Գլխավոր Լրահոս

Պենտագոնի հետ նոր բիոլաբորատորիա բացելու համաձայնագրի մասին լուրն «անհեթեթ է»

Պենտագոնի հետ նոր բիոլաբորատորիա բացելու համաձայնագրի մասին լուրն «անհեթեթ է»

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck 

«Փաստ» օրաթերթը հունվարի 25-ին գրել է, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր՝ Գյումրիում նոր՝ 13-րդ բիոլաբորատորիան բացելու վերաբերյալ։

«…Ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ»,- նշել է թերթը՝ տարածելով դավադրապաշտական թեզեր, թե ակտիվացած սեզոնային «գրիպը», կարմրուկը կարող են կապ ունենալ նաև այդ լաբորատորիաների հետ։ 

Հոդվածը վերահրապարակել են Oragir.News, News.am, 168.am և մի շարք այլ լրատվականներ։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, թե «պաշտպանության նախարարությունն անհեթեթ լուրեր չի մեկնաբանում»։   

ՊՆ պաշտոնական կայքում էլ որևէ տեղեկություն չկա Պենտագոնի որևէ ներկայացուցչի ու Սուրեն Պապիկյանի հանդիպման վերաբերյալ. գերատեսչությունը պատվիրակություն չի ուղարկել ԱՄՆ, ոչ էլ այնտեղից են պաշտոնյաներ եկել։ Հունվարի 18-ին Պապիկյանն ընդամենը աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ հայ-ամերիկյան համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության հարցերով։

Ուշագրավ է, որ Հայաստանում գործող բիոլաբորատորիաները գործում են առողջապահության նախարարության ներքո, և անհասկանալի է, թե ինչու Սուրեն Պապիկյանը պետք է ստորագրեր նոր լաբորատորիա բացելու համաձայնագիր։ 

Բիոլաբորատորիաների շուրջ կրկնվող թեզերը

Բիոլաբորատորիաները, որոնք պարբերաբար դառնում են քննարկումների թեմա, ՀՀ առողջապահության նախարարության ներքո գործող «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնն» է։ Այն ՀՀ-ում գործում է Երևանում ու մարզերում տեղակայված մի քանի մասնաճյուղերով, որոնք ֆինանսավորվում ու վերազինվում են Պենտագոնի զանգվածային ոչնչացման զենքերին հակազդելու համար ստեղծված «Վտանգների նվազեցման գործակալության» կողմից։ 

Ռուսական կողմը կասկածամտորեն ու քննադատաբար է դիտում լաբորատորիաների գործունեությունը, քանի որ դրանց ֆինանսավորման աղբյուրը ԱՄՆ-ն էր։ 2016թ․ կենտրոնների վերաբացումից հետո (Պենտագոնը ներդրել է մոտ 14 մլն դոլար) ռուսական քարոզչությունը Հայաստանում տարածել էր թեզեր, թե իբր լաբորատորիաները կենսական սպառնալիքներ են պարունակում և կենսաբանական զենք են մշակում ՌԴ-ի դեմ օգտագործելու մտադրությամբ։ 

Նման պնդումներ տարիներ շարունակ շրջանառվում էին ռուսական պետական աղբյուրներում՝ մատնանշելով, որ հետխորհրդային մի շարք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում ու Ղազախստանում, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաներում կենսաբանական զենքեր են պատրաստվում։ Այդ թեզերը կրկին շրջանառության մեջ են մտել 2022թ․ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։

Կենսաբանական զենքի մասին ռուսական թեզը՝ Ուկրաինայից Հայաստան

Հատկանշական է, որ 2016թ․ առողջապահության նախարարությունը Fip.am-ին հայտնել էր, որ Ռուսաստանը ևս ներդրում է ունեցել լաբորատորիաներում՝ տրամադրելով 14 տեսակի սարքավորումներ ու լաբորատոր կահույք։

Թեզի հերքում

ՀՀ պետական մարմինները բազմիցս անդրադարձել են ռուսական կողմի մտահոգություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ․ «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում նշել է, որ իր անձնական ցուցումով ռուս մասնագետները հասանելիություն են ստացել այդ լաբորատորիաներ։ Փաշինյանը հավելել է, որ լաբորատորիաներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ, իսկ «ռուս մասնագետներն արդեն եղել են այնտեղ և համոզվել, որ այդ լաբորատորիաներում որևե սարսափելի բան չկա»։

2021թ․ բանակցությունների արդյունքում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների միջև ստորագրվել էր հուշագիր՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ։ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը վերահաստատել էր, որ լաբորատորիաներն ամբողջությամբ ՀՀ վերահսկողության ներքո են գտնում, և անձնակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են։

Հայաստանի և ԱՄՆ միջև իրականացվող՝ Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը հիմնադրվել է վարակիչ և վտանգավոր ախտածիններից ու հիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատելու համար: Այն միտված է ամրապնդելու Հայաստանի հիվանդությունների հետագծման կարողությունները՝ ապահովելով արագ արձագանքումը մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների հետագա բռնկումներին։

Բիոլաբորատորիաների դեմ բողոքի ակցիայի ժամանակ՝ կեղծ և հերքված պնդումներ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում