«Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ»։
Խնկո Ապեր
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին անձամբ չեմ ճանաչում և երբեք չեմ հանդիպել, սակայն միանում եմ նրա իրավունքները պաշտպանողներին, որովհետև գիտեմ, տեսել եմ, թե թանգարանում ինչ փոփոխություններ են կատարվել վերջին տարիներին, ծանոթ եմ տնօրենի նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքին, բազմիցս առիթ եմ ունեցել լսելու գրական, մասնագիտական շրջանակների դրական կարծիքը նրա գործունեության մասին։
Թանգարանի տնօրենը դիմել է իր ղեկավար գերատեսչություն՝ ԿԳՄՍ նախարարություն, հայ մշակույթի հանրահռչակման աջակցման ծրագրով գործուղման մեկնելու Արգենտինա և Ուրուգվայ՝ ներկայացնելու Թումանյանի կյանքն ու գրական ժառանգությունը։ Այցը նախ ընդգրկվել է նախարարության ծրագրերում, այնուհետ՝ մերժվել։ Մերժման հիմնավորումը, կամ, ավելի ճիշտ, պատճառաբանությունը մեկ բառով է ձևակերպված՝ նպատակահարմար չէ։
Անի Եղիազարյանը Լատինական Ամերիկա է մեկնել առանց վերադասի հետ համաձայնության։ Մեկնել է, իր պնդմամբ, հրավիրողների՝ տեղի հայ համայնքի աջակցությամբ և թանգարանի արտաբյուջետային միջոցներից փոքրիկ գումարի հավելումով։ Սա պատճառ է դարձել նրան աշխատանքից ազատելու նախարարի հրամանի։ Ահա ամբողջ պատմության վարչաիրավական կողմը։ Գուցե իմաստ չլիներ անգամ սրա մասին գրելու, եթե մի քանի դիտարկում կարևոր չթվար։
Լատինական Ամերիկայում է Հայաստանից ամենահեռու հայկական սփյուռքը։ Հայության թվաքանակով Արգենտինան ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ֆրանսիայից հետո ամենամեծն է։ Այնտեղ մինչ Հայաստանի անկախացումը 120 հազար հայ էր ապրում։ Քանի որ Հայաստանի և Արգենտինայի միջև չի գործում վիզային ռեժիմ, այս թիվը վերջին տասնամյակներին լրջորեն ավելացել է մեր երկրից այնտեղ հաստատվածների հաշվին։ Բայց եթե առանց վիզայի այցերի հնարավորությունը դուռ է բացում ավելի սերտ շփման, ապա հեռավորությամբ պայմանավորված ճամփորդական մեծ ծախսերը խստորեն սահմանափակում են դրանք։ Դիցուք, եթե Ռուսաստանում ապրող հայը տարին մեկ-երկու անգամ է գալիս Հայաստան, Եվրոպայից՝ երկու տարին մեկ, ապա Լատինական Ամերիկայից չեն գալիս տասնամյակի ընթացքում։ Հարյուրամյակ առաջ այնտեղ հաստատվածներից շատ քչերն են, որ երբևէ եղել են Հայաստանում, անկախացումից հետո հեռացածներից նույնպես սակավաթիվ մարդիկ են կարողացել այցելել։ Ուզում եմ ասել, որ հատուկ ուշադրություն է հարկավոր այս համայնքին կարճ ժամանակում վերջնական ձուլումից նրան հետ պահելու համար։ Եթե իրոք համայնքը Թումանյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ու հրավիրել է պրոֆեսիոնալ մասնագետի, նախարարության մերժման վարչական պատճառաբանությունը չնչին ու անտեղի է թվում։
Ինքս 2016 թվականին դիմել եմ այն ժամանակ դեռ մշակույթի նախարարություն և հայ գրականության ու մշակույթի հանրահռչակման համար նախատեսված գումարներից մասնակի օժանդակություն ստացել՝ նույն երկիր մեկնելու համար։ Հրավիրել էին Բուենոս Այրեսի գրքի փառատոնին ներկայացնելու Լևոն Խեչոյանի և իմ համատեղ արձակ ժողովածուն, ինչպես նաև ներկա գտնվելու իմ պատմվածքի և Աննա Արզումանյանի ստեղծագործությունների հիման վրա արգենտինացի ռեժիսորի և դերասանների բեմադրած ներկայացման պրեմիերային։ Երկուսի հիմքում էլ արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի թեմաներն էին։ Ասել կուզի, որ Արցախը ոչ միայն մեր երկրի ֆիզիկական ու աշխարհագրական սահմանների ամրությունն էր ապահովում, այլև մերոնց և ուրիշների հետ հոգևոր ու մշակութային հաղորդակցման առիթ տալիս։ Այսօր, երբ կատարելապես խարխլված է Արցախի շուրջ մինչ այդ էլ անբավարար համազգային համախմբումը, ավելի հեշտ է դառնում Հայաստան-Սփյուռք կապերի կորուստը։
Այս ելակետից խնդիրը դիտարկելու դեպքում նախարարության պաշտոնյաները պիտի որ չմերժեին Անի Եղիազարյանի այցի հայտը, իսկ չհաստատելու պարագայում, այնուամենայնիվ, փոքրիկ զանցառությունը չհամարեին ամենախսիտ պատժի՝ աշխատանքից հեռացնելու առիթ։ Կարող էին թանգարանի տնօրենի ճամփորդությունը ոչ թե որպես հանցավոր գործուղում գնահատել, այլ որպես իր հաշվին արձակուրդային ուղևորություն, հատկապես որ ոչ մի լումա գործուղման համար չէին տրամադրել, առավել ևս, որ այս օրերին թանգարանը լիարժեք չի գործում վերանորոգման պատճառով։ Անթույլատրելի է մասնագետի, շատ լավ մասնագետի նկատմամբ «չես ենթարկվել, դե հիմա դու տես» քենի տրամադրությամբ գործելու մղումը։
Ամենատխուրն ամեն ինչից դավադրություններ պեղելու ազգային հոգեկերտվածք դարձող մտայնությունն է։ Թեմային անդրադարձողները ոչ լիարժեք բաց տեքստով, բայց ակնարկներով հասկացնել են ուզում, որ Անի Եղիազարյանը Արգենտինայի և Ուրուգվայի հայերի հետ հանդիպումների ընթացքում մեջբերումներ է արել Հովհաննես Թումանյանի հրապարակախոսական հոդվածներից, որոնց ենթատեքստը կամ կոնտեքստը, ենթիմաստը կամ տողատակը՝ որպես ներկա իշխանությունների քննադատություն, վիրավորել է մեր պաշտոնյաներին։
Չեմ բացառում, որ բամբասանքը, հազարավոր կիլոմետրեր, օվկիանոսներ ու լեռնաշղթաներ կտրելով, եկել-մտել է այդ պաշտոնյաների ականջն ու ուղեղը։ Չեմ բացառում նույնիսկ, որ թանգարանի տնօրենն իր մեկնաբանություններով տվել է այդպիսի առիթ, սակայն չեմ ուզում հավատալ, թե իշխանությունն այդքան նեղմիտ է, որ օվկիանոսից այն կողմ հնչած որևէ քննադատությունից վրեժխնդրությամբ է լցվել։ Հատկապես որ առանձնակի չի կարևորում, գոնե իր ընտրողների չափ չի կարևորում դրսում ապրող հայի կարծիքն ու տեսակետը։ Ավելի համոզիչ է թվում վարկածը, որ իրենց թեկնածուն ունեն այդ պաշտոնի համար և հարմար առիթի էին սպասում։
Բայց դավերի ու խարդավանքների վարկածներն այսքանով չեն սպառվում։ Շրջանառվում է տեսակետ, թե այժմ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնում ժամանակավորապես աշխատող թանգարանի կոլեկտիվն այլևս չի վերադառնա իր հարկի տակ, որովհետև մտադրություն կա թանգարանի շենքը մասնավորեցնել և վաճառել, իսկ տնօրենն այդ ծրագրի ամենամեծ խոչընդոտն է։
Եթե նախարարությունը հետ կանգնի Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու որոշումից, այն չի ընկալվի որպես թուլություն, այլ կհամարվի հանրության ձայնին ականջալուր լինելու կարողություն և դավադիր ասեկոսեներին վերջ դնելու կամք։ Հակառակ դեպքում դրանք ապրելու իրավունք կունենան և կշարունակեն պարարտացվել։ Հատկապես որ ինքնակամ բացակայած կամ խորհրդային բանակի տերմինով ասած՝ «սամովոլկի» գնացած ոչ շարքային Անի Եղիազարյանին հեռացնելու որոշմամբ իրենք էլ խախտել են մի քանի կանոնադրական կետեր՝ կարող էին նկատողությամբ կամ խիստ նկատողությամբ բավարարվել։
Հովհաննես Երանյան











