Գլխավոր Լրահոս

Հայաստանի աղքատության ցուցանիշը չի աճել․ Panorama.am-ի պնդումը սխալ է

Հայաստանի աղքատության ցուցանիշը չի աճել․ Panorama.am-ի պնդումը սխալ է

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Panorama.am-ը հունվարի 25-ին հրապարակած հոդվածում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նույն օրը կառավարության նիստում արած հայտարարությանը՝ 2018-ի ցուցանիշների համեմատ 2023-ին միջին աշխատավարձի և աշխատողների թվի ռեկորդային աճի մասին։

Panorama.am-ը նշել է, որ չնայած միջին աշխատավարձի ու աշխատողների թվի աճին՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը ցույց է տալիս տրամագծորեն հակառակ պատկեր։ 

Հոդվածում պնդում է արվում, թե 2018-ին Հայաստանում աղքատության մակարդակը 23,5% էր, իսկ 2022-ին այն կազմել է 24,8%։ Լրատվամիջոցի պնդումները այնուհետև վերահաստատել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է 2018-ից մինչ օրս Հայաստանում աղքատության մակարդակի վիճակագրական տվյալների դինամիկան ու պարզել, որ 2018-ից աղքատության ցուցանիշը իրականում նվազել է։

Ինչպե՞ս է Հայաստանում չափվում աղքատությունը

Աղքատությունը Հայաստանում գնահատվում է 1996-ից սկսած՝ «ծայրահեղ աղքատ» (պարենային գիծ), «չափավոր աղքատ» (ստորին գիծ) և «աղքատ» (վերին գիծ) ցուցանիշներով։

2019-ից գործածության մեջ մտավ նոր՝ Համաշխարհային բանկի վերանայված մեթոդաբանությունը, որով ավելացել է նաև աղքատության միջին գիծ, որը վերին և ստորին գծերի միջինն է։

Panorama.am-ի ներկայացրած համեմատությունը մոլորեցնող է, քանի որ 2018-ի 23,5%-ը ցուցանիշը հաշվարկված է հին մեթոդաբանությամբ և փաստացի աղքատության վերին գծի ցուցանիշին է։ 

2022-ի 24,8%-ը՝ նոր մեթոդաբանությամբ աղքատության միջին գիծն է։ Այսինքն՝ վերին գիծը միջին գծի հետ համեմատելի չէ, քանի որ դրանք տարբեր մակարդակներ են։ 

2018-ի և 2022-ի տվյալների համեմատություն հասանելի է Վիճակագրական կոմիտեի «Աղքատության պատկերը Հայաստանում 2010-2021 թթ․» զեկույցում, որում ներկայացված են 2017-ից սկսած ցուցանիշները՝  նոր վերանայված մեթոդաբանությամբ։ 

2018-ի աղքատության միջին գծի տվյալները չեն հաշվարկվել, սակայն 2019-ին այն կազմում էր 26,4%: 2022-ին միջին գծի ցուցանիշը 24,8% է, ինչից բխում է, որ 2019-ից մինչև 2022 միջին գծի աղքատությունը նվազել է 1,8%-ով։

Վերին գծի ցուցանիշները նույնպես նվազել են՝ 2018-ի 45,4%-ից իջնելով 41,3%: Իսկ ծայրահեղ աղքատության դիմանիկան դեռ տատանողական է․ 2018-ի 1,0%-ից աճել է մինչև 1,5% 2021-ին, իսկ 2022-ին կրկին նվազել մինչև 1,2%:

Աղքատության նվազմանը զուգահեռ 3,1%-ով աճել է ոչ աղքատ բնակչության թիվը՝ 2018-ի 54,6%-ից հասնելով 58,7%:

Այսպիսով՝ Panorama.am-ի պնդումը, թե 2018-ից աշխատատեղերի ավելացման հետ միաժամանակ աճել են աղքատության ցուցանիշները, իրականությանը չի համապատասխանում։

2023-ի վիճակագրական տվյալները հասանելի կլինեն 2024-ի նոյեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում