Գլխավոր Լրահոս

Բևեռի գրասենյակը խուզարկվե՞լ է, թե՞ ոչ․ Քննչական կոմիտեն ու ԱԺԲ-ն հակասում են միմյանց

Բևեռի գրասենյակը խուզարկվե՞լ է, թե՞ ոչ․ Քննչական կոմիտեն ու ԱԺԲ-ն հակասում են միմյանց

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Քննչական կոմիտեն պնդում է, թե «Ազգային ժողովրդավարական բևեռի» գրասենյակում կատարել է խուզարկություն և զենք-զինամթերք հայտնաբերել։ Մինչդեռ, ԱԺԲ-ն հակադարձում է, թե իրենց գրասենյակում խուզարկություն չի իրականացվել։ 

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մարտի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ 

Դեպքից հետո բացահայտվել է, որ ներխուժող անձինք «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունից են։ Ձերբակալումից հետո ՔԿ-ն մարտի 26-ին հաղորդել է, որ մեղադրյալների ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակության վայրերում ու կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքում կատարվել է 23 խուզարկություն։

«Մասնավորապես, նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել է 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԺԲ-ն, սակայն, հերքել է կազմակերպության գրասենյակում խուզարկության իրականացման մասին լուրը՝ չանդրադառնալով իրենց համակիրների բնակության վայրերում խուզարկությանը։ 

#CivilNetCheck-ը կապ է հաստատել ՔԿ-ի ու ԱԺԲ-ի հետ՝ փորձելով պարզել, թե արդյոք իրականացվել է գրասենյակի ու համակիրների բնակության վայրերի խուզարկություն, թե ոչ։

Համակիրների բնակության վայրերը հետախուզվել են, իսկ գրասենյակը՝ անհայտ է

ԱԺԲ-ն #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ կազմակերպության համակիրներից որոշների անձնական բնակության վայրերում ՔԿ-ն խուզարկություն իրականացրել  է։ Նշեցին, որ ԱԺԲ-ն ունի միայն մի գրասենյակ՝ Ալեք Մանուկյան 5/5 հասցեով, որտեղ, նրանց պնդմամբ, որևէ խուզարկություն տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեին, ապա այստեղից հրաժարվեցին բացահայտել խուզարկված «գրասենյակ հանդիսացող տարածքի» հասցեն։ 

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հեռախոսազրույցում նշեց, որ ԱԺԲ-ի հերքումը մեկնաբանելու կարիք չկա։ 

Հատկանշական է, որ ՔԿ մի շարք հաղորդագրություններում խուզարկություն իրականացված տարածքների փողոցները նշվել են։ Սակայն այս դեպքում «գրասենյակ հանդիսացող տարածքի» հասցեն ճշտելու համար Աբրահամյանը առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։

Այսպիսով՝ ԱԺԲ-ն հաստատում է, որ իրենց համակիրների բնակության վայրերում խուզարկություն է իրականացվել, իսկ գրասենյակի մասին կողմերը հակասական դիրքորոշումներ ունեն։ 

Հարցման պատասխանը ստանալուց հետո #CivilNetCheck-ը կրկին կանդրադառնա այս թեմային։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում