբեր, երբեմն՝ միմյանց թշնամի պետություններին։ Միանգամայն այլ հարց է, թե այս կամ այն ազգի անհատը, անկարող լինելով իր հայրենիքում արժեքավոր բան ստեղծել, արել է դա այլ պետության մեջ և վաստակելով հեղինակություն, կապեր, նյութական միջոցներ ու հնարավորություններ, որքանով է դրանք ծառայեցրել նաև իր հայրենիքի ու ժողովրդի շահերին։ Այս հարցում, անշուշտ, ահռելի չափով զիջում ենք ամենամեծ սփյուռք ունեցող մյուս ժողովրդին՝ հրեաներին։ Նման համեմատությունն անգամ անտեղի ու անիմաստ է թվում։
Սփյուռքահայ նշանավոր գրող Սիմոն Սիմոնյանն իր գրքերից մեկում իրապատում մի դեպք է նկարագրում․․․ Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում պատրաստվում են գնդակահարել մի երիտասարդ հրեայի, որը պնդում է, թե հայ է։ Կանչում են վերմախտի այն հայ սպային, որին վստահված էր գտնել հայ ռազմագերիներին ու նրանց ազատելով՝ հանձնել հայկական լեգեոնին։ Կանգնելով ռազմագերու առջև՝ սպան հարցնում է, թե որտեղից է, և երբ լսում է, որ Լենինգրադից է, ասում է․
-Դու հայ չես, որովհետև երբ հային հարցնում են, թե որտեղից է, նա չի տալիս այն վայրի անունը, որտեղ ծնվել է։
-Ալաշկերտցի եմ,- ուղղում է իր սխալը ռազմագերին։
Նրանց երկրորդ երկխոսությունը տեղի է ունենում տասնամյակներ անց։ Գերությունից ազատված ալաշկերտցի հայը դարձել էր ամերիկյան «Ռազմականացված տիեզերք» ծրագրի ղեկավարներից մեկը։
-Ինչի՞ շնորհիվ դուք այն ժամանակ խույս տվեցիք ստույգ մահից,- հարցնում է նրան փրկողը։
-Հայ լինելու շնորհիվ,- հնչում է պատասխանը։
-Իսկ ի՞նչ եք արել հայության համար՝ որպես երախտագիտություն։
Էդվարդ Մանվելյանի գրքում ներկայացված նշանավոր հայերից մի քանիսը, ըստ հեղինակի հայթայթած տեղեկությունների, ակտիվորեն ներգրավված են եղել հայ գաղթօջախի կյանքին։ Նրանք իրենց հայ են զգացել ու համարել, բայց ավելին գուցե չէին էլ կարող անել, որովհետև հայ ժողովուրդը չուներ պետություն, որի հզորացմանը պիտի օժանդակեին։ Մյուսներն ինչ-որ չափով աջակցել են համայնքին, բայց քիչ չեն եղել այնպիսիք, որոնք անկարևոր են համարել ազգային արմատները, իրենց հայ չեն զգացել։
Էդվարդ Մանվելյանի զույգ գրքերը, ինչպես երևաց նաև շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցողների խոսքից, միտք են շարժում, ստիպում գտնել կամ գոնե փորձել գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, ելքեր որոնել, փորձել ինչ-որ բան փոխել երկրում, որպեսզի հայի տաղանդը առաջին հերթին իր հայրենիքին ծառայի։
Հովհաննես Երանյան











