Գլխավոր Լրահոս

Ալեն Սիմոնյանը խնդրում է չշտապել, իսկ Արայիկ Հարությունյանը շտապում է

Ալեն Սիմոնյանը խնդրում է չշտապել, իսկ Արայիկ Հարությունյանը շտապում է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում «խնդրեց չշտապել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների համար առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալ»:

«Իմ ունեցած տեղեկություններով այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն։ Եվ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան սահմանին կամ Ադրբեջան-Վրաստանի հատվածում…»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը չբացառեց, որ ստեղծված խոչընդոտը կարող է քաղաքական դրդապատճառով լինել։ «Բայց ես խնդրում եմ չշտապել, և նման հետևություններ չանել»,- ասաց նա։  

Մինչդեռ, Ալեն Սիմոնյանի՝ չշտապելու խորհրդին չի հետևել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նոյեմբերի 28-ին ավելի վաղ արված իր գրառմամբ։ Այն ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքը քաղաքական դրդապատճառներով։

Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լարսում խնդիր կա՝ կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ «Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- նշել է Սանոսյանը։ 

Նշենք, որ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվության է սպասում ընդհանուր 2778 բեռնատար ավտոմեքենա։ 

Գրանցված բեռնատարների ցանկում կան Ռուսաստանի մոտ 500, Վրաստանի շուրջ 800, Հայաստանի ավելի քան 850, Ուզբեկստանի շուրջ 200 և այլ երկրների մեքենաներ։   

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում հատնել է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Россельхознадзор» - խմբ․) նոյեմբերի 23-ից ուժեղացված հսկողություն է իրականացնում շուտ փչացող ապրանքների՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և բժշկական ապրանքների նկատմամբ։ Նա հայտնել է, որ ծառայությունը մեծ թվով խախատումներ է հայտնաբերում, և բեռնատարների մի մասին հետ են ուղարկում։ 

Հակոբյանը նշել է, որ նոյեմբերի 23-ից մինչև օրս հայկական մոտ 20 բեռնատար է Ռուսաստանի սահմանից հետ ուղարկվել, այդքանն էլ դեռ սպասում են փորձաքննության արդյունքներին։

Ինչ վերաբերում է Սիմոնյանի հայտարարությանը, թե «նման իրավիճակ» է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան սահմանին կամ Ադրբեջան-Վրաստանի հատվածում, ապա բաց աղբյուրներում որևէ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել։ Որևէ լուր այդ մասով չի հրապարակվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում