Գլխավոր Լրահոս

Նվազե՞լ, թե՞ աճել են օտարերկրյա ներդրումները. Թունյանի և Մինասյանի պնդումների հետքերով

Նվազե՞լ, թե՞ աճել են օտարերկրյա ներդրումները. Թունյանի և Մինասյանի պնդումների հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նոյեմբերի 15-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2023-ի հունվար-հունիսին, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, իրական հատվածում ներդրումները շուրջ 48 տոկոսով անկում են ունեցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանը հակադարձեց Մինասյանին՝ նշելով, որ վերջինս մանիպուլացնում է և այդ նույն զեկույցի համաձայն՝ ներդրումներն աճել են։

«Ես հիմա կարող եմ այս նիստից հետո էդ տեղեկանքը ներկայացնել, որտեղ կտեսնեք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով մենք ունենք ոչ թե անկում, այլ աճ»,- պնդեց Թունյանը։ 

Մինասյանն էլ հակադարձեց, որ ինքը ցույց կտա Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշը. «20,5 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրեց պատգամավորների վկայակոչած վիճակագրությունը։ 

Պատգամավորները ներկայացրել են տարբեր ցուցանիշներ

Վիճակագրական կոմիտեի օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վերջին վիճակագրությունը վերաբերում է 2023 հունվար-հունիս ամիսներին։ 

Ուսումնասիրելով այս վիճակագրությունը՝ պարզում ենք, որ և՛ Թունյանը, և՛ Մինասյանը «ճիշտ են», քանի որ երկու պատգամավորները ներկայացրել են օտարերկրյա ներդրումների տարբեր ցուցանիշներ։ 

Արծվիկ Մինասյանի՝ ներդրումների անկման վերաբերյալ պնդման հիմքը 2023-ի հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա «ընդամենը ներդրումների» ցուցանիշն է, որը կազմել է 23,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված շուրջ 44 մլրդ դրամի փոխարեն։ Անկումն, իսկապես, կազմում է 20,5 մլրդ դրամ։ 

Սակայն Բաբկեն Թունյանը, արդեն Մինասյանին հակադարձելով, վկայակոչում է ոչ թե «ընդամենը ներդրումների», այլ դրա մեջ մտնող «ուղղակի ներդրումների» ցուցանիշը։

Այս մասով, ինչպես նշում է Թունյանը, իսկապես ներդրումներն աճել են։ 2023-ի առաջին վեց ամիսներին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 77,6 մլրդ դրամ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցված 73,9 մլրդի դիմաց։ Հաշվեկշիռը դրական է 3,7 մլրդ դրամով։  

Էկրանապատկերը՝ armstat.am-ի հրապարակումից

Նշենք, որ ներդրումների ծավալի իրական պատկերն արտացոլում է ոչ թե «ընդամենը ներդրումների» ցուցանիշը, այլ դրա մեջ մտնող «ուղղակի ներդրումների» ցուցանիշը։

«Ուղղակի ներդրումները» ներդրողների կողմից բաժնետոմսերի ձեռքբերման և բաժնետերերին վճարված մարումների հաշվեկշիռն է։ Դրանում հաշվարկվում են 10% և ավելի բաժնետոմսերի գնումը։

Իսկ «ընդամենը ներդրումներում», որին հղում էր արել Արծվիկ Մինասյանը, «ուղղակի ներդրումներից» բացի, ներառված են «պորտֆելային» և «այլ ներդրումները»։ «Պորտֆելային ներդրումները» մինչև 10% բաժնետոմսերի ձեռքբերումն է։ «Այլ ներդրումները», պարզ ասած, դրսից վերցված վարկերն ու պարտքերն են։

Ուղղակի ներդրումների մասով տպավորիչ են հատկապես Արաբական Միացյալ էմիրությունների ներդրումները։ Եթե նախորդ տարվա վեց ամիսներին այս երկրից ուղղակի ներդրումները կազմել էին 1,8 մլրդ դրամ, ապա 2023-ի հունվար-հունիսին՝ 101 մլրդ դրամ։ 

Կրկնապատկվել են նաև Ռուսաստանից ուղղակի ներդրումները՝ 2022-ի 57,4 մլրդի դիմաց կազմելով 118,4 մլրդ։ Շուրջ 7 անգամ աճել են նաև Լյուքսեմբուրգից ուղղակի ներդրումները՝ 2022-ի վեց ամիսներին գրանցված 1,6 մլրդի դիմաց կազմելով 11,9 մլրդ։ 

Մինչդեռ, շեշտակի կրճատվել են Նիդերլանդներից ուղղակի ներդրումները՝ -141,7 մլրդ դրամով։ Կիպրոսից ուղղակի ներդրումներն էլ 2023-ի վեց ամիսներին նվազել են - 42,4 մլրդ դրամ։ 

Այսպիսով, Աժ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Բաբկեն Թունյանը, անդրադառնալով 2023-ի հունվար-հունսին Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, տարբեր ցուցանիշներ են վկայակոչել։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում