Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 27-ին հոդված է հրապարակել՝ գրելով, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որն ապրում է Աբովյան քաղաքում, Ազգային ժողովից բնակարանի վարձի փոխհատուցում է ստանում։
Օրաթերթը գրել է, որ Հասանովը տուն ունի Աբովյան քաղաքում։ Իսկ ԱԺ լրատվական ծառայությունից էլ հայտնել էին, որ «պատգամավորը 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում»:
Ո՞ր դեպքում է վարձավճարի փոխհատուցում տրամադրվում
«Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։
Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է 100 000-ական դրամ՝ բնակվարձի փոխհատուցում։
Կնյազ Հասանովն իսկապես բնակարան ունի Աբովյան քաղաքում, ինչն արտացոլված է պատգամավորի հայտարարագրում։ Այնուամենայնիվ, օրենքում նշվում է միայն, որ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորները կարող են բնակարանի վարձի փոխհատուցում ստանալ։ Օրենքը հաշվի չի առնում Երևան քաղաքից տվյալ մարզի/քաղաքի հեռավորությունը, ինչպես նաև չի փոխվում պատգամավորին տրամադրվող գումարի չափը՝ կախված հեռավորությունից։
Արդյոք Երևանում բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստացող Կնյազ Հասանովն իսկապե՞ս մշտապես բնակվում է Աբովյան քաղաքում՝ հնարավոր չէ պարզել։ Սակայն հատկանշական է, որ իր հայտարարագրում նա չի նշել բնակարանի վարձակալության մասին տեղեկությունը։ Պատգամավորները պարտավոր են նշել այն անշարժ գույքը, որը տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի (վարձակալության հիմունքներով կամ անհատույց) փաստացի տիրապետել են։

էկրանապատկերը՝ Կնյազ Հասանովի պաշտոնական հայտարարագրից
Այս մասին առանձին նշվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցում։

էկրանապատկերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցից
Ո՞ր պատգամավորներն են ստանում բնակվարձի փոխհատուցում
Խորհրդարանից ստացված տվյալների համաձայն՝ 2021-ին բնակվարձի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սեգեյ Մովսիսյանը, Էմմա Պալյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը։
2022-ին փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը, Զեմֆիրա Միրզոևան։
2023-ին վարձավճարի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արփինե Վարդանյանը։
Բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորները․
#Civilnetcheck-ը ստուգել է 2021-ի և 2022 թվականներին վարձի փոխհատուցում ստացած բոլոր պատգամավորների հայտարարագրերը։ Երևանում բնակարան չունեցող և վարձավճարի փոխհատուցում ստացող պատգամավորներից միայն ՔՊ կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն է հայտարարագրել վարձով բնակարանը։

էկրանապատկերը՝ Նարեկ Ղահրամանյանի պաշտոնական հայտարարագրից
Վարձավճարի փոխհատուցում ստացող վերը թվարկված պատգամավորներից որևէ այլ անձ չի հայտարարագրել վարձով բնակարանը, ինչը փաստացի պարտադիր է՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի (հոդված 40): Նրանք, այպիսով թերի և ոչ ամբողջական են լրացրել իրենց հայտարարագրերը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Իսկ Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը [...] պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
CivilNetCheck
Civilnet











