Դեռևս այս տարվա հունվարին լրացավ հայ թատրոնի բոլոր ժամանակների մեծագույն կատակերգակներից մեկի՝ Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակը։
Հոբելյանական տարին շուտով անցյալ կդառնա, բայց այդ առիթով նրա տաղանդին արժանի միջոցառումներ կամ չեղան առհասարակ, կամ էլ գրեթե չեղան։ Հասկանալի է, որ տարին այնքան լի էր ողբերգական իրադարձություններով, ազգային մեծ կորուստներով, որ հոբելյան նշելու, այն էլ ծիծաղ պարգևող արտիստի հոբելյանը նշելու տրամադրություն ու պատեհություն չկար։ Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր համայնքում մի փողոց վերանվանվեց Կարպ Խաչվանքյանի անունով, սակայն դա կապ չուներ հոբելյանի հետ, որովհետև միաժամանակ նույն համայնքի մի քանի այլ փողոցներ նոր անուններ ստացան՝ դերասանների, բանաստեղծների, դրամատուրգի։
Իմ այս հոդվածը նույնպես չի հավակնում լրացնելու վերոնշյալ բացը։ Պարզապես ցանկացա համեմատության եզրեր անցկացնել Կարպ Խաչվանքյան-Վարդան Պետրոսյան կատակերգական ժանրի երկու ամենավառ արտիստների ստեղծագործական նկարագրերի միջև, և այդ համեմատությունը ոչ այնքան ընդհանրությունների, որքան տարբերությունների մասին է։
Բայց սկսենք մի նմանությամբ։ Կարպ Խաչվանքյանն իր առաջին մեծ քայլերը բեմում արեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Երկրում, որը հաղթանակ էր տարել, սով էր, աղքատություն, հայ ժողովուրդը հարյուր հազարներով զոհ էր տվել և գրեթե չկար ընտանիք, որ կորուստ չունենար, բայց մարդիկ թատրոն էին գնում՝ ծիծաղով մեղմելու, ամոքելու իրենց վշտերն ու վերքերը։
Վարդան Պետրոսյանն իր առաջին լիարժեք ներկայացումները բեմ հանեց արցախյան առաջին պատերազմում տարած հայ ժողովրդի հաղթանակից հետո։ Երկրում տնտեսական ճգնաժամ էր, մարդիկ հացից մինչև չսառչելու որևէ միջոց դժվարությամբ էին հայթայթում, բայց գնում էին թատրոն՝ Վարդան Պետրոսյանին դիտելու։
Հիմա առաջին և ամենամեծ տարբերության մասին։ Կարպ Խաչվանքյանը պետական թատրոնի դերասան էր և խաղում էր տաղանդավոր ու ոչ այնքան օժտված դերասանների ընկերակցությամբ։ Վարդանը ներկայացումներ է խաղացել Խորեն Աբրահամյանի, Արամոյի և ուրիշների մասնակցությամբ, բայցևայնպես, նրա արվեստը մոնոներկայացումների թատրոնն է։
Կարպ Խաչվանքյանի դերացանկը դասական ու ժամանակակից դրամատուրգիան էր՝ Շեքսպիր ու Մոլիեր, Գոլդոնի ու Բրեխտ, Հակոբ Պարոնյան ու Ժիրայր Անանյան։ Նա չէր ստեղծում իր դերի բովանդակությունը, այլ յուրովի ու խիստ ինքնատիպ մարմնավորում ու մեկնաբանում էր այն։
Որքան էլ արդարացիորեն ասվի, թե դերասանն ինքն է իր արվեստի հիմնական գործիքը՝ իր մարմնով, իր արտաքին տվյալներով, իր հուզական աշխարհով ու մտածումներով, այնուամենայնիվ, Խաչվանքյանը գործ ուներ պատրաստի նյութի հետ, Վարդան Պետրոսյանն ինքն է ստեղծում իր նյութը։ Նա իր կերպարների հեղինակն է, և ինչքան էլ տիպական ու ծաղրապատկերային այլ կերպարներ ներկայացնի նույն բեմադրության մեջ, վարպետորեն նմանակի այս կամ այն քաղաքական գործչին, այնուամենայնիվ, ինքն է բոլոր ներկայացումների գլխավոր կերպարը, Վարդան Պետորսյան արտիստն է գլխավոր գործող անձը։ Ինքն է՝ իր կենսագրությամբ ու կենսափորձով, իր գիտեցածով ու ճանաչածով, իր հույզերով ու ապրումներով, իր քաղաքացիական ու ազգային մտահոգություններով։
Խորհրդային երկրի քաղաքացին, հատկապես անհատի պաշտամունքի վերացումից և ազատության խրուշչովյան հովերից հետո, քաղաքական մեծ մտահոգությունների առիթ չուներ։ Չուներ, եթե այլախոհ չէր խորհրդային գաղափարախոսությանը։ Խաչվանքյանն անշուշտ այլախոհ չէր։

Անկախ Հայաստանի քաղաքացի արվեստագետը, մտավորականը չէր կարող ծանրաբեռնված չլինել լուրջ մտահոգություններով։ Իսկ Վարդան Պետրոսյանն, այդ իմատով, ազգային ցավի կրողն ու երկրի ապագայի համար անհանգստացող նկարագիր է։ Արցախյան պատերազում հաղթել էինք, տարածաշրջանի ամենաուժեղ բանակն ունեինք, իսկ ինքը ներկայացում էր բեմ հանում «Հազար ու մի ելք» վերնագրով։ Ելք որոնում են անելանելի թվացող վիճակներից։ Ինչի՞ց ու ի՞նչ ելք էր փնտրում արտիստն ու փորձում պատգամը հասցնել ժողովրդին։
Կարպ Խաչվանքյանը երկար տարիներ, մինչև ներկայիս Պարոնյանի թատրոնի կառուցումը, ստիպված էր թատրոնի հետ դեգերել մի բեմից մյուսը, ռուսական թատրոնից մինչև երկաթուղայինների մշակույթի պալատ։ Հանդիսատեսը գնում էր թատերախմբի հետևից։ Գնում էր առաջին հերթին Կարպ Խաչվանքյանին բեմի վրա տեսնելու։ Մարդիկ նույն ներկայացումը դիտում էին տասնյակ անգամներ։ Ամեն անգամ Կարպ Խաչվանքյանը նույն հանդիատեսին լիաթոք ծիծաղ, ուրախություն և հիացում էր պարգևում։ Միայն այդպես էր հնարավոր ներկայացման կյանքի տևողությունը հասցնել գրեթե կես դարի։ Չգիտենք՝ աշխարհում կա՞ մեկ այլ դերասան, որ նույն դերը խաղա երեսուն, քառասուն տարի։
«Տաքսի, տաքսի», «Իմ զոքանչը», «Սեր աստղերի տակ», «Պահանջվում է ստախոս» ներկայացումները լեփ-լեցուն դահլիճ են ապահովել մի քանի տասնամյակ։ Նույն կերպարը Խաչվանքյանը խաղացել է երեսուն տարեկանում, խաղացել է նաև վաթսունում։ Խաղացել է նույն ավյունով, նույն երիտասարդական եռանդով։ Հանդիսատեսը չի նկատել նրա տարիքն ու հիվանդությունները։ Այդ գրեթե կես դարի ընթացքում Պարոնյանի անվան թատրոն ասելով՝ հանդիստեսը նկատի է ունեցել առաջին հերթին Կարպ Խաչվանքյան։ Երբեմն պատահում էր, որ փոխարինող դերակատար էր բեմ ելնում։ Հանդիսատեսի մի մասը հեռանում էր, մի մասը մնում՝ քաղաքավարությունից։ Չէ՞ որ բեմի վրա էին Սվետլանա Գրիգորյանի ու Ստեփան Հարությունյանի նման ճանաչված ու սիրելի դերասաններ։
Վարդան Պետրոսյանը չէր կարող փոխարինող դերասան ունենալ, որովհետև խաղում էր Վարդան Պետրոսյանի դերը։ Բնականաբար, արդեն տասնամյակներ հանդիսատեսը գնում է թատրոն, հիմնականում Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենք՝ տեսնելու հենց Վարդան Պետրոսյանին։
Կարպ Խաչվանքյանին սիրում էին, Էմանուել Կանտի եզրով ասած, «անշահ» հումորի համար։ Այսինքն զուտ գեղագիտական բավականություն էին ստանում։ Վարդանի հումորն «անշահ» չէ։ Նա իր զվարթ տաղանդը ծառայեցնում է պատգամներ փոխանցելուն, ինչ էլ խաղա՝ հազար ու մի ելք է որոնում կամ անգամ առաջարկում։ Նրա հումորը զուտ գեղագիտական չէ, այլ գեղարվեստականությունը հագեցած է գաղափարականությամբ։
Մարդկային տեսակով էլ երկու սքանչելի արտիստները թե նման են, թե՝ տարբեր։ Խաչվանքյանի հետ մի քանի անմոռանալի հանդիպումներից ստացած իմ տպավորություններում նա բեմից դուրս ոչ միայն համեստ մարդ էր, այլև ամաչկոտ էր, բացարձակորեն տարբեր բեմական իր նկարագրից։ Կյանքում ու կենցաղային դրվագներում առանձնապես հակված չէր հումորի ու ծիծաղի։ Դրա փոխարեն ապշելու կարեկից էր, փխրուն ու ազդվող։
Պայմանավորվածից մեկ օր ուշ գնացի թատրոն, վերադարձնելու իր լուսանկարները։ Չխաբեցի, պատմեցի, որ նախորդ օրը չեմ եկել, որովհետև մեկ տարեկան դուստրս փորձանքի մեջ է ընկել ու հիվանդանոցում է։ Պնդեց, որ մանրամասն պատմեմ։ Հետո արդեն գրեթե հինգ րոպե փորձում էի հանգստացնել, մխիթարել․ արտասվում էր։ Բաժանվելիս խնդրեց, որ ամեն օր զանգ տամ ու ասեմ, թե ոնց է երեխան։ Շատ տաղանդավոր, ճանաչված արտիստների հետ եմ շփվել, բայց այդպիսի ազնվական մարդու մեր թատրոնում այլևս չեմ հանդիպել։ Անկեղծ ասած՝ կյանքում էլ քիչ եմ հանդիպել։
Վարդան Պետրոսյանի հետ ավելի մտերմիկ ընկերական շփումների պատիվն ունեմ։ Նա կենսախինդ ու սրամիտ է նաև բեմից դուրս, կյանքի ու կենցաղի ամեն մի դրվագում կարողանում է զվարթ մթնոլորտ ստեղծել։ Կատակում է, երբ նույնիսկ սիրտն ինչ-որ ցավից այրվում է։ Ողբերգական ավտովթարը շատ բան փոխեց նրա հոգում, բայց չկարողացավ մռայլել էությունը։
Մենք սիրում ենք կաղապարային ու չափազանցված բնորոշումներ տալ մեր արվեստագետներին։ Առանց հոգնելու Գալյա Նովենցին հայ Աննա Մանյանի ենք կոչում, Կարպ Խաչվանքյանին՝ հայ Չապլին։
Վարդան Պետրոսյանի համար դեռևս այդպիսի կաղապար չի գտնվել։
Կարպ Խաչվանքյանին ու Վարդան Պետրոսյանին էլի մի բան կա միավորող։ Այն դուրս է դերասանական տաղանդից ու վարպետությունից, բեմական տարբեր գեղագիտություններից ու գեղարվեստական չափումներից։ Հանդիսատեսը միշտ ենթագիտակցորեն զգացել է նրանց մարդկային բարությունը, տեսել բառերով դժվար ձևակերպելի այն լույսը, որը բեմից տարածվելով՝ հասել է իրեն։
Հովհաննես Երանյան











