Գլխավոր Լրահոս

Հայաստանում պոետներն ապրո՞ւմ են․ մտորումներ պատվավոր կոչումները վերացնելու շուրջ

Հայաստանում պոետներն ապրո՞ւմ են․ մտորումներ պատվավոր կոչումները վերացնելու շուրջ

Տարիներ առաջ դերասան ընկերներիցս մեկը ներկայացվել էր վաստակավորի կոչման և սրտատրոփ սպասում էր՝ կտա՞ն, թե՞ ոչ։ Հետաքրքրվեցի, թե ինչու է այդքան անհամբեր, ինչ է տալու դա նրան։ Անկեղծ ասած՝ սպասում էի, որ կասի՝ ճանաչում, պատիվ, նոր դերեր կամ աշխատավարձի ավելացում։  Պատասխանը շատ ավելի «գործնական» էր․ «Պետությունն իր վրա է վերցնում կոչում ունեցողների թաղման ծախսերը, բացի այդ, քաղաքային պանթեոնում առանց կոչման տեղ չես կարող ունենալ»։

Երկուսս էլ ընդամենը քառասուն տարեկան էինք։

Օրեր առաջ՝ ավելի ստույգ՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հավանության արժանացավ «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Առաջարկվում է հանել ժողովրդականի և վաստակավորի կոչումները։ Իսկ դրանք, պարզվում է, չափազանց շատ են՝ արվեստից մինչև տնտեսություն ու լրագրություն՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ, գիտության վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, վաստակավոր շինարար, վաստակավոր բժիշկ, վաստակավոր իրավաբան, վաստակավոր արտիստ, վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակավոր մանկավարժ, վաստակավոր լրագրող, տնտեսության վաստակավոր աշխատող, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ:

Վերջին տասնամյակում այս հարցը բազմաթիվ հանրային քննարկումների առիթ է դարձել, և ամեն անգամ արվեստագետների, գիտնականների, լրագրողների շրջանակներում բուռն ու հակասական կարծիքների առիթ տվել։ 

Այսօր բացարձակ ոչ մի արձագանք չկա կամ դեռ չկա։ Պատճառը հասկանալի է։ Քաղաքական ողբալի իրադարձություններն ու սարսափելի իրավիճակների  կրկնության հեռանկարը սիրտ չեն թողել այլ բաների մասին մտածելու։ Իսկ նախկինում եղած քննարկումների հիմնական առանցքն այն էր, թե որքանով է իշխանությունը կոչումներ շնորհելով՝ կախվածության մեջ գցում ստեղծագործող անհատին։ Այս կարգի պնդումներ անում էին հիմնականում նրանք, ովքեր բազմաթիվ անգամներ դիմել էին կոչում ստանալու, մերժվել ու հույսը կտրել էին, և վերջապես մի փոքրիկ խումբ, որն իսկապես գաղափարական անհաշտություն ուներ պետությունից որևէ, հատկապես այս կարգի խրախուսում ստանալու հետ։ 

Թե՛ իշխանությունը և թե՛ մտավորականները, որոնք  խոսում են անազատության ու կախվածության վտանգի մասին, ըստ էության, մերժում են կանխավարկածը, որ անհատը կարող է կոչում ու պարգև ստանալ, բայց «երախտամոռ» լինել ու հավատարիմ մնալ իր սկզբունքներին, գեղարվեստական կամ գիտական չափանիշներին։ 

Իշխանությունը, որն այդպիսի պնդում է անում, չի հավատում իր մտավորականի անկաշառությանը և կասկածի տակ է դնում իր իսկ ազնիվ վարքագիծը։ Այսինքն, խոստովանում է, որ հակված է նման անստորագիր, անփաստաթուղթ գործարքի։ Սրանով հերթական անգամ իշխանությունը նույնականացնում է իրեն պետության հետ, որովհետև կոչումն ու պարգևը պետական են, կախվածության մեջ գցող «կաշառատուն»՝ իշխանությունը։ 

Թե՛ խորհրդային և թե՛ անկախության շրջանի դառը փորձն է հանգեցրել նման որոշման։ Ամեն իշխանության համար պանծալի վաստակավորն ու ժողովրդականը հնազանդ, ավելի ճիշտ՝ հաճոյացող մտավորականն է եղել։  Սակայն բոլոր այդ տարիներին նաև հակառակ միտումն է եղել՝ կոչումով ու պարգևով կաշկանդել, լռեցնել անհնազանդ ստեղծագործողին։

Օրենքի նախագծի մյուս հիմնավորումն այն հարցն է, թե ինչպես և ով է իրավասու գնահատել արվեստագետի, մտավորականի վաստակավոր կամ, առավել ևս, ժողովրդական լինել-չլինելը։

«Որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն», «վաստակավորություն» հասկացությունները չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չեն»,- գրված է նախագծի տեքստում: 

Այստեղ անշուշտ ակնհայտ ճշմարտություն կա։  1984 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում ստացած Մհեր Մկրտչյանը դեռ վաթսունականների վերջերից արդեն ժողովրդական  համընդհանուր սեր ու ճանաչում էր վայելում։ 

Այդուհանդերձ, գնահատումը թողնել միայն հանրությանը մոլորություն է, որովհետև ամենուր, իսկ մեզանում հիմա՝ առավել ևս, «ժողովրդականությունը» կամ մասսայական ճանաչումը ոչ միայն  տաղանդի ու վաստակի ցուցիչ չէ, այլև անգամ ճիշտ հակառակն է։ 

Շոու բիզնեսը, էստրադան ու ռաբիսն ավելի ճանաչելի, սիրելի ու գնահատելի են, քան առավել արժեքավոր արվեստը։ Նկատի չունենք միայն երաժշտության ասպարեզը։ Ռաբիսն ու էստրադան տիրապետող են ամենուր՝ թատրոնից մինչև կերպարվեստ, գրականությունից մինչև կինո։ Վստահ եղեք, որ վաղը Նոբելյան կամ «Օսկար» մրցանակ ստացող գրողն ու կինոբեմադրիչը  մեր երկրում ավելի մեծ ժողովրդականություն չի ունենալու, քան սովորական շոումենը։

Եթե մեկ բառով պատասխանեմ հարցին՝ կո՞ղմ եմ, թե՞ դեմ կոչումների, պարգևների վերացմանը, կասեմ՝ այո՛, կո՛ղմ եմ։ Տասնամյակների ընթացքում այնքան շատ անտաղանդ, եթե չասենք՝ կիսագրագետ մարդիկ են կոչումներ ստացել, որ վաղուց կոչումը վարկաբեկվել ու իմաստազրկվել է։ Շատ քիչ, հիմնականում հետխորհրդային կամ ազատության ցածր գործակից ունեցող  երկրներում են պահպանվել այդպիսի խրախուսանքներ։ Սակայն այլ երկրներում գործում են պետությունից աջակցություն ստացող հիմնադրամներ, որոնք կարողանում են առանց իշխանություն-ստեղծագործող կասկածելի շփման ու հարաբերության գնահատել, կարևորել, խրախուսել, առանձնացնել արժեքավորն ու դրա հեղինակին։

Փորձագիտական ոչ մի խումբ ի զորու չէ գնահատել արժեքավորը հիմնավորման տրամաբանությամբ աշխարհում  վաղուց վերացած կլինեին նաև ամեն կարգի  փառատոնները, մրցույթներն ու մրցանակները՝ «Օսկարից» մինչև Նոբելյան։ 

Ի դեպ, մեր երկրում վերացվել են նաև պետական ու  նախագահական /Պողոսյան հիմնադրամի/ մրցանակները։ 

Կառավարության նիստի որոշման նախագծում ասված է, որ այսուհետ վաստակավորի կոչում կստանան միայն ստեղծագործական թիմերը։ Այն հին  խորհրդային անվանմամբ կկոչվի «վաստակավոր կոլեկտիվ»։ 

Պարզ է, որ դա հիմնականում կատարողական կամ բեմական արվեստներին է վերաբերում՝ տարբեր համույթներին, խմբերին։ Բայց քանի որ նախագծում խոսք է գնում նաև գիտության ու սպորտի մասին, հավանաբար, հեռու չէ այն օրը, որ եթերից կլսենք՝ «վաստակավոր կոլեկտիվ» Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական  ձևակերպումը։ Սակայն  այս դեպքում էլ հարցը մնում է օդից կախված՝ ո՞վ է որոշելու, թե որ խումբն է արժանի վաստակավոր կոլեկտիվ կոչվելու, և արդյոք առանձին-առանձինի փոխարեն միանգամից կոլեկտիվին կախման մեջ չեն գցելու։

Ինչպե՞ս նկատել ու կարևորել ոչ մի կոլեկտիվում չընդգրկված միայնակ ստեղծագործողի՝ կոմպոզիտորի, գրողի, նկարչի, գիտնականի գործը։

Նրանց միայնակ թողնել խղճուկ սերիալներ գերադասող զանգվածի ու համատարած ռաբիսացման դեմ հանդիման և ասել՝ թող ձեր ստեղծած արժեքավոր գործն ինքը հարթի իր ճանապարհը, մեղմ ասած՝ պիղատոսություն է։ Պետությունը որևէ կերպ պիտի ճանապարհ գտնի անհատ ստեղծագործողին ասելու՝ դու կարևոր ես երկրի համար։ Արվեստագետը, ստեղծագործող անհատը, մտավորականն իր գործն անպետք և իրեն ավելորդ պիտի չզգա։

Չարենցի տուն-թանգարանում տարիներ առաջ նշվում էր անվանի բանաստեղծ Հենրիկ Էդոյանի ծննդյան տարեդարձը։ Երբ ելույթ ունեցողներից հետո խոսք տրվեց հոբելյարին, բանաստեղծը հայտարարեց․ «Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Ֆրանիսայի նախագահ Մակրոնն ասաց, թե պոետները Ֆրանսիայում չեն մեռնում։ Է՜, ի՞նչ անենք։ Հայաստանում էլ պոետները չեն ապրում»։

Դառնությամբ, հեգնանքով ու հումորով այս խոսքը չէր վերաբերում լավ կամ վատ ապրելուն, նյութական միջոցներին, այլ առաջին հերթին իր ստեղծածի արժանի գնահատմանը։                                       

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում