Գլխավոր Լրահոս

Մաեստրո Մանսուրյանի թանկ գլխարկը 

Մաեստրո Մանսուրյանի թանկ գլխարկը 

85 տարեկան դարձավ այսօր աշխարհում ապրող երկու ամենատաղանդավոր հայերից մեկը՝ Տիգրան Մանսուրյանը։ Տիգրան Մանսուրյան, Արտավազդ Փելեշյան։ Չեմ մտաբերում այս մեծության երրորդ հայ արվեստագետի, որը դեռ մեզ հետ է, մեր կողքին։ 

Թվում է, թե հանճարեղ մարդուն հեշտ է տրվում արվեստի կատարյալ գործ ստեղծելը, քան պակաս օժտվածին։ Գուցե և կա նման բան։ Ես չգիտեմ Մանսուրյանի ստեղծագործական խոհանոցի, աշխատանքային կազմակերպվածքի մասին, բայց նրա հետ սակավաթիվ հանդիպումների ընթացքում ամենատարբեր առիթներով նկատել եմ ահռելի  աշխատասիրությունը։ 

Առաջինը զարմացրել է գրքերի այն քանակը, որ նրա տան սեղանին էին՝ թե՛ որպես ամենօրյա ընթերցանության նյութ, թե՛ որպես ուսումնասիրության առարկա։ Հետո հիացրել է գրականության խորը ընկալումն ու յուրովի մեկնաբանությունը։ Նույնիսկ գրական շրջանակներում քչերն են լսել բանաստեղծ Էդվարդ Էսթլին Քամինգսի մասին, իսկ Մանսուրյանը 15-20 րոպեի ընթացքում մասնագիտորեն այնքան նուրբ ու շերտ առ շերտ ներկայացրեց 20-րդ դարի ամենաինքնատիպ բանաստեղծներից մեկի «425 բանաստեղծություն» գիրքը, որ օրեր շարունակ գրական արժեքին այդպիսի ելակետից մերձենալու նրա այդ կարողության ազդեցության տակ էի։ Ամեն անգամ, երբ նկարահանում էինք մաեստրոյին Արքմենիկ Նիկողոսյանի «Բարձր գրականություն» շարքում, սպասում էինք նրա անակնկալ ու բարձրաճաշակ դիտարկումներին՝ Թոմաս Էլիոթի պոեզիայի, Շեքսպիրի «Արքա Լիրի» և գրական այլ հանրահայտ գործերի մասին։

Սակայն ուզում եմ պատմել 7-8 տարվա վաղեմության փոքր-ինչ զվարճալի մի պատմություն, որը նույնպես հուշում է Տիգրան Մանսուրյանի համառ աշխատասիրության և նպատակասլացության մասին։ 

«Էրեբունի Պլազա» կենտրոնի վեցերորդ հարկում Հանրային խորհրդի գրասենյակն էր, հինգերորդ հարկում ես էի աշխատում։ Հանդիպեցինք միջանցքում։ Հանրային խորհդի անդամ Տիգրան Մանսուրյանը նիստից հետո տուն էր գնում։ Շատերը գիտեն, որ նա վերելակ չի մտնում։ Ինձ տեսնելով ուրախացավ՝ ինչ լավ է հանդիպեցինք, կօգնես աստիճաններն իջնեմ։ Ով կյանքում ոտքի կոտրվածք է ունեցել, կվկայի, որ աստիճան իջնելն ավելի բարդ է, քան անգամ բարձրանալը։ Երևի հավասարակշռության պահպանման ավելի մեծ ջանք է պահանջվում, ուրեմն նաև ոտքերի մկանային լարվածություն։ Բայց ինչպես կարող էի չօգտվել մաեստրոյին ուղեկցելու, հետը շփվելու պատվից ու պատեհությունից։ Իրար օգնելով, զրուցելով՝ իջանք աստիճանները, շուրջ տասը րոպե էլ դրսում կանգնած  զրուցեցինք, մինչև որ առաջարկեց զրույցը սուրճի հետ շարունակել։ Աշնանային տաք  ու սիրուն գույների եղանակ էր։ Վազգեն Սարգսյան փողոցի բացօթյա սրճարանները գործում էին։ Այն քառասուն-հիսուն րոպեների ընթացքում, որ խոսում էինք հիմնականում գրականությունից, այս անգամ նրա գեղագիտական ընկալումների հետ զարմացրեց մեկ այլ բան։ Գիտեի, որ ժողովուրդը սիրում է Տիգրան Մանսուրյանին, բայց այդ օրը աշխույժ անցուդարձ անող մարդկանց մեջ հատուկենտ էին նրանք, ովքեր չնկատելու տվեցին նրան։ Ավելի համարձակները փորձում էին մի երկու բառ փոխանակել, նկարվել հետը, պակաս համարձակները կամ բարևում էին, կամ պարզապես ժպտում ու կամուկաց անցնում։

Անկեղծ լինեմ՝ թեև ասաց, թե կինոյի համար գրած երաժշտությունն է իրեն ճանաչում բերել, մինչդեռ ավելի արժեքավոր գործերին ժողովուրդը բնականաբար ծանոթ չէ,  բայց այդ օրը նա վայելում էր այդ ճանաչման պտուղ ժողովրդի սերը։ Նրա այդ կարծիքի հետ համաձայն էի, բայց ավելացրեցի, որ ժողովուրդը նաև Տիգրան Մանսուրյանի մարդկային ազնիվ, շիտակ տեսակն է գնահատում։

Հետո էլի տասը րոպե ոտքի վրա զրույց գլխավոր փոստատան կողքին ու հրաժեշտ։ Տասը-տասնհինգ քայլ չարած՝ նորից անունս եմ լսում, շրջվում եմ ու տեսնում, որ 80-ամյակին մոտեցող մաեստրոն տագնապած գրեթե վազում է դեպի ինձ։ 

- Հովիկ, գլխարկս սրճարանում եմ թողել, գնանք վերցնենք։

- Երբ հանդիպեցինք, առանց գլխարկի էիք, -պատասխանում եմ:

- Հաստա՞տ։ Ուրեմն Հանրային խորհրդում եմ թողել։

Մտնում ենք «Էրեբունի պլազա»։ Առաջարկում եմ, որ նստի նախասրահի հարմարավետ բազմոցին, մինչ վերելակով կբարձրանամ վեցերորդ հարկ ու կբերեմ։ Մերժում է։ 

- Դե ոչինչ, իմ մասին մի մտածիր, զրուցելով կբարձրանանք, կիջնենք։

Աստիճանները բարձրանալիս պատմում է․

- Այդ գլխարկն ինձ համար շատ թանկ է։ Կանադայից երեք հատ գնեցի, երկուսը կորցրել եմ, վերջինն է մնացել։

Հանրային խորհրդի գրասենյակի դուռը փակ էր։ Բոլորն արդեն գնացել են։ Նորից իջնում ենք աստիճաններով։ Դրսում հանդիպում ենք Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին։

- Պարոն Մանսուրյան, գլխարկը թողել եք վերևում։

- Այո, մոռացել էի, բարձրացանք, բայց արդեն մարդ չկար, դուռը փակ էր։

- Ո՞նց էր փակ, աղջիկները դեռ էնտեղ են,- իր թավ ձայնով հնչեցնում է նախկին պատգամավորը։

- Օ՜, ճիշտ է, մենք ախր կողքի դուռն էինք փորձում բացել,- մեղավոր-մեղավոր ինձ է  նայում։

Կրկին առաջարկում եմ, որ վերելակով արագ գնամ բերեմ ու կրկին մերժում եմ ստանում։

Նորից ենք բարձրանում վեցերորդ հարկ։ Աղջիկներն էլ արդեն գնացել էին, և նրանց դուռն էլ փակ էր։ Իջնում ենք վեց հարկ։ Ես մաեստրոյին խոստանում եմ, որ հաջորդ օրն առավոտյան աշխատանքի հասնելուն պես կվերցնեմ թանկ գլխարկն ու «անկորուստ» իրեն կփոխանցեմ։ 

Հրաժեշտ ենք տալիս։ Այս անգամ վերելակով բարձրանում եմ հինգերորդ հարկ, բայց մեր աշխատավայրի դուռն էլ արդեն փակ է։ Բոլորը գնացել են։  Իսկ այնտեղ՝ ներսում, իմ ոչ այնքան թանկ բաճկոնն է։

Հաջորդ առավոտ գործի հասնելուն պես նախ գնում եմ Հանրային խորհուրդ, վերցնում Մանսուրյանի գեղեցիկ, էլեգանտ գլխարկը։ Փորձում եմ զանգել ու հայտնել, որ այն արդեն ապահով ձեռքերում է, և օրվա ընթացքում իրեն կհասցնեմ, բայց հենց այդ պահին գալիս է ազգականուհին ու ասում, որ մաեստրոն անհանգիստ էր՝ իրեն ուղարկել է գլխարկի հետևից։

Հենց այդ շրջանում նա գրում էր իր նշանավոր «Ռեքվիեմը»։ Վերջին երկու տարվա ընթացքում, երբ ինքս գրում էի նույն՝ հայոց մեծ ողբերգության  մասին պատմող «Արչի» վեպս, անընդհատ մտքիս նրա այդ ստեղծագործությունն էր։ Ցավոտ տեքստը շատ դժվար էր տրվում՝ նաև շաբաթների հոգեկան ծանր ապրումների գնով։ Ես լսում էի Մանսուրյանի  «Ռեքվիեմը» և, ասես, բուժվում։ Նույնիսկ սգերգում նրա երաժշտությունը նույնքան լուսավոր է, որքան մնացած ստեղծագործություններում։ Փորձում էի ողբերգական պատումների գրական տեքստում մոտենալ այդ լույսին, բայց դրան հասնելու շնորհ ամեն մեկին տրված չէ։

Եթե չասենք, որ եզակիներին է տրված։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում